Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻՑ ՍԱՐՍԱՓՈՒՄ Է ԹՇՆԱՄԻՆ



Կապիտան Բենիկ Անիկյան: Ծառայում է Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում՝ որպես պայմանագրային գումարտակի վաշտի հրամանատար: Նրա անունը շատերին է ծանոթ զինված ուժերում, շատերն են լսել և հիացել դեռ պատերազմական տարիներից նրա մասին պատմություններով: Ասում են՝ ադրբեջանցիները մինչ օրս էլ վախենում են նրանից…

…1990-ականներին հակառակորդը գրավում է մեր հենակետերից մեկը` սպառնալիք ստեղծելով մեկ այլ հենակետի անձնակազմի համար: Որպես տեղանքին լավատեղյակ անձ` Բենիկը իր եղբոր հետ ծրագիր է մշակում և թշնամուց հետ է վերցնում հենակետը: Դիրքը գրավում են երկուսով: Նմանատիպ «Արիության դասեր» Բենիկ Անիկյանը հակառակորդին շատ է տվել: Այնպես որ՝ հիմա էլ, երբ նա սահմանի հենց բերանին իր հողակտորն է մշակում, դիմացից որևէ մեկը չի հանդգնում կրակոց արձակել: Ասում են՝ նույնիսկ այդ պահին իրար մեջ քչփչում են` Բենոն է եկել, զգույշ եղեք…

Ո՞վ գիտե, երևի երբևէ մտքով չի էլ անցկացրել զինվորական ծառայության անցնել (ավիացիոն կարգավարի կրթություն է ստացել), բայց առաջին իսկ կռիվներից հետո ամեն ինչ ինքնըստինքյան հստակվեց, եւ արդեն պարզ էր իր հետագա ճակատագիրը:

-Կռիվների ժամանակ մեր գյուղը, մեր շրջանը, մեր հանրապետությունն էինք պաշտպանում: Հետո էլ արդեն շատերի նման չէինք ուզում թողնել-հեռանալ գյուղից` որոշակի դժվարությունների պատճառով: Սահմանամերձ շրջանի մեր բնակավայրերը պետք է մարդաշատ լինեն, որ զարգանան, որպեսզի հակառակորդը տեսնի ու հասկանա՝ իրենից ոչ ոք չի վախենում, բոլորը շարունակում են ապրել իրենց առօրյա կյանքով: Միայն իմ ամենամոտ հարազատներից յոթ հոգով անցանք ծառայության: Բոլորս էլ ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում մեր գործին, քանի որ գիտենք՝ թիկունքում մեր բնակավայրերն են, մեր տները, սա մեր հողն է, և մենք ոչ մեկին չենք զիջի այն:

♦♦♦

Կապիտան Անիկյանը սկզբից եւեթ գերազանց զինվոր էր, հիմա էլ ծառայում է գերազանց: Մեր՝ զորամաս մուտք գործելու առաջին իսկ օրից բոլոր հրամանատարները հենց նրա ծառայությունն էին մատնանշում որպես ընդօրինակման արժանի, միևնույն ժամանակ նշելով, որ շատ դժվար է նրա պես ծառայելը, քանի որ Բենիկը բոլոր առումներով հոյակապ է դրսևորում իրեն, օրինակ` տարիքով իրենից երիտասարդ շատ շատերից ֆիզիկապես ամուր է այն աստիճան, որ քչերը կարող են մրցել հետը: Եվ հրամանատարությունը շատ բարձր է գնահատել, գնահատում նրա նվիրվածությունը զինվորական գործին, հայրենիքի պաշտպանությանը: Կապիտան Անիկյանը պարգևատրվել է «Արիության համար», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայության» I, II, III աստիճանի մեդալներով: Հաստատ կարող ենք ասել, որ պարգևների թիվը կավելանար, բայց…

Պայմանագրային վաշտի հրամանատար կապիտան Անիկյանը շուտով զորացրվելու է, լրանում է նրա պայմանագրի ժամկետը: Նոր պայմանագիր հնարավոր չէ կնքել «առաջացած տարիքի» պատճառով: Մի բան պարզ է ու հստակ. նրա զորացրվելը զորամասի, ինչու չէ՝ զինված ուժերի համար անփոխարինելի կորուստ կլինի, որքան էլ ասում են՝ անփոխարինելի մարդիկ չկան…: Ցավալին այն է, որ Բենիկը սրտանց ցանկանում է շարունակել ծառայությունը, իրեն չի պատկերացնում առանց զորամասի, հարազատ դիրքերի, բայց օրենքը թույլ չի տալիս, ու վերջ: Հետագա ծրագրերի մասին թեեւ առանձնապես էլ ոգեւորված չի խոսում, բայց վստահ է՝ զբաղմունք կգտնի, չի հեռանա գյուղից (ինչպես ինքն է ասում՝ ես կորչող մարդ չեմ): Պարզապես անսովոր կլինի ամբողջությամբ կտրվել ծառայությունից այն պարզ պատճառով, որ նույն գումարտակում է ծառայում նաև որդին` Անդրանիկը:

Որդին հոր օրինակով է անցել ծառայության, դարձել պայմանագրային և հետայսու էլ նրա պես փորձառու զինվորականի խորհուրդների կարիքը շատ է զգալու: Թեև դժվար է լինելու, բայց փորձելու է ծառայել հոր պես, այնպես, որ բոլորն ասեն` Բենիկի արժանի զավակն է:

Անդրանիկին հանդիպեցինք զորամասի հրաձգարանում, որտեղ պայմանագրային ստորաբաժանումը մարտական հրաձգություն էր կատարում: Մեր լուսանկարչի ֆոտոխցիկը արձանագրեց այն պահը, երբ Անդրանիկը ուսումնական կետում էր, իսկ նրանից քիչ հեռու հրաձգության հրահանգ էր արձակում ուսումնական կետի ղեկավար, կապիտան Անիկյանը: Սովորական մի դրվագ զինվորական կյանքից, բայց այնքան հուզիչ, այնքան խորհրդանշական… Արդեն պարզ էր, որ հայրը արժանի սերնդափոխություն է նախապատրաստել. արժանավոր հորը կփոխարինի արժանի որդին: Եվ այդպես է ամենուր` Տավուշում, Սյունիքում, Արցախում և այլուր:

Ակնարկս ուզում եմ ավարտել հետեւյալ բնորոշմամբ: Բենիկ Անիկյանի խոսքից, կեցվածքից առհասարակ անսահման վճռականություն, ուժ, կամք և … բարություն է հորդում: Եվ անհնար է փոխանցել այդ անսահման բարության քեզ վրա թափվող չափաբաժինը, որ ստանում ես տարիներ շարունակ մարտական դիրքում գտնվող, բազմիցս մեծաքանակ թշնամու դեմ կռիվ տված այս հայորդուց: Բարություն, որից սարսափում է թշնամին…

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #17 (984) 2.05.2013 – 8.05.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/05/2013