ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԶՈՐԱՄԱՍԻ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Գեղարվեստական ինքնագործունեության խմբի աշխատանքը հետաքրքրում է զինծառայողներին
«Բարի լույս, զորամաս, գեղարվեստական ինքնագործունեության խումբը ողջունում է ձեզ»,- ամեն կիրակի գնդապետ Արտակ Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասում այս խոսքերով է սկսում իր եթերաժամը զորամասի ռադիոն: Զինծառայողներն արդեն գիտեն, որ ամեն շաբաթ ճիշտ նույն օրն ու նույն ժամին բարձրախոսներից իրենց են ողջունելու զորամասի գեղարվեստական ինքնագործունեության խմբի անդամները: Նրանք ժամկետային զինծառայողներ են, որոնք իրենց ծառայակից ընկերների համար ռադիոհաղորդումներ եւ տեսանյութեր են պատրաստում, հրատարակում են ամսաթերթ, կազմակերպում են ֆիլմերի դիտումներ:
«Զորամասի ռադիոն գործում է 2011 թվականից, որի ուշադրության կենտրոնում զորամասի առօրյան է՝ ստորաբաժանումների գործունեությունը` իր դրական եւ բացասական կողմերով, իսկ «Օմարի արծիվներ» ամսաթերթը լույս է տեսնում 2012 թվականից»,- պատմում է անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը, որն էլ ղեկավարում է խմբի գործունեությունը: Նրա խոսքով` զորամասի ամսաթերթն ու ռադիոն հաճելի ու սպասված անհրաժեշտություն են բոլորի համար: Ամսաթերթն ունի մի շարք խորագրեր` «Ազգային հերոսներ», «Բանակ եւ եկեղեցի», «Նամակ սիրելի մայրիկից», «Ստեղծագործում են զինծառայողները», «Հումորի անկյուն», ինչպես նաեւ ամսական ամփոփման հատուկ էջ` «լավագույն» եւ «վատագույն» ճանաչված ստորաբաժանումների եւ զինծառայողների համար:
Զորամասը նկարահանում եւ արխիվացնում է իր ամենօրյա գործունեությունն ու հանդիսավոր միջոցառումները: Ապա կազմակերպվում է տեսանյութերի դիտում, որի ժամանակ էլ վեր են հանվում առկա թերություններն ու գրանցված հաջողությունները: Մարտական հերթապահության նախապատրաստական փուլն ու իրականացման գործընթացը նույնպես տեսանկարահանվում է, մոնտաժվում, ապա ցուցադրվում ամփոփումների ժամանակ:
Գեղարվեստական ինքնագործունեության խումբը ցանկանում է առավել ակտիվացնել զորամասի հարեւանությամբ գտնվող գյուղերի դպրոցների հետ համագործակցությունը, աշակերտների համար ցուցադրել իրենց պատրաստած տեսաֆիլմերը: Նրանք պետք է ծանոթ լինեն սահմանը պահող զինվորների դժվարագույն ծառայությանը: Տեղեկատվական գաղտնիությունը խստագույնս պահպանվում է: Գնդապետ Վ.Հարությունյանը նշում է, որ զորամասը կտրված է քաղաքային միջավայրից, ուստի հրամանատարական կազմը, ներքին լրատվական աշխատանք կազմակերպելով, փորձում է թեթեւացնել զինվորների ծառայությունն ու առօրյան:
Գեղարվեստական ինքնագործունեության խմբի անդամները հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող ժամկետային զինծառայողներ են, որոնք ստացել են լրագրողի եւ կինոռեժիսորի մասնագիտացում: Զորամասում նրանց բոլորն են ճանաչում. սերժանտ Գուրգեն Պետրոսյանին` որպես օպերատոր կամ «նկարիչ», ավագ սերժանտ Էդուարդ Ղազարյանին` որպես ռադիոհաղորդավար, շարքային Գեւորգ Դերձյանին` որպես լրագրող:
«Հիշում եմ, երբ առաջին ռադիոհաղորդումը եթեր արձակեցինք, ամբողջ զորքը հավաքվել էր լսելու, բոլորը ոգեւորված էին` թե՛ սպաները, թե՛ զինվորները»,- պատմում է սերժանտ Գուրգեն Պետրոսյանը, որ պատասխանատու է նյութերի նկարահանման, ձայնագրման եւ մոնտաժի համար:
Տղաները ռադիոհաղորդումներում ներառել են նաեւ կիրակնօրյա հայրենասիրական թեմայով զրույցները:
«Նախկինում սպաներն էին ստորաբաժանումներում կարդում հայրենասիրական թեմաներով զրույցներ, սակայն, տեսնելով, որ ռադիոհաղորդումները հետաքրքրում են զինծառայողներին, որոշեցինք դրանք եւս ներառել մեր ծրագրերում: Բնականաբար, զինծառայողների համար առավել հաճելի է եւ սպասված իրենց ընկերոջ ձայնով, երաժշտական ձեւավորմամբ մատուցված նյութը»,- ասում է ռադիոյի «ձայնը»` ավագ սերժանտ Էդուարդ Ղազարյանը: «Երբ նոր էի եկել զորամաս, իմացա, որ այն իր սեփական թերթը, ռադիո- հեռուստահաղորդումներն է պատրաստում, շատ էի ուրախացել, քանի որ բանակին էլ կարող էի օգտակար լինել իմ մասնագիտական հմտություններով»,- իր ուրախությունը մեզ հետ կիսեց շարքային Գեւորգ Դերձյանը: Նա ամեն շաբաթ որեւէ զինծառայողի է հյուրընկալում իրենց «տաղավարում» եւ հարցազրույց վարում նրա հետ: Տղաները փորձում են ամեն անգամ նոր գաղափարներով հանդես գալ` մշտապես մատուցելով հետաքրքիր ու ուսանելի լրատվական թողարկումներ, ինչպես նաեւ բացահայտել, ներկայացնել սպայակազմի եւ ժամկետային զինծառայողների մասնագիտական առանձնահատկություններն ու կարողությունները:
Գեղարվեստական ինքնագործունեության խմբի աշխատանքները զորամասի հրամանատարի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Գնդապետ Արտակ Մախսուդյանը նշում է, որ խմբի գործունեությունը շարունակական է լինելու. «Բոլոր աշխատանքները ժամկետային զինծառայողներն են իրականացնում, եւ նրանցից ոմանք շուտով կզորացրվեն, բայց զորամասում միշտ էլ կգտնվեն շնորհալի զինվորներ, որոնք կփոխարինեն իրենց ավագ ընկերներին»,-ասում է զորամասի հրամանատարը:
ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ
շարքային