Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ՝ ՈՒՍՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԽԹԱՆ



Ազգային բանակում գարնանային ուսումնական փուլի այս ժամանակաշրջանում կտրուկ ավելացել են գործնական պարապմունքները։ Դաշտային ելքերի, ճամբարային հավաքների, զորավարժությունների միջոցով ստուգվում-ճշտվում ու միաժամանակ բարձրացվում են ինչպես առանձին զինծառայողների, այնպես էլ ստորաբաժանումների տեսական իմացության ու դրանք գործնական աշխատանքում կիրառելու հմտությունները։

Ապրիլի 19-ին պաշտպանության նախարարության մարշալ Բաղրամյանի անվան համազորային զորավարժարանի տարբեր ուսումնական կետերում պարապմունքներ էին անցկացնում միանգամից վեց զորամասեր։ Փաստը մեկ անգամ ևս հաստատում է, որ մեր զորքերի մարտունակության կատարելագործման համար այս զորավարժարանում վերջին տարիներին ներդրված միջոցները և իրականացված հիմնավոր աշխատանքներն արդարացված են ու տալիս են իրենց ցանկալի պտուղները։ Միաժամանակ չի կարելի անտեսել զորավարժարանի սպասարկումն իրականացնող ու պարապմունքների ընթացքը համակարգող զորամասի անձնակազմի, մասնավորապես՝ հրամանատար, փոխգնդապետ Լ. Գալստյանի գործի նկատմամբ դրսևորած հոգատար վերաբերմունքն ու աշխատանքում ցուցաբերած ճկունությունը։

♦♦♦

Ապրիլի 8-ից գլխավոր ռազմական տեսչությունը պլանային ստուգումներ է անցկացնում գեներալ-մայոր Կամո Քոչունցի հրամանատարությամբ գործող զորամիավորման զորամասերում։ Նման ստուգումները շատ կարևոր են ինչպես զինված ուժերի հրամանատարության, որովհետև նրանք ստանում են զորքերի մարտունակության իրական պատկերը, այնպես էլ զորամասերի համար, քանի որ վերջիններս նախապատրաստական լուրջ աշխատանքներ են կատարում ստորաբաժանումների մարտունակության բարձրացման և բոլոր օղակներում բացթողումների, թերացումների բացահայտման ու շտկման ուղղությամբ։ Այսինքն՝ ԳՌՏ ստուգումները տեղերում սթափեցնող, զգոնությունը բարձրացնող, ծառայական խնդիրների նկատմամբ պատասխանատվության բարձրացման համար կարևոր խթան են հանդիսանում։

♦♦♦

Եթե գնդապետ Բ. Մաթևոսյանի զորամասում ապրիլի 18-ին մարտական կրակով գործընթացն ավարտվեց, ապա գնդապետ Գ. Խաչատրյանի զորամասում դեռևս շարունակվում է։ Ապրիլի 19-ի դրությամբ ստորաբաժանումները քննություններ էին հանձնել ֆիզիկական ու շարային, մարտավարական (ըստ ծառայությունների) և մարտավարամասնագիտական պատրաստությունից։ Ստուգվել էր հրետանու՝ Դ-30-ի մարտական հրաձգությունը, կապիտան Դ. Մկրտչյանի հրաձգային վաշտն էլ անցկացրել էր մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն։

Այժմ կրակային պատրաստությունից՝ երկրորդ ստուգողական վարժությունից, քննություն էին հանձնում մայոր Հ. Խաչատրյանի գումարտակի զինծառայողները։ Գլխավոր ռազմական տեսչությունից քննությունն ընդունում էին գնդապետ Նաջարովը և փոխգնդապետ Սմբատյանը։ Այստեղ էր նաև զորամասի հրամանատարը։ Ինչպես կարգն է, հրաձգությունը ղեկավարում էր գումարտակի հրամանատարը։ Արդյունքները, այսինքն՝ թիրախների խոցման ճշտությունն ստուգվում էր ինչպես ղեկավարման կետից, այնպես էլ տեղում կատարվող զննման միջոցով։ Անզեն աչքով հետևելով քննության ընթացքին՝ նկատեցինք, որ առաջադրանքը հաջողությամբ կատարեցին սերժանտներ Հայկ Մելքոնյանը, Հենրի Զաքարյանը, շարքայիններ Ավգուստին Եղիազարյանը, Էդվարդ Գալստյանը, Նորիկ Սահակյանը։

-Համոզված եմ՝ մեր զորամասը, որն Արցախյան ազատամարտում փառապանծ մարտական ուղի է անցել, հաջողությամբ կհանձնի այս կարևոր քննությունը և կապացուցի, որ հավատարիմ է ավագ սերնդի ստեղծած լավագույն ավանդներին ու պատրաստ է ցանկացած պահի կատարելու այն բոլոր առաջադրանքները, որոնք կառաջադրվեն զինված ուժերի հրամանատարության կողմից,- ասաց գնդապետ Գ. Խաչատրյանը։

♦♦♦

Չափազանց կարևոր է, որ հրամանատարը լավատես է ու հավատում է իր զինվորների ինչպես մարտական, այնպես էլ բարոյահոգեբանական պատրաստվածությանը, անհատական հնարավորություններին։ Ստուգումների արդյունքներին կանդրադառնանք այն ժամանակ, երբ քննությունները զորամիավորումում ամբողջությամբ ավարտված կլինեն։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #17 (984) 2.05.2013 – 8.05.2013, Ազգային բանակ


03/05/2013