Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆԸ



Երբ գնդապետ Ս. Սեդրակյանը նշանակվեց զորամասի հրամանատար, հենց նույն տարում զորամասը ճանաչվեց լավագույնը զորատեսակի կազմում, այնուհետեւ պարգեւատրվեց «Վարդան Մամիկոնյան» շքանշանով։ Բնականաբար, նման բարձր պարգեւը նախեւառաջ զորամասի անցած մարտական ուղու արժանի գնահատականն էր, բայց նաեւ հաշվի էին առնվել ուսման եւ ծառայողական կարգապահության մեջ արձանագրված բարձր արդյունքները։ 2009թ. կրկին ճանաչվեցին լավագույնը եւ պարգեւատրվեցին պատվո դրոշով։ Զարգացնելով հաջողությունը՝ 2010թ. դարձյալ ցույց տվեցին բարձր արդյունքներ եւ երրորդ անգամ ճանաչվեցին լավագույն հրետանային զորամաս։ Ակնհայտ է, որ գնդապետ Ս. Սեդրակյանին հաջողվել է համախմբել եւ ճիշտ ճանապարհով առաջնորդել իր սպաներին եւ զինվորներին։

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

-Ինչպես մյուս բնագավառներում, զինծառայության մեջ էլ լավ, բարձր արդյունքն ստացվում է արդար, ազնիվ ու քրտնաջան աշխատանքի միջոցով։ Հիշում եք Սուվորովի հայտնի խոսքը. մարզումների ժամանակ, աշխատանքի մեջ շատ քրտինք, մարտադաշտում՝ քիչ արյուն։ Սա է ողջ ճշմարտությունը։ Եվ մեզ՝ հրամանատարներիս, մնում է զորամասը համալրող երիտասարդ սպաներին, զինվորներին ճիշտ պարզաբանել բանակում աշխատելու, մարզվելու, կոփվելու, զինվորական մասնագիտությունը սովորելու, զենքին լիարժեք տիրապետելու անհրաժեշտությունը։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը շատ ճիշտ էր, երբ ասում էր, որ մենք մեր իսկական, լիարժեք կռիվը դեռ չենք տվել։ Տեսնում եք՝ կռվեցինք, ազատագրեցինք Արցախը, բայց կռիվը դեռ չի ավարտվել, թշնամին զինվում եւ նպաստավոր պահի է սպասում՝ կրկին հարձակվելու համար։ Մենք պետք է իրավիճակը ճիշտ պարզաբանենք մեր զինվորներին, որպեսզի նրանք սովորեն գիտակցաբար, չբավարարվեն ձեռքբերումներով։ Իսկ մենք գիտենք, թե մարտադաշտում ինչ արժե իր գործը իմացող, հայրենիքը գիտակցաբար պաշտպանող զինվորը։ Զորամասի առջեւ դրված խնդիրների կատարման, կարգապահության ամրապնդման, զինծառայողների գաղափարադաստիարակչական, բարոյահոգեբանական հատկանիշների զարգացման գործում որպես հրամանատար կողքիս ունեմ փորձառու աջակիցներ, ի դեմս փոխգնդապետներ Ս. Բեկջանյանի, Ս. Սիմոնյանի, Հ. Մխիթարյանի, մայորներ Ժ. Բադեյանի, Ս. Ծառուկյանի եւ Ա. Սարգսյանի, սպաներ, որոնք բավականություն են ստանում զինվորների հետ տարվող աշխատանքից, առաջադրանքների հաջող կատարումից։ Մեծ է նրանց վաստակը զորամասի առաջադիմության, ձեռքբերումների, մարտունակության ապահովման գործում,- ասաց գնդապետ Ս. Սեդրակյանը։

2010Թ. ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Զորամասում չկա չաշխատող կամ վատ աշխատող որեւէ ռազմական տեխնիկա։ Զորամասը ցանկացած պահի կարող է բոլոր միջոցներով, ամբողջ կազմով տեղափոխվել նշանակված շրջան։ Ստուգողական նման վարժանքներ կատարվել են ինչպես ուսումնական փուլերի մեկնարկային մարտավարաշարային պարապմունքների, այնպես էլ զորավարժություների մեկնելու ընթացքում։ 2010թ. առաջին ուսումնական փուլում ուսումնական գործընթացը հիմնականում կատարվել է զորամասի տարածքում եւ մերձակա ուսումնական կետերում։ Անցկացվել են համալիր, հսկիչ-համալիր պարապմունքներ, ինչպես նաեւ՝ ստուգողական պարապմունքներ եւ զորավարժություններ մարտկոցների եւ դիվիզիոնների կազմերով։
Այս նույն պարապմունքները շարունակվել են նաեւ երկրորդ ուսումնական փուլի ընթացքում, իսկ սեպտեմբեր ամսին զորամասը «Մարշալ Բաղրամյան» ուսումնական կենտրոնում փոխգնդապետ Հ. Ավագյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասի հետ կազմակերպեց եւ անցկացրեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն։ Կրակի խոցելիության տոկոսը շատ բարձր էր։ Հակատանկային դիվիզիոնը ստացավ «լավ», իսկ մարտկոցներից մեկը՝ «գերազանց» գնահատական։
Տարեվերջյան ամփոփիչ քննություններն ընդունեց ԶՈՒ ԳՇ հանձնաժողովը, որը գլխավորում էր գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը։ Փորձառու մասնագետներով համալրված հանձնաժողովի պահանջները շատ խիստ էին, մեծ ուշադրություն էր դարձվում մասնագիտական առարկաների իմացությանը եւ կրակային պատրաստությանը։ Զորամասի ստորաբաժանումները, ցույց տալով բարձր արդյունքներ, կարողացան գոհացնել հանձնաժողովի անդամներին, եւ զորամասն ստացավ «լավ» գնահատական։
-Ինձ համար շատ կարեւոր էր գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի կարծիքը, որովհետեւ նա շատ բարձրակարգ հրետանավոր է, եւ բարեբախտաբար քննությունների վերջում նա դրվատանքի խոսքեր ասաց անձնակազմին, նշեց սպայակազմի, ստորաբաժանումների հրամանատարների կատարած արդյունավետ աշխատանքը,- ասաց գնդապետ Ս. Սեդրակյանը։
Հատկապես կրակային պատրաստությունից զորամասի ստորաբաժանումների ցույց տված արդյունքներն օրինաչափ են ու տրամաբանական, որովհետեւ բոլոր զենքերի համար կան վարժասարքերով կահավորված լսարաններ, որտեղ հաշվարկները հերթով խնդիրներ են կատարում եւ գործնական պարապմունքներ անցկացնում։ Միաժամանակ շատ են կրակում հրանոթներով։

ՍՈՎՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ հրամանատարությունն ամեն ինչ արել է, որ ուսումնական տարվա մեկնարկը լինի հաջող, եւ ստորաբաժանումները ժամանակին մտնեն հունի մեջ։ Կատարելագործվել է ուսումնական բազան, լսարանները կահավորվել են ուսումնաճանաչողական նոր նյութերով ու ցուցապաստառներով, լրամշակվել եւ հրամանատարի կողմից հաստատվել են պլանները, տեսական պարապմունքների հակիրճակները։ Փետրվարի 19-ին կավարտվեն ջոկերի (հաշվարկների) ներդաշնակման պարապմունքները, եւ կսկսվի ստուգարքների ընդունումը, որին կհաջորդեն դասակ-մարտկոցների ներդաշնակման պարապմունքները, իսկ ուսումնական փուլի վերջնամասում կկատարվի դիվիզիոնների ներդաշնակումը։ Ուսումնական տարվա ընթացքում զորամասը կընդգրկվի զորավարժության մեջ։
♦♦♦
Դիվիզիոնի հրամանատար մայոր Ժ. Բադեյանի թույլտվությամբ հետեւեցինք վարժասարքի միջոցով անցկացվող պարապմունքներին, որն անցկացնում էր մարտկոցի հրամանատար կապիտան Հ. Խմոյանը։ Զինվորները խնդիրներ էին կատարում վարժասարքով՝ կրակելով շարժվող նշանակետերի վրա։
Դասակի հրամանատարի տեղակալ կրտսեր սերժանտ Գեւորգ Մուրադյանը մեր խնդրանքով հանգամանորեն ներկայացրեց «Ֆագոտի» կառուցվածքը, նշանակությունը եւ հնարավորությունները։ Երբ զինվորին հարցրինք, թե որտե՞ղ է սովորել, պարզվեց, որ ճարտարապետաշինարարական համալսարանն ավարտելուց հետո զորակոչվել է հրետանային ուսումնական զորամաս, որտեղից էլ նոյեմբեր ամսին տեղափոխվել է այստեղ։ Քննությունները բարձր գնահատականներով հանձնելուց հետո կրտսեր սերժանտ Գեւորգ Մուրադյանը պարգեւատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով։ Նույն կրծքանշանով էր պարգեւատրվել նաեւ կրտսեր սերժանտ Ժորա Խաչատրյանը, սակայն վերջինս ավելի փորձառու զինվոր էր եւ արդեն երկու զորավարժության էր մասնակցել։ Պարապմունքների ընթացքում շարժվող բոլոր թիրախները հաջողությամբ խոցեց օպերատոր Արմեն Ղազարյանը։ Շատ լավ տպավորություն ստացանք «Ֆագոտ» համալիրի հրամանատար կրտսեր սերժանտ Արայիկ Ղազարյանի պարզաբանումներից։ Պարզվեց, որ նա նույնպես փորձառու է եւ արդեն երկու զորավարժության է մասնակցել։
Զրուցեցինք նաեւ սեպտեմբեր ամսին զորամասը համալրած լեյտենանտներ Էդգար Էդիլյանի եւ Արման Բրուտյանի հետ։ Երկուսն էլ ավարտել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, դասակի հրամանատար են։ Դիվիզիոնի հրամանատարը գոհ է նրանց ծառայությունից եւ վստահ է, որ մոտ ապագայում նրանք կարեւոր դեր են ունենալու զորամասի մարտունակության ապահովման գործում։
-Խելացի են, լավ պատրաստված եւ հաջողությամբ են ղեկավարում իրենց ենթակա ստորաբաժանումները,- ասաց մայոր Ժ. Բադեյանը։
-Ես Իջեւանից եմ, սովորել եմ տեղի N 5 միջնակարգ դպրոցում։ Վաղուց էի որոշել սպա դառնալ, եւ ցանկությունս իրականություն դարձավ։ Գիտեմ, դժվարություններ շատ կան, բայց ամեն ինչ լավ կլինի, եթե միշտ զինվորների կողքին լինեմ։ Ծառայության անցնելով զորամասում՝ մասնակցեցի զորավարժությանը։ Դեռ փորձադաշտում համոզվեցի, որ տղաները մասնագիտությանը լավ են տիրապետում եւ լավ կոփված են։ Անմիջապես փոխադարձ վստահություն ստեղծվեց, եւ այժմ ամեն ինչ շատ լավ է։
Հաշվարկները համալրվել են երիտասարդ զինվորներով, սակայն հանգամանքը չի խանգարել արդեն հունվար ամսին մարտավարական զորավարժություն կազմակերպելուն։ Ընթանում են հաշվարկների ներդաշնակման փուլի վերջին պարապմունքները։ Երբ մարտկոցի հրամանատարը տվեց «Մարտկո՛ց, մարտի՛» հրամանը, բոլոր հաշվարկները շատ արագ հրանոթները բերեցին ուղիղ նշանառությամբ մարտական վիճակի եւ զբաղեցրին իրենց տեղերը։ Դիտողություններ չկային, ամեն ինչ շատ հստակ արվեց։ Մենք ծանոթացանք եւ զրուցեցինք հրետանավոր զինվորների հետ, որոնք լավագույնն են մեր բանակում եւ պատրաստ են պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները։
-Կրտսեր սերժանտ Սեւակ Խաչատրյան։ Բանակ եմ եկել Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանն ավարտելուց հետո։ Այստեղ եմ տեղափոխվել ուսումնական զորամասից, հաշվարկի հրամանատար եմ։
-Շարքային Տիգրան Հարությունյան, ես նույնպես անցած գարնանն եմ զորակոչվել։
-Շարքային Արմեն Ավետիսյան։ Իմ ծառայությունը մոտենում է ավարտին։
-Շարքային Էդգար Կոստանյան։ Ինը ամսվա ծառայող եմ, սովորում եմ ճարտարապետաշինարարական համալսարանում։
-Իրենց հիանալի են դրսեւորում սերժանտ Մհեր Հարությունյանը, կրտսեր սերժանտ Ջանիկ Սիմոնյանը։ Շարքայիններն էլ կարգապահ, հասկացող ու պատրաստակամ տղաներ են,- ասաց երիտասարդ սպան։
Լեյտենանտ Արմեն Բրուտյանը վանաձորցի է։ Տեղի N 18 միջնակարգ դպրոցի սանը ռազմական ինստիտուտն ավարտել է կարմիր դիպլոմով։ Նրա դասակը քննությունները հանձնել է «լավ» գնահատականով, եւ երիտասարդ սպան վստահ է, որ ընթացիկ տարում արդյունքներն ավելի բարձր են լինելու։ Իրենց հրաշալի են դրսեւորում սերժանտ Վ. Զաքարյանը, կրտսեր սերժանտ Ռազմիկ Սերոբյանը, շարքային Արայիկ Առաքելյանը, բոլորը։

ԴԻՎԻԶԻՈՆԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

Զորամասի ուսումնական տեղամասում պարապում էին կապիտան Կ. Դրմոյանի մարտկոցի հաշվարկները։ Թեման էր՝ «Ուղիղ նշանառությամբ կրակի վարումը։ Ուղիղ նշանառության հասկացողությունը»։
Հաջորդ հաշվարկում էին կրտսեր սերժանտ Սմբատ Սիմոնյանը, շարքայիններ Մխիթար Հակոբյանը, Գարեգին Ավետիսյանը, Շիրակ Զատիկյանը։ Հաշվարկը սեպտեմբերյան զորավարժության ժամանակ ստացել է «գերազանց», իսկ տարեվերջյան քննություններից՝ «լավ» գնահատական։
Մյուս հաշվարկի հրամանատար կրտսեր սերժանտ Գեւորգ Ջավակյանը նույնպես ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանող էր։ Նշանառու շարքային Դանիել Դանիելյանը, հաշվարկի համարներ Վահագն Հովհաննիսյանը եւ Արսեն Միրզոյանը իրենց հիանալի են դրսեւորել մարտավարական զորավարժության ժամանակ։
Արսեն Միրզոյանը, որ շուրջ տասը տարի ծնողների հետ ապրել է Ռուսաստանի Ռոստով քաղաքում, ինքնակամ վերադարձել է հայրենիք եւ զորակոչվել բանակ, ինչի համար էլ նրան այստեղ հաճախ կանչում են ոչ թե շարքային, այլ կամավոր Միրզոյան։
…Պարապմունքները շարունակվում են։ Կապիտան Դրմոյանին առաջարկեցինք պատահական ընտրությամբ զինվորներից մեկին հանձնարարել, որ ներկայացնի համալիրն ամբողջությամբ։ Մարտկոցի հրամանատարն ընտրության իրավունքը վերապահեց մեզ։ Մատնանշված զինվորը դուրս եկավ շարքից եւ ներկայացավ.
-Նշանառու շարքային Էդգար Կարեյան…,- եւ սկսեց ներկայացնել հրանոթային համալիրը։ Մոտ 6-7 րոպե նա խոսեց, պարզաբանեց, մաս-մաս ցույց տվեց ամեն ինչ։ Նման պատասխանները սովորաբար գնահատվում են «գերազանց»։ Մնում էր շնորհակալություն հայտնել զինվորին, մարտկոցի ամբողջ անձնակազմին ու մաղթել բարի ծառայություն։

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Ազգային բանակի կազմավորման 19-րդ տարեդարձի առթիվ 19 զինծառայող պարգեւատրվել է կառավարական, գերատեսչական պարգեւներով։ Դեկտեմբերի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է զորամաս եւ թանկարժեք նվերներով պարգեւատրել լավագույն հաշվարկների զինվորներին։ Տոնական օրերին քաղաքապետարանի եւ մարզպետարանի հետ համատեղ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել։ Զորամասը համագործակցում է 42 հանրակրթական եւ 4 արհեստագործական դպրոցների հետ։ Մարզպետ Աշոտ Գիզիրյանը հունվարի 28-ին զորամասին նվիրել է հեռուստացույց, այլ նվերներ։ Զորամասի մշտական հյուրերից է Երեւանի «Բարսեղ Կանաչյան» երգի համույթը։
-Կարեւորը զինվորի կողքին լինելն է, նրան խրախուսելը, նրա ծառայությունը գնահատելը,- համոզված է հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ս. Բեկջանյանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #07 (872) 23.02.2011 – 02.03.2011, Ազգային բանակ


03/03/2011