ԱՅՍՊԵՍ Է ԿՈՓՎԵԼ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ՍԱՐՅԱՆԸ, ԿՈՋՈՅԱՆԸ…
Պատերազմը ժողովրդինն էր, ու ժողովուրդը կռվում էր ե՛ւ ռազմաճակատում, ե՛ւ թիկունքում, ժողովրդի մեջ էին նրա անվանի զավակները։
Հետաքրքիր հաղորդման ենք հանդիպում «Սովետական Հայաստան» թերթի 1942թ. հունվարի 11-ի համարում. ժողովրդական նկարիչներ Մարտիրոս Սարյանը եւ Հակոբ Կոջոյանն իրենց խնայողություններից 1000-ական ռուբլի են նվիրաբերել պաշտպանության հիմնադրամին՝ կռվող մարտիկների համար գնելու տաք հագուստ։
Սարյանին, Կոջոյանին հետեւել են նրանց գործընկերները. քանդակագործներ Արա Սարգսյանն ու Սուրեն Ստեփանյանը նույն հիմնադրամին նույն նպատակով հատկացրել են 500-ական ռուբլի։
1942-ի հունվարին ռազմաճակատում ուժեղ ցրտեր են եղել, ցուրտ էր նաեւ Երեւանում։ Բայց անվանի արվեստագետներն էլ են առաջնորդվել «Ամեն ինչ՝ ռազմաճակատի համար» նշանաբանով։
ՆՎԵՐՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՆԱԵՒ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ
Թիկունքից ստացվող ծանրոցները մեծ ուրախություն էին պատճառում ռազմաճակատայիններին, եւ պատճառը միայն դրանց պարունակությունը չէ, այլ նաեւ այն զգացողությունը, որ իրենց մասին թիկունքում մտածողներ, հոգացողներ կան, եւ պարտադիր չէր, որ այդ ծանրոցները ստացված լինեին իրենց հարազատներից։ Ուշագրավ էին «Սովետական Հայաստան» 1942թ. փետրվարի 11-ի համարում տպագրված ռազմաճակատային նամակները։ Գնդացրորդ Բագրատ Ղազարյանը գրում է. «Պառկած եմ հիվանդանոցում, դեռ լրիվ չեմ բուժվել վերքերից, սակայն բարկությունս խեղդում է ինձ, չեմ կարող հանգիստ մնալ, սիրտս թռչում է ռազմաճակատ, այնտեղ, որտեղ իմ եղբայրները մարտնչում են հաղթանակի համար։ Այսպիսի նվիրական խոհերով տարված՝ երկար ժամանակ մտածում էի, երբ ինձ նվեր բերեցին մի ծանրոց։ Կարդում եմ՝ այն ուղարկված է իմ հայրենիքից՝ Հայաստանից։ Սիրտս ծփում է ուրախությունից։ Նույն ուրախությունն են ապրում նաեւ իմ բոլոր ընկերները, նրանք էլ մայր հայրենիքից ստացել են թանկ նվերներ»։
Ահա Սողոմոն Սողոմոնյանի նամակը, որ նա հասցեագրել է ընկերոջը։ Գրել է ռազմաճակատի առաջին գծում, խրամատում։ Սողոմոնն էլ էր ծանրոց ստացել եւ ընկերոջը պատմում էր. «Դա մի հարուստ նվեր է ոչ թե այն բանի համար, որ ուղարկված կապոցում կար խնձոր, ծխախոտ, թաշկինակ, գինի եւ այլն, դա մի թանկագին նվեր է այն բանի համար, որ թիկունքում գտնվող ազնիվ քաղաքացիները մտահոգված են ճակատում կռվող ռազմիկների մասին»։
Թիկունքը ռազմաճակատին տալիս էր զենք, զինամթերք, մարտական մեքենաներ, զինվորական համազգեստ, բայց տալիս էր նաեւ այն, ինչ տանը կար՝ միրգ, թխվածք, նույնիսկ օծանելիք, ինչպես գրված է ռազմաճակատային նամակներից մեկում։ Նվերն ուրախություն էր նաեւ ռազմաճակատում, եւ դա օգնում էր զինվորին կռվել։
ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ ԷՐ
Պատերազմի տարիներին ՏԱՍՍ-ի հեռատիպի ժապավենը լուրեր էր հաղորդում ոչ միայն ռազմաճակատներից, ժողովրդին իրազեկ պահում մարտական գործողություններին, ռազմական իրավիճակի մասին, այլ արտասահմանյան երկրներից, ուր տեղի էին ունենում հակաֆաշիստական հանրահավաքներ, հանգանակություններ՝ հօգուտ խորհրդային բանակի, այլ միջոցառումներ։
ՏԱՍՍ-ի հաղորդագրություններում զգալի տեղ էր հատկացվում հայկական սփյուռքին, որը պատերազմի առաջին օրերից կանգնեց մայր հայրենիքի, հարազատ ժողովրդի կողքին։ Ահա 1942թ. հունվարի 7-ի հաղորդումներից մեկը։ Այն ներկայացնում է Բեյրութում կայացած հակաֆաշիստական հանրահավաքը գլխավորած Մանվելյանի հեռագիրը. «Միտինգի հավաքված 3,5 հազար հայեր իրենց զայրույթն են հայտնում այն ստոր հարձակման առթիվ, որ հիտլերյան Գերմանիան կատարել է Խորհրդային Միության վրա, որի բանակն այժմ հերոսական պայքար է մղում՝ հիացմունք պատճառելով ամբողջ աշխարհին։ Սիրիայի եւ Լիբանանի հայությունը պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել հաղթանակի հասնելու գործին»։
Հեռագիրն ուղարկվել էր Թեհրանում խորհրդային դեսպանության հասցեով, քանի որ այդ ժամանակ Լիբանանի եւ ԽՍՀՄ-ի միջեւ ուղղակի հեռագրային կապ չէր գործում։
Ահա մեկ այլ հեռագիր՝ ստացված Նյու Յորքից, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Կալինինի անունով։ Հունվարի սկզբներին այնտեղ գումարվել էր ԱՄՆ-ի «Արաբկիր» հայրենակցական միության 16-րդ համագումարը, որի մասնակիցներն իրենց համերաշխությունն էին հայտնել պայքարի ելած խորհրդային ժողովրդին։ Եվ ահա միության նախագահ Պարունազյանը Կալինինին գրում է. «Համագումարը Ձեր միջոցով իր ամենացնծագին հիացմունքն է հայտնում խորհրդային հերոս ժողովրդին եւ նրա քաջարի Կարմիր բանակին։ Մենք հավատացած ենք, որ այս ազատագրական պայքարը կվերջանա գազան ագրեսորի, ամբողջ մարդկության թշնամի Գերմանիայի դեմ վճռական հաղթանակով։ Մենք հպարտանում ենք, որ հայ ժողովուրդը մասնակցում է այդ պայքարին»։
ՏԱՍՍ-ի հեռատիպով սփյուռքահայերի նման հեռագրերը տարածվում էին ողջ երկրով մեկ, տպագրվում ԽՍՀՄ-ի բազմալեզու թերթերում, հաղորդվում ռադիոյով, ոգեւորում ոչ միայն հայրենակիցներին, այլեւ այլազգի մարդկանց։ Սփյուռքը, սակայն, մեծ պայքարին օժանդակում էր ոչ միայն խոսքով, այլեւ գործով։ Դրա ամենամեծ վկայությունը դարձավ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծումը։
«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ» ԿՌՎԵՑ ՀԵՐՈՍԱԲԱՐ
«Սասունցի Դավիթ» տանկային շարասյան մարտական ուղին արժանավորապես իր տեղն է գրավում Հայրենական մեծ պատերազմի տարեգրության մեջ։ Ուշագրավ է նրա ստեղծման պատմությունը։
1943 թվականն էր, հունվար ամիսը։ Երկիրը տնքում էր ծանր կորուստներից, բայց միաժամանակ դիմադրում հերոսաբար, ավելին՝ հակահարձակման անցնում։ Բանակին օդի պես անհրաժեշտ է ռազմական տեխնիկա, եւ այդ ժամանակ ամերիկահայությունը, համագործակցելով Էջմիածնի միաբանության հետ, հանդես եկավ հայրենասիրական նախաձեռնությամբ՝ ստեղծել «Սասունցի Դավիթ» հիմնադրամ եւ հավաքված միջոցները տրամադրել նույնանուն տանկային շարասյան ստեղծմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը հիմնադրամին հանձնեց 800 հազար ռուբլի արժողությամբ թանկարժեք իրեր եւ զարդեր, 1000 անգլիական ֆունտ ստեռլինգ եւ 50 հազար ռուբլի խորհրդային դրամ։ Դա հսկայական գումար էր, բայց ոչ բավարար «պատկառելի» շարասյան ստեղծման համար։ Եվ ահա կաթողիկոսական տեղապահ Գեւորգ Չորեքչյանը (պատերազմի պատճառով կաթողիկոսի ընտրությունները հետաձգվել էին) հատուկ կոնդակով դիմեց սփյուռքի հայերին՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել դրամահավաքին եւ հանգանակված գումարը տրամադրել շարասյան ստեղծման հիմնադրամին։ Կոչը մեծ արձագանք գտավ ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ Հարավային Ամերիկայի, Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Հորդանանի, Իրաքի, Եթովպիայի, Կիպրոսի եւ այլ երկրների հայության շրջանում։ 1943թ. մարտի 7-ին Նյու Յորքում կայացավ հայ համայնքի ներկայացուցիչների հավաք, որտեղ դրամահավաքի աշխատանքները համակարգելու համար ստեղծվեց հատուկ կոմիտե։
Հավաքված միջոցներով հնարավոր եղավ պատվիրել Տ-34 տիպի 21 տանկեր, որոնք 1944թ. փետրվարին արդեն պատրաստ էին նետվելու ռազմաճակատ։ Շարասյան բոլոր տանկերի վրա հայերեն գրվեց «Սասունցի Դավիթ»։
Շարասյունը հանձնվեց 119-րդ առանձին տանկային գնդին, որը կռվում էր ուկրաինական ռազմաճակատում։ Այստեղ էլ սկսվեց նրա մարտական կենսագրությունը։ «Սասունցի Դավիթը» մարտ-մայիս ամիսներին մասնակցեց Պերվոմայսկի, այնուհետեւ Յասիի (Ռումինիա) ուղղությամբ ծավալված հարձակողական գործողություններին։
Իսկ դրամահավաքը շարունակվում է։ Արդեն մայիսին կազմավորվեց սփյուռքահայերի հանգանակած միջոցներով կազմավորված «Սասունցի Դավիթ» երկրորդ տանկային շարասյունը (22 տանկ), որը միացավ առաջինին եւ մերձբալթյան առաջին ռազմաճակատի 6-րդ բանակի կազմում հունիս-օգոստոս ամիսներին մասնակցեց Վիտեբսկի եւ Պոլոցկի ազատագրմանը, Շյաուլյայի շրջանում թշնամու պաշտպանության ճեղքմանը, 5-րդ գվարդիական տանկային բանակի ստորաբաժանումների հարձակողական գործողություններին։ «Սասունցի Դավիթը» կռվում էր հերոսաբար, եւ դա աննկատ չմնաց բարձր հրամանատարության կողմից՝ 1944թ. հուլիսի 23-ին շարասյունը պարգեւատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։
Շուտով կատարվեցին վերակազմավորումներ, եւ «Սասունցի Դավիթ» շարասյունը գնդի հետ տեղափոխվեց 1-ին մերձբալթյան ռազմաճակատ, որի հրամանատարն էր բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանը։ Խորհրդանշական զուգադիպություն՝ «Սասունցի Դավիթը» կռվում էր հայորդի մեծ զորավարի ենթակայության ներքո։ 1945-ին գունդը, որի կազմում էր շարասյունը, արժանացավ գվարդիականի կոչման եւ ստացավ «135-րդ կարմրադրոշ առանձին տանկային գունդ» անվանումը։
«Սասունցի Դավիթ» շարասյունն ուներ բազմազգ անձնակազմ։ Նրա բազմաթիվ մարտիկներ արիության եւ խիզախության համար արժանացան մարտական բարձր պարգեւների։ Հայերից Սարգիս Նահապետյանն արժանացավ Կարմիր դրոշի շքանշանի, Միխայիլ Ստեփանյանը՝ խիզախության համար մեդալի։ «Սասունցի Դավիթը» մարտական փառապանծ ուղի անցավ՝ իր ավանդը ներդնելով մեծ հաղթանակի գործին։ Դա նաեւ սփյուռքահայության ավանդն էր։ Աշխարհի ամենատարբեր ծայրերում ապրող հայերը վտանգված էին տեսնում իրենց մայր հայրենիքը ահեղ պատերազմում եւ կատարեցին իրենց պարտքը նրա հանդեպ։ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը դարձավ դրա վառ վկայությունը։
ՏԱՍՍ-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ ԷՐ ՀԱՂՈՐԴԵԼ
1942թ. հունվարի 7-ին թերթերը տպագրեցին ՏԱՍՍ-ի հաղորդումը. «Հայաստանի աշխատավորները ԽՍՀՄ պաշտպանության ֆոնդ են մուծել 14200 հազար ռուբլի, 1320 գ ոսկի, 400 կգ արծաթ։ Հայաստանի կոլխոզնիկները պաշտպանության ֆոնդին հանձնել են 5500 ցենտներ միս, 4260 կգ բուրդ եւ 41600 փութ հացահատիկ»։
Այս թվերի հետեւում հազարավոր մարդկանց տքնաջան աշխատանքն էր, նրանց անձնազոհությունը, անսահման նվիրվածությունը հայրենիքին։
ՄԱՐՇԱԼԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՄԱՐՇԱԼԻՆ
«Մարշալ Բաղրամյանը պատկանում է այն ականավոր զորավարների համաստեղությանը, որոնց ղեկավարությամբ Հայրենական պատերազմի ծանր տարիներին իրականացվեցին գերմանաֆաշիստական բանակների ջախջախման փայլուն գործողությունները։ Պատերազմի տարիներին Բաղրամյանի զորավարական գործունեությունը ծավալվեց բանակային եւ ռազմաճակատային գործողություններում եւ, իհարկե, իր բնորոշ առանձնահատկություններն ուներ։ Այդ առանձնահատկությունների էությունն առաջին հերթին իր զորավարական գործունեության մեջ առավել օբյեկտիվության եւ կոնկրետության հասնելու մշտական ձգտումն էր»։
Խորհրդային Միության մարշալ
Վասիլեւսկի
Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
Խորագիր՝ #18 (985) 9.05.2013 – 15.05.2013, Պատմության էջերից