Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՐՔ ՀԵՐՈՍԻ ԵՎ ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



«Ճշմարիտ հերոսները նրանք են միայն, որոնք մեծագործում են եւ առաքինանում իրենց վտանգված հայրենիքը պաշտպանելու ժամանակ»,- ասում է մեծն Նժդեհը:

Անցյալ դարավերջին ծավալված Արցախյան պատերազմը եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայ ժողովուրդը ճշմարիտ հերոսների պակաս չունի: Անձնվիրաբար կռվող տղաներից ամեն մեկը քայլող մի լեգենդ էր, ասք ու առասպել: Ու թեեւ տարիներ են անցել, սակայն, միեւնույն է, ժամանակի մեջ մոռացություն չկա: Արցախյան գոյամարտին մասնակցած քաջերի մասին գրքեր գրվել են, գրվում են եւ դեռ կգրվեն:

Արցախյան պատերազմի մասնակից, Շուշիի ազատագրման գործողության առաջին ուղղության հաղթական հրամանատար, մեր բանակի ստեղծման եւ կայացման գործում մեծ ներդրում ունեցած կադրային սպա, փոխգնդապետ Վալերի Չիթչյանի կյանքին ու գործունեությանն է նվիրված Սեդա Հարությունյանի կազմած «Վալերի Չիթչյան. Հաղթական հրամանատարը» գիրքը: Խոհերի եւ հուշերի այս գիրք-ժողովածուն բաղկացած է երկու մասից: Առաջին` «Դաստիարակության գագաթ» մասում տեղ են գտել Վալերի Չիթչյանի մասին մարտական ընկերների, բարձրաստիճան զինվորականների, զինակիցների, զոհված զինծառայողների ծնողների, ծանոթների եւ հարազատների, կնոջ հիշողությունները, որոնք ընթերցելիս աչքիդ առաջ պատկերվում է տաղանդաշատ զորապետը, զինվորականի կատարելատիպ, զինվորի հոգսուցավով ապրող հրամանատարը, անձնազոհ եւ նվիրյալ ընկերը, ընտանիքի նվիրված ամուսինը եւ այդ ամենի հանրագումարը` ՀԱՅԸ: Այս ամենի կողքին այնքան տեղին ու համահունչ են Գ.Նժդեհից մեջբերված մտքերն ու խորհրդածությունները, որոնք է՛լ ավելի են ամբողջացնում Վալերի Չիթչյանի հերոսական կերպարը: Գիրքը կազմող Սեդա Հարությունյանը գտնում է, որ «Երկու անհատականությունների օրինակն օգնում է հասկանալու` որտեղից է բխում հայի` Հայրենիքի եւ իր ժողովրդի նկատմամբ Սիրո մաքրամաքուր ակունքը, պատրաստակամությունը` կյանքը զոհելու իր ժողովրդի լուսավոր ապագայի և խաղաղության համար»:

Գրքի երկրորդ մասում` «Պատմական ընթացքը շարունակվում է», տեղ են գտել նաեւ քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հայկական բանակի վերածննդի մասին գիտական աշխատությունից մեջբերում, («Հոգեւոր մարտի մասին»), հատված Պողոս Առաքյալի նամակից եփեսացիներին» (6:10 -18), Նժդեհի աճյունը հայրենիք վերադարձրած Պավել Անանյանի «Ցեղակրոն Գարեգին Նժդեհ» հոդվածը եւ պատմական հետաքրքիր դեպքերի ու դրվագների նկարագրություն: Ժողովածուն հայերեն եւ ռուսերեն լեզուներով է: Առաջին անգամ ռուսերեն ներկայացվել են որոշ հատվածներ Նժդեհի գրավոր ժառանգությունից: Գրքի վերջում ներկայացված է նաեւ հավելված` անգլերեն եւ ֆրանսերեն. Արցախի ազատագրական պատերազմը, Շուշիի ազատագրումը եւ Լաչինի միջանցքի բացումը (8-18 մայիս 1992թ)` քարտեզներով: Գիրքը կարդացվում է մեծ հետաքրքրությամբ, նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #18 (985) 9.05.2013 – 15.05.2013, Հոգևոր-մշակութային


13/05/2013