Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՄԵՆ ԻՆՉՈՎ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻՆ»



Հարցազրույց զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ ՍԵՎԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ

– Պարոն փոխգնդապետ, մեր զրույցն սկսենք բանակի համար կարևորագույն խնդրից` զինվորական կարգապահությունից, ինչի համար ի պաշտոնե պատասխանատու եք Դուք։ Ինչպիսի՞ն է զինվորական կարգապահության իրական վիճակը Ձեր զորամասում:

– Դուք արդեն մի քանի օր է, ինչ զորամասում եք, շրջում եք, լինում եք ամենուր։ Ասացեք, խնդրեմ, զինվորական կանոնադրությանն անհարիր ի՞նչ եք նկատել, նկատե՞լ եք մի զինվորի, որը սերժանտի, սպայի կողքով անցնելիս պատվի չառնի, տասնյակ զինվորների հետ եք զրուցել, տեսե՞լ եք վատ տրամադրությամբ որևէ մեկին կամ կարգապահական խախտմանը բնորոշ մեկ այլ բան։ Դուք ներկա էիք ներզորամասային քննարկումներին, որոնց ընթացքում զորամիավորման հրամանատարի տեղակալի և գնդի հրամանատարի ներկայությամբ ծառայությունների բոլոր պատասխանատուները հանդես եկան ամփոփ հաշվետվությամբ։ Ես նույնպես հանդես եկա ընթացիկ ամսվա ընթացքում զորքերում զինվորական կարգապահության և առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորմանը, կանոնադրային կարգ ու կանոնի հաստատմանը, դաստիարակչական, իրավական աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու արտակարգ պատահարների կանխմանը միտված մի շարք պլանային միջոցառումների կատարման հաշվետվությամբ։ Քանի որ մեր զորամասը մարտական հերթապահություն է իրականացնում, և զորքը մշտապես գտնվում է հակառակորդի հետ շփման գծում, ուստի առաջնահերթության կարգով միջոցառումները սկսում ենք հենց առաջնագծից։ Նախ՝ ուսումնասիրում ենք մարտական հենակետերում անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների, զինծառայողների հանգստի և կենցաղի կազմակերպման խնդիրները, որից հետո ստորաբաժանումների հրամանատարներին խնդիր է առաջադրվում ուսումնասիրելու մարտական հերթապահություն ստանձնող, ինչպես նաև պահակային ծառայության մեջ ընդգրկվող անձնակազմի սոցիալ-կենցաղային առանձնահատկությունները, յուրաքանչյուր զինծառայողի անձնական, հոգեբանական, ինչպես նաև ծառայության հետ կապված հարցերը, հավուր պատշաճի կատարվում են անհատական դաստիարակչական աշխատանքները` համապատասխան գրառումներ կատարելով Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկում։ Մարտական հենակետերում և դիրքերում պատասխանատուները, ավագները ու նրանց օգնականները խստորեն պահպանում են մարտական հերթապահության կարգուկանոնը, անձնակազմին մշտապես հրահանգավորում և հիշեցնում են անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին։ Մշտական վերահսկողություն է իրականացվում առանձնահատուկ խմբի զինծառայողների շրջանում տարվող աշխատանքների նկատմամբ։ Զինվորական կարգապահության ամրապնդման նպատակով կարգազանցության հակում ունեցող զինծառայողների նկատմամբ լայնորեն կիրառվում է անհատական դաստիարակչական աշխատանքների մեթոդը, հաճախ, անհրաժեշտությունից դրդված, ներգրավելով նաև զինվորների ծնողներին։ Զորամասում այս պահին ունենք հաշվառված դժվար դաստիարակվող ինը ժամկետային զինծառայողներ, որոնք գտնվում են մշտական հսկողության տակ։

-Շարունակելով Ձեր միտքը՝ այս առումով ի՞նչ պատկեր ունեք վերջին ամիսներին։

– Մարտ ամսվա ընթացքում, համաձայն զորքերի ծառայության, զինվորական ծառայության անվտանգության կանոնների և կարգապահական խախտումների վերահսկման զեկուցագրերի` մեր զորամասում վատագույն ստորաբաժանում է ճանաչվել վաշտը` հրամանատար կապիտան Ա. Մաթևոսյանի հրամանատարությամբ, լավագույն՝ մայոր Ա. Գրիգորյանի ստորաբաժանումը։

-Զորամասը ինքնակամ լքելու դեպքեր հաճա՞խ են լինում։

– Ընթացիկ ամսում ունեցել ենք զորամասն ինքնակամ լքելու չորս դեպք։ Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով, սակայն զորամասն ինքնակամ լքողները սահմանված կարգով ենթարկվել են կարգապահական տույժերի։ Վստահեցնում եմ՝ զինվորական կանոնադրությանը, ծառայողական կարգապահությանը անհարիր և ոչ մի արարք կամ միջադեպ չի մնում անպատիժ։

-Իսկ արտակարգ դեպքեր…

– Մարտին ունեցել ենք երեք դեպք ու պատահար, որոնցից մեկը՝ ծառայական պարտականությունների հետ չկապված դժբախտ պատահար, մեկը` բռնարարք, մեկն էլ՝ ԶՕԿ կանոնների խախտում։

– Պարոն փոխգնդապետ, զորամասում քիչ չեն նորավարտ երիտասարդ սպաները։ Հետաքրքիր է իմանալ, ինչպե՞ս են նրանք հարմարվել ծառայությանը, ապահովվա՞ծ են արդյոք բնակարաններով, և առհասարակ ի՞նչ աջակցություն են ստանում, ավելի ճիշտ, ծառայության սկզբնական շրջանում ի՞նչ աջակցություն կարող են նրանք ակնկալել հրամանատարներից։

-Այսօր երիտասարդ սպայի ծառայության համար լավ պայմաններ են ստեղծված։ Երիտասարդ սպան զորամաս ոտք դնելուն պես հայտնվում է զորամասի հրամանատարության ուշադրության և հոգածության կենտրոնում։ Մենք նրանց ասում ենք, բացատրում, որ իրենց սպասում է ծանր ու դժվարին աշխատանք։ Ամեն ինչով աջակցում ենք, որ երիտասարդ սպան իրեն նախևառաջ հոգեբանորեն պատրաստ զգա ծառայությանը։ Հաստատապես կարող եմ ասել, որ զորամասը հիմնականում համալրվում է գիտակից ու բանիմաց, իրենց առաքելությունը հրաշալի պատկերացնող սպաներով, որոնք արագ հարմարվում են զորամասային կյանքին, կարգուկանոնին։ Զորամասի երիտասարդ սպաները չունեն բնակարանային խնդիրներ, ասել է թե, պաշտպանության նախարարությունը տարեցտարի ավելի ու ավելի կազմակերպված է հոգում զինծառայողների բնակարանային խնդիրները։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #18 (985) 9.05.2013 – 15.05.2013, Ազգային բանակ


13/05/2013