Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՍԽԱԼ ՆՇԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ՝ ԱՆՎՐԵՊ ԽՈՑՈՒՄ…



Զորավարժարանում հրաձգության գործնական պարապմունքներ էին անցկացնում նաև գեներալ-մայոր Հովիկ Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ստորաբաժանումները։ Նրանցից փոխգնդապետ Աղասի Սահակյանի հրետանային դիվիզիոնն անցած տարի երրորդ անգամ նմանատիպ ստորաբաժանումների մեջ ճանաչվեց լավագույնը և արժանացավ փոխանցիկ դրոշը մշտապես կրելու պատվին, ինչը վկայում է դիվիզիոնի մարտունակության շարունակականության մասին։

Պարապմունքն սկսվել էր։ Փոխգնդապետ Ա. Սահակյանը դիվիզիոնի կրակի կառավարման կետում էր, իսկ մարտկոցների գործողությունները տեղում ղեկավարում էր մայոր Սարգիս Դավթյանը։ Ինչպես հայտնի է, հրետանին բազմամարդ օգտագործման զենք է։ Հաջողության համար պետք է ճիշտ աշխատեն հատկապես ղեկավարման դասակի ստորաբաժանումները, հետախույզները, հաշվարկողները…

-Գոհ եմ հաշվարկային մարտկոցներից, որ հրամանատարները՝ ավագ լեյտենանտ Ազատ Ստեփանյանը և կապիտան Զոհրաբ Աբրահամյանը մասնագիտական գործողությունները կատարում են արագ ու անսխալ, հրանոթային՝ Դ-30-ի հաշվարկները ևս առանձնանում են իրենց թե՛ բանիմացությամբ, թե՛ վճռականությամբ։

Նշանակետը խոցելու հերթական առաջադրանքը տրվեց մարտկոցի հաշվարկին, որի կազմում էին հրամանատար, սերժանտ Մովսես Սմբատյանը, նշանառու, շարքային Բենիամին Թորտիկյանը և հաշվարկի համար, շարքային Սարգիս Հարությունյանը։ Տղաները, բարձրաձայնելով ստացվող տվյալները, հրանոթը բերեցին նշված ուղղության, ապա և ընտրեցին արձակվող արկի տեսակը, լիցքավորեցին և ազդարարելով անվտանգության կանոնները՝ զբաղեցրին իրենց տեղերը։ Կրկնելով ստացված «Կրա՛կ» հրամանը՝ նշանառուն ձգեց փողը… Շատ չանցած՝ ստացվեց գնահատականը՝ «գերազանց»։

Անսխալ նշանառությամբ մարտական կրակ իրականացրին կրտսեր սերժանտներ Շահում Համբարձումյանի և Արշակ Մխիթարյանի հրանոթային հաշվարկները։

Հետևելով մարտական կրակին՝ նկատեցինք, որ հաջողության համար կարևոր նշանակություն ունի նաև կապի աշխատանքը։ Եվ երբ հանդիպեցինք կապի պետ, ավագ լեյտենանտ Ա. Լազարյանին, վերջինս առանձնացրեց ավագ սերժանտ Ֆելիքս Կոստանյանին։

-Հրաշալի մասնագետ է, առաջադրանքը գերազանց է կատարում,- ասաց նա։

Հրաձգությունը շարունակվում էր, զգացվում էր՝ լավագույն դիվիզիոնի ստորաբաժանումներն առանձնանում են իրենց բարձր մասնագիտական պատրաստությամբ, քանի որ թիմային լավ աշխատանք են կատարում։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #17 (984) 2.05.2013 – 8.05.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/05/2013