Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԿՊԱՏՄԵՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ



Սլովակիայի լավագույն կինոռեժիսորներից մեկի՝ Ինգ Լիբոր Սփիմրի հետ շփվելու բարեբախտություն էի ունեցել Հայաստան նրա այցելությունից շաբաթներ առաջ։ Մեր ծանոթությունը չի կարելի պատահական համարել. նրան հետաքրքրել էին իմ անձնական բլոգում տեղադրված՝ Արցախյան պատերազմի, ազատամարտիկների, հայկական բանակի մասին պատմող հոդվածներն ու հայ մտավորականների հետ զրույցները, ինձ՝ նրա ֆեյսբուքյան էջը, որտեղ Հայաստանի ու Արցախի մասին հրապարակումներ էին, հայկական եկեղեցիների նկարներ՝ փոքրիկ ծանոթագրություններով, նրա ելույթները Սլովակիայի հեռուստատեսությամբ՝ ի պաշտպանություն Արցախի անկախության, ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հոդվածները և այլն։ Օրեր առաջ Լիբորը ինձ տեղեկացրեց, որ ապրիլի 22-ին ժամանելու է Հայաստան։

-Բարի գալուստ Հայաստան, սիրելի՛ Լիբոր։ Ուրախ եմ Ձեզ ողջունելու իմ երկրում։

-Ես առաջին անգամ եմ Երևանում։ Գեղեցիկ քաղաք է Երևանը, ու հրաշալի գարուն է այստեղ։ Գիտեք, ի՞նչն է ամենագեղեցիկը՝ այն ոգեղենությունը, որ տեսա այստեղ՝ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Ցավոք, իմ երկրում այս հոգևոր վերելքը չկա, կյանքը, ներքին մղումները նյութականացված են։ Հայաստանը հին մշակույթի երկիր է։ Ես հիացած եմ հայկական հնամենի եկեղեցիներով։ Իր անցյալի հետ այս հոգևոր կապը անասելի ուժեղ է դարձնում երկիրն ու ժողովրդին։

-Լիբոր, ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց Ձեր և Արցախի «մտերմությունը»։

-Արցախյան պատերազմի մասին, ինչպես բոլորը, լսել էի տարբեր հեռուստահաղորդումներից, մամուլից… Երբեմն կարծիքներն ու տեղեկությունները հակասական էին։ Սակայն հիմնականում տարածված էին ադրբեջանամետ ելույթները, ադրբեջանցիները շատ արդյունավետ քարոզչություն են իրականացնում և ոչ միայն Սլովակիայում։ Ի վերջո, ես որոշեցի ինքս պարզել ճշմարտությունը և սկսեցի ուսումնասիրել… Այս տարվա հունվարին եկա Արցախ։ Եկա, որ իմ աչքերով տեսնեմ, իմանամ, հասկանամ, զգամ…

-Եվ ինչ տեսա՞ք… ի՞նչ հասկացաք… զգացիք։

-Ես տեսա մի հրաշալի երկիր՝ իր դրախտային բնությամբ, իր ուժեղ, բարեսիրտ ու հայրենասեր մարդկանցով։ Ես Արցախում մնացի երեք շաբաթ, շրջեցի, տեսա, զրուցեցի… Հետո վերադարձա իմ երկիրը և հեռուստատեսությամբ, մամուլով պատմեցի ճշմարտությունը Արցախի մասին։ Իմ ժողովուրդն իրավունք ունի իմանալու ճշմարտությունը։

-Եվ ո՞րն է այդ ճշմարտությունը։

-Ճշմարտությունն այն է, որ մի հրաշալի, քաղաքակիրթ, ազատասեր ժողովուրդ ցանկացել է իր պատմական հայրենիքում ապրել ազատ ու ինքնիշխան։ Նա պայքարել է իր ազատության համար, հաղթել է և այսօր ունի սեփական պետությունը։ Աշխարհը վաղ թե ուշ պիտի հաշվի նստի այս իրողության հետ և ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ինձ համար անհասկանալի է «Արցախյան հիմնախնդիր» արտահայտությունը։ Հիմնախնդիր, ըստ էության, չկա։ Հիմնախնդիրը վաղուց լուծվել է, պարզապես պիտի ընդունել դա։ Ադրբեջանական նավթը չպետք է ավելի ուժեղ լինի, քան ճշմարտությունը։ Այն մշակութային գենոցիդը Նախիջևանում և հայկական պատմական տարածքներում, որ շարունակվում է տասնամյակներ շարունակ, ամբողջ աշխարհի խղճին է ծանրանում։

-Դուք Հայաստան եկաք Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության 98-րդ տարելիցից երկու օր առաջ… Ես չեմ կարծում, թե դա պատահականություն է։

-Իհարկե, պատահականություն չէ, ես եկել եմ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված հայերի հիշատակին։

Իմ ցանկությունը մեկն է, որ աշխարհում այլևս չկրկնվի նոր ցեղասպանություն։ Իսկ նոր ցեղասպանությունների ճանապարհը փակելու միայն մի ճանապարհ կա՝ դատապարտել ցեղասպանությունը, դատապարտել միասնաբար, առանց վերապահումների, ստորադասելով բոլոր քաղաքական և տնտեսական շահերը։ Իմ երկրում՝ Սլովակիայում, կա հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։ Բոլոր երկրները պիտի հետևեն այս օրինակին։ Սա ավելի շատ անհրաժեշտ է ոչ թե ցեղասպանությունից տուժած երկրին, այլ այն երկրներին, որոնք վաղը կարող են նոր ցեղասպանության զոհ դառնալ։ Այն պետք է աշխարհին՝ ապագա սերունդներին ավելի պաշտպանված ու բարի մոլորակ ժառանգելու համար։

-Սիրելի Լիբոր, ցավոք, մեր ժողովուրդն առիթ չի ունեցել ճանաչելու Ձեզ։ Ի՞նչ կպատմեք ինքներդ Ձեր մասին։

-Իսկ դուք գիտե՞ք, որ ես սպա եմ եղել։

-Ո՛չ։

-Ինչպիսին սպան է, այնպիսին էլ բանակն է։ Սպայից է կախված և՛ զինվորի կերպարը, և՛ բանակի դիմագիծը։ Ինչ վերաբերում է իմ մասին ինչ-որ բան պատմելուն, անկեղծ ասած, ոչ մի առանձնահատուկ բան չկա իմ կենսագրության մեջ։ Սովորական սլովակացի եմ, «խորհրդային» կենսագրությամբ… դպրոց, բուհ… աշխատանք։ Իմ երկիրը լեռնոտ է, ինչպես Հայաստանը։ Իմ երկիրը շատ գեղեցիկ է ու շատ սիրելի։

Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելության գլխավոր նպատակը Արցախի մասին վավերագրական ֆիլմ նկարելն է։ Երբեմն ինձ հարցնում են, թե ինչու եմ ընտրել հատկապես կինովավերագրողի մասնագիտությունը։ Դուք՝ լրագրողներդ, երբեմն օգտվում եք առիթից և իրականությունը ներկայացնում եք ձեր ցանկացած ձևով։ Այդ առումով կինովավերագրողը շատ ավելի ազնիվ է, ներկայացնում է փաստերը, և (ներեցեք) նրա խոսքը շատ ավելի հավաստի է ու արժանահավատ, քան լրագրողներինը։ Ես Արցախում կմնամ մինչև նոյեմբեր, հետո կվերադառնամ իմ երկիրը ու իմ ժողովրդին հնարավորություն կտամ սեփական աչքերով տեսնելու Արցախն ու լսելու արցախցուն։

-Սիրելի՛ Լիբոր, շնորհակալություն իմ երկրի հանդեպ Ձեր սիրո, Ձեր մասնագիտական ազնվության, Ձեր համարձակ նկարագրի համար։ Հայաստանը երբեք չի մոռանում իր բարեկամներին։

-Արցախը, իրոք, արժանի է մեծ սիրո… Արցախի հոյակերտ բնությունը, հրաշալի մարդիկ… շատ եմ սիրում Արցախի ժենգյալով հացը ու «Արարատ» կոնյակը…

-«Արարատ» կոնյակը, ի տարբերություն ժենգյալով հացի, համահայկական ծագում ունի, Արցախյան չէ:

-Ի՞նչ տարբերություն…

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #18 (985) 9.05.2013 – 15.05.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


13/05/2013