ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ զինված ուժերի բարեփոխումների, զարգացման ծրագրերի շրջանակներում 2008թ. հաստատվեց և գործողության մեջ դրվեց ՀՀ զինված ուժերում պայմանագրային (արհեստավարժ) սերժանտական զինվորական ծառայության կանոնակարգը: Այն սահմանում է տվյալ ծառայության կազմակերպման և անցկացման կարգը: Դրա համաձայն՝ այս հինգ տարիների ընթացքում հարյուրավոր պայմանագրային սերժանտներ են պատրաստվել և նշանակվել զորքերում, զգալի աշխատանք է կատարվել նրանց դերն ու նշանակությունը բարձրացնելու համար: Սակայն, ինչպես և ցանկացած նոր նախաձեռնություն, այս համակարգը դեռ զարգացման երկար ճանապարհ ունի անցնելու: Ինչպիսի՞ն է իրավիճակը ոլորտում այսօր, ի՞նչ ձեռքբերումներ և լուծման կարոտ խնդիրներ կան: Ներկայացնում են ոլորտի պատասխանատուները:
Գնդապետ Գ.ՀԱԿՈԲՅԱՆ – Մարտական պատրաստության վարչության սերժանտների և կրտսեր մասնագետների պատրաստության բաժնի պետ
ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Զինված ուժերում գործում են մի շարք ուսումնական զորամասեր, որոնք տարբեր որակավորման մասնագետներ են պատրաստում, այդ թվում` կրտսեր հրամանատարներ` ջոկերի, հաշվարկների, ՀՄՄ-ների, տանկերի` ժամկետային զինծառայողների կազմից: Այդ կարգը կիրառվել է բանակի ստեղծման օրվանից: Պատրաստում են հրամանատար, որի ծառայությունը շուրջ մեկ տարի է` մինչև վեց ամիս ուսումնական զորամասում, մոտավորապես այդքան էլ կոնկրետ զորամասում՝ մինչև կայանալը: Այսինքն` պետությունը մինչև վերջերս ծախսում էր միջոցներ, որոնք ամբողջությամբ չէին փոխհատուցվում: Իրավիճակը շտկելու նախադրյալներից մեկն էլ պայմանագրային սերժանտների համակարգի ներդրումն էր, ինչը մասնակիորեն թույլ կտար լուծելու նաև զորակոչային ռեսուրսի հետ կապված խնդիրները: 2008թ. պաշտպանության նախարարի հրամանով զինված ուժերում ներդրվեցին պայմանագրային սերժանտների պատրաստության դասընթացները: Առաջին անգամ Արմավիրի ուսումնական կենտրոնի բազայի վրա հիմնված ծրագրում ընդգրկվելու համար կարող էին դիմել մինչև 30 տարեկան պարտադիր ժամկետային ծառայություն անցած անձինք: Բոլորին ներկայացվում էին նույն պահանջները` ֆիզիկապես առողջ, բարոյահոգեբանական բարձր վիճակ, առնվազն միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական կրթություն: Ամեն ինչ հիմնված էր կամավոր սկզբունքների վրա: Դասընթացներին մասնակցելու համար կնքվում է պայմանագիր, որով սահմանվում են սովորողի իրավունքներն ու պարտականությունները: Քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո նրանց հետ կնքվում է արդեն ծառայության անցնելու վերաբերյալ մեկ այլ պայմանագիր՝ երեք տարի ժամկետով: Այս դեպքում մենք չորս ամիս զբաղվում ենք ուսուցմամբ և առնվազն երեք տարի երաշխավորված մասնագետներ ենք ունենում: Սերժանտական կազմը ենթասպայական կազմի բաղկացուցիչ մասն է: Պայմանագրային սերժանտը ծառայության ընթացքում օգտվում է նույն արտոնություններից, ինչ ենթասպայական կազմը, և նրանց վրա տարածվում են ենթասպաների համար նախատեսված բոլոր նորմատիվային ակտերը: Առայժմ միայն հրաձգային ջոկի հրամանատարներ ենք պատրաստում և հրաձգային դասակի հրամանատարի տեղակալներ: 2008թ. առայսօր մեծ թվով հրամանատարներ ենք պատրաստել: Նրանք նշանակվում են միայն ժամկետային զինվորներով համալրված դասակներում և ջոկերում, այն էլ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում: Ուսման շրջանի համար ստանում են պայմանագրով նախատեսված 90-92 հազար դրամական բավարարում: Հետագա գումարի չափը կախված է զբաղեցրած պաշտոնից: Ջոկի հրամանատարի դրամական բավարարումն սկսվում է 150 հազարից` կախված զորամասից, ծառայության պայմաններից: Դասակի հրամանատարի տեղակալ սերժանտի աշխատավարձը տատանվում է 170-220 հազար դրամի սահմաններում:
ՈՉ ԲՈԼՈՐՆ ԵՆ ԱՎԱՐՏՈՒՄ
Սկզբում ընտրության լայն հնարավորություն կար, դիմորդները շատ էին, որոնք աստիճանաբար պակասեցին, և տվյալ պահին չկա թեկնածուների այդքան մեծ հոսք: Այդ իսկ պատճառով ընտրության հարցում չափորոշիչները փոքր-ինչ մեղմացրել ենք, բայց ուսման ընթացքում նրանց ներկայացվող պահանջները մնացել են նույնը: Ոչ բոլորն են ավարտում այս դպրոցը: Լինում են մարդիկ, որոնք հասկանում են` սա իրենց տեղը չէ, կամ հրամանատարությունն է կարծիք հայտնում, որ տվյալ անձը իր առաջադիմությամբ, կարողություններով չի համապատասխանում ջոկի, դասակի սերժանտին ներկայացվող պահանջներին: Թեկնածուին «ստուգելու» հնարավորությունները մեծ են: Հենց սկզբից նրանց ուսուցումը կարծես ստաժավորում լինի, ավելին, ուսումնառության չորս ամիսների ընթացքում սովորողներից յուրաքանչյուրը առնվազն տասնհինգօրյա ժամկետով, կախված անձնակազմի թվից, հանդես է գալիս ջոկի հրամանատարի դերում: Եվ այդ ընթացքում պարզ երևում է՝ ով կարող է հետագայում դառնալ ջոկի հրամանատար, ով՝ ոչ: Պայմանագիր չկնքելու դեպքում պահեստազորից դիմած անձը պարտավոր է փոխհատուցել պետության կատարած ծախսերը։ Ժամկետային զինվորի դեպքում այդ մի քանի ամիսը ծառայություն չի համարվում, և նա պարտավոր է նույնչափ ավելի ծառայել, իսկ արդեն պայմանագրային ծառայություն իրականացնողները պարզապես վերադառնում են իրենց ոլորտ` բնականաբար տեսանելի ապագայում զրկվելով կրկնակի դիմելու հնարավորությունից:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱ
Համակարգի ավելի արագ զարգացմանը խոչընդոտող մի քանի պատճառներ կան: Հիմնականը համապատասխան տեղեկատվության պակասն է: Օրինակ` արտասահմանյան պետություններում թեկնածուներին հավաքագրելու նպատակով մարդկանց իրազեկելուն, այսպես ասած՝ գովազդին, մեծ ուշադրություն են դարձնում: Դա շատ թանկարժեք գործընթաց է: Լավ մասնագետ ունենալու համար առաջին հերթին պետք է մեծ թվով թեկնածուներից առավել պատրաստվածներին ընտրելու հնարավորություն ունենալ, որպեսզի հետագայում ավելի մեծ արդյունք ունենանք: Առաջինը, որ կուզենայի նշել, մեզ մոտ գործը հաջող կազմակերպելու համար և՛ պատշաճ տեղեկատվություն է անհրաժեշտ, և՛ գովազդ: Բացի «Զինուժ» հեռուստածրագրից, ոչ մի այլ հեռուստատեսային լրատվամիջոցով ոչ մի բառ չի ասվում մեր սերժանտական համակարգի մասին: Եղածն էլ թեման մանրամասն չի լուսաբանում: Հաճախ նյութն իր նպատակին չի ծառայում: Բերեմ մեկ օրինակ. 2012թ. դեկտեմբերին մենք խնդրեցինք ծրագրով լրացուցիչ թողարկում նախատեսել, հայտնել, որ ընթանում է արհեստավարժ սերժանտների հավաքագրման գործընթացը: Նշվեցին իմ հեռախոսահամարները, և մի քանի օրվա ընթացքում տասնյակ զանգեր ստացա: Շատերը սրտանց ցանկանում էին ծառայել, սակայն ժամկետը շատ կարճ էր, ընտրությունը գործնականում ավարտվել էր: Նախնական պլանավորման ընթացքում շատ ժամանակ կորցրինք: Ամանորյա տոներից հետո շատերը եկան, բայց արդեն ուշ էր, ժամկետները սպառվել էին:
Մենք կորցրինք պոտենցիալ թեկնածուների, որոնք, հնարավոր է, մյուս ընտրության փուլին այլևս ցանկություն չունենային մասնակցելու: Նախևառաջ՝ մեծածավալ գովազդ է հարկավոր տարբեր լրատվամիջոցներով:
Երբ մի որևէ նոր ապրանք է ներկրվում հանրապետություն, բոլոր հեռուստաալիքներով ժամը մեկ դրա գովազդն ենք տեսնում, մարդիկ, եթե նույնիսկ ուշադիր էլ չեն, մեկ է՝ ենթագիտակցորեն որսում են, որ նման բան կա, և օրերից մի օր էլ կարող է և օգտվեն դրանից: Նույնը հարկավոր է անել նաև պայմանագրային սերժանտների համակարգը կյանքի կոչելու համար, որքան էլ այն ծախսատար լինի:
ԽԱՆԳԱՐՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ
Համակարգի կայացմանը խանգարող հիմնական պատճառը ֆինանսական է: Ես արդեն նշեցի, որ նորանշանակ ջոկի հրամանատարի դրամական բավարարումն սկսվում է 150000-ից: Տարիներ առաջ, երբ առաջին, երկրորդ դասընթացներն էինք կազմակերպում, գումարը շատ ավելի քիչ էր, բայց մարդիկ գալիս էին, քանի որ բավական բարձր աշխատավարձ էին ստանալու: Այժմ էլ շատերն այդպես են կարծում, բայց կա նաև դժգոհողների մի ստվար զանգված:
Մինչ այժմ լուծված չէ կենտրոնացված ղեկավարման և վերահսկողության հարցը, տվյալ համակարգով ներկայումս զբաղվում են մի քանի վարչություններ: Մեր վարչությունը կազմակերպում է ուսումնական գործընթացը: Մեկ ուրիշ վարչություն կամ ընդհանուր հանձնաժողով ընտրություն է կատարում, պաշտոնների նշանակման հրամանը տալիս է մեկ ուրիշ վարչություն, հաշվառումը՝ բոլորովին այլ վարչություն: Հաշվառման, գործողությունների ներդաշնակման վրա ավելորդ ժամանակ և գումարներ են ծախսվում, այն դեպքում, երբ կարելի է ստեղծել մի կառույց, որը սկզբից մինչև վերջ այդ ամենը կկատարի:
Մեկ այլ խնդիր ևս: Սերժանտների մի մասը դուրս է գալիս համակարգից պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, նորը չի ուզում վերակնքել, ինչը կապված է թե՛ սոցիալական վիճակի բարելավման, թե՛ հետագա առաջխաղացման ձգձգումների հետ: Այժմ մշակվում է համապատասխան ընթացակարգ, որպեսզի հնարավոր լինի շտկել վիճակը, ապահովել ծառայողների կենսապայմաններն ու առաջխաղացումը: Տեսեք, մարդիկ կան, որ պայմանագիր են կնքել 2008թ. համակարգի ներդրման հենց սկզբին: Նրանք արդեն հինգ տարի ծառայում են ջոկի սերժանտի կարգավիճակում: Եթե ավելի բարձր սերժանտական հաստիքի տեղափոխվելու հեռանկար ունենան, բնականաբար, չեն հեռանա և նոր պայմանագիր կկնքեն ավելի բարձր աշխատավարձով և հնարավորություններով: Նույնիսկ ամենանվիրյալ անձինք չեն կարող լճանալ և իրենց աշխատանքում առաջ գնալու անհրաժեշտություն են զգում: Այլ գործոն էլ կա: Քառասունն անց սերժանտն արդեն ֆիզիկապես չի կարող 18-20 տարեկան երիտասարդների հետ հավասար ամեն օր վազել, ֆիզիկական ծանրաբեռնվածություն կրել: Այդ տարիքում ավելի բարձր պաշտոն է պետք՝ ավելի քիչ ծանրաբեռնվածությամբ: Մի պաշտոնից մյուսին անցնելիս աճում է նաև կենսամակարդակը: Ի վերջո, նա իրեն գնահատված է զգում և ավելի մեծ ոգևորությամբ է աշխատում:
ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե պայմանագրային սերժանտների համակարգում միայն չլուծված խնդիրներ են, սակայն այդպես չէ: Համակարգն իր բացահայտ առավելություններն ունի, որոնք աստիճանաբար են կյանքի կոչվում, հարմարեցվում զինծառայողների պահանջներին: Ամեն ինչ կախված է տվյալ զորամասում տիրող մթնոլորտից: Եթե սերժանտին վստահեն, որոշակի արտոնություններ տան, և նա զգա, որ ինքն է հրամանատարը, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի: Համեմատության համար նշեմ, երբ ՆԱՏՕ-ի պայմանագրային սերժանտներ են գալիս մեզ մոտ ճանաչողական այցով, մենք ակնհայտ տեսնում ենք, որ նրանց դերն ու կշիռը չափազանց մեծ է: Լայն իրավունքներ ունեն, շարքային զինվորը կարող է այնտեղ մեկ-երկու տարի ծառայել և սերժանտից բացի այլ վերադասի չտեսնել, քանի որ վերջինս է ղեկավարում մարտական ուսուցման ողջ գործընթացը: Վստահ կարող եմ ասել, որ մի քանի տարի անց մեր զինված ուժերում էլ կհասնենք դրան: Համոզվածությունս հիմնվում է այն փաստի վրա, որ արհեստավարժ սերժանտները որոշակի առավելություն ունեն սպաների մի խմբի նկատմամբ: Երբ ռազմական ինստիտուտն ավարտած երիտասարդ լեյտենանտը նշանակվում է դասակի հրամանատար, նա տիրապետում է առավելապես տեսական գիտելիքների և գործնականում որպես սպա կայանում է արդեն զորամասում: Իսկ դասակում արդեն կա դասակի հրամանատարի տեղակալ սերժանտը, որը երկու տարի պարտադիր ժամկետային ծառայություն է անցել, ապա մասնակցել է դասընթացներին և նշանակվել ջոկի հրամանատար: Այսինքն` հանգամանքների ամենալավ դասավորության դեպքում դասակի հրամանատարի տեղակալ սերժանտ նշանակվելիս նա արդեն ունի առնվազն հինգ տարվա ծառայության փորձ: 22-23 տարեկան լեյտենանտի կողքին կանգնում է փորձառու սերժանտը, որը բոլոր օղակներում կարողանում է արդյունավետ կազմակերպել առօրյա ծառայությունը, վերահսկել ուսումնական գործընթացը և կազմակերպել մարտական հերթապահության միջոցառումները: Այս դեպքում արդեն լեյտենանտը հրաման կտա ոչ թե գրեթե իր տարեկից զինվորներին, այլ անձնակազմը կղեկավարի փորձառու սերժանտի միջոցով` զերծ մնալով շատ դեպքերում անխուսափելի հոգեբանական լարվածությունից և կոնֆլիկտներից:
Սերժանտական համակարգի բարելավման համար պատասխանատու անձինք, այդ թվում ես, պարբերաբար այցելել են համապատասխան փորձ ունեցող երկրներ, ուսումնասիրել և վերցրել են այն ամենը, ինչը համարել են հաջողված և կիրառելի մեր զինված ուժերի համար: Արհեստական կրկնօրինակում չի լինելու: Զարգացած պետություններում համակարգը կայացել է տասնյակ տարիների ընթացքում: Մեզ մոտ սկիզբը խոստումնալից է. վստահաբար կարող եմ ասել, որ մի քանի տարի անց ուսումնական գործընթացի տեխնիկական հագեցվածության, հավաքագրման և ընդհանուր ծառայության որակի տեսանկյունից չենք զիջի որևէ այլ պետության:
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ