Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՐԿՆՔԻ ՏԻՐԱԿԱԼԻ» ՀԻՇԱՏԱԿԻՆ



Օրերս ՀՀ ՊՆ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում կուրսանտների և ուսանողների մասնակցությամբ անցկացվեց գիտական կոնֆերանս` նվիրված փառապանծ օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։

Անօրինակ սխրանքներով ու քաջագործություններով պատերազմի առաջին իսկ օրերից մեծ ճանաչում ձեռք բերած հայորդու` Բալթյան ավիագնդի հրամանատար Ն. Ստեփանյանի կյանքի ու մարտական ուղու մասին գիտական զեկույցներով հանդես եկան Վ. Սարգսյանի և Ա. Խանփերյանցի անվան ռազմական և ավիացիոն ինստիտուտների կուրսանտները, Ստեփանակերտի և Երևանի պետական համալսարանների ուսանողները։

«Երևելի մարդ, քաջերի քաջ, որի տարերքը օդային մարտերն էին` հատկապես ծովային։ Մեծ հայրենասերի մասին դեռ շատ գրքեր կգրվեն»,- մի առիթով ասել է ականավոր ռազմական գործիչ ծովակալ Հովհաննես Իսակովը։

«Կովկասի արծիվ», «Բալթիկայի մրրկահավ», «Երկնքի համար ծնված», «Անհուն կապույտի տիրակալ», «Օդային գրոհների վարպետ»` ահա թե ինչպես են մեր հայրենակցին կոչել նրա մարտական ընկերներն ու ժամանակակիցները։

Փառապանծ օդաչուն կատարել է ավելի քան 147 մարտական թռիչք՝ Կովկասի, Ղրիմի, Մերձբալթիկայի, Լենինգրադի համար մղված օդային մարտերում` թշնամուն պատճառելով տեխնիկայի և մարդուժի զգալի կորուստներ։ Նրա ցուցաբերած օդաչուական բարձրակարգ մարտավարությունն ու անօրինակ սխրանքները հաստատապես մտել են օդային պատերազմների պատմության մեջ` իրավամբ համարվելով ծովային մարտի դասական օրինակ։

Գիտական կոնֆերանսի ավարտին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը պաշտպանության նախարարության պատվոգրերով պարգևատրեց կոնֆերանսին իրենց զեկուցումներով առավել աչքի ընկած ուսանողներին և մեկ աշակերտուհու։

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս` Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #17 (984) 2.05.2013 – 8.05.2013, Ազգային բանակ


03/05/2013