ԴԱՇՏԱՅԻՆ ԵԼՔ՝ ՏԱԳՆԱՊԻ ԱԶԴԱՆՇԱՆՈՎ…
Վերջին չորս տարիներին գնդապետ Արմեն Հարությունյանը հրետանային ուսումնական զորամասի հրամանատարն էր, և այդ ընթացքում զորամասը չորս անգամ առաջինը ճանաչվեց ուսումնականների մեջ։ Կասկածից վեր է, որ գրանցված հաջողությունը նախևառաջ հրամանատարի կազմակերպչական աշխատանքում ցուցաբերած մասնագիտական հմտությունների, առաջադրանքները ճշգրիտ կատարելու և մեծ պատասխանատվության արդյունք է։ Բոլորովին վերջերս գնդապետ Ա. Հարությունյանը նշանակվել է հրետանային մեկ այլ զորամասի հրամանատար։ Պարտականությունների ստանձնումից շատ չանցած, նրա ղեկավարությամբ զորամասն անցկացրեց առաջին դաշտային ելքն ու զորավարժությունը։
♦♦♦
Ապրիլի 17-ին զորամասը տագնապի ազդանշանով դուրս եկավ նստեցման վայր, որից հետո ռազմերթով տեղափոխվեց մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան համազորային զորավարժարան։ Կենտրոնացման շրջանում տեղ զբաղեցնելուց հետո հրամանատարի որոշմամբ դիվիզիոնները երթով հասան մարտական կիրառման շրջան ու բացազատվեցին ըստ մարտկոցների։ Հաջորդ երկու օրերին դիվիզիոնները կատարեցին կրակային խնդիրներ պլանային և ոչ պլանային նշանակետերում։
Ապրիլի 19-ին այցելելով զորավարժարան, հետևեցինք մայոր Վիգեն Մկրտչյանի՝ դիվիզիոնի մարտական կրակին։
Գնդապետ Ա. Հարությունյանը հրամանատարադիտարկման կետում էր, որտեղից և ստուգում էր մարտական խնդիրների կատարման ընթացքը։ Այստեղ էին նաև դիվիզիոնի հրամանատարը և ղեկավարման դասակը։ Բացազատված մարտկոցների գործողությունները ղեկավարում էր հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ռ. Շահգելդյանը։
Փոխգնդապետ Ա. Գրիգորյանը, ներկայացնելով զորավարժության ընթացքը, ասաց.
-Բացի մարտկոցներից խնդիրներ են կատարում նաև դիվիզիոնի սպաները։ Հրամանատարի տված առաջադրանքները վերաբերում էին բոլորին։ Կրակային դասակները կատարում էին հաշվարկները և տվյալները փոխանցում կրակողներին։ Վերջիններս հրանոթները նախապատրաստում են կրակի։ Իսկ թե որ հաշվարկին կտրվի կրակելու իրավունքը և ի՞նչ արկերով, պարզվում է վերջին պահին։ Պարբերաբար կրակելու հրամանը տրվում էր սպաներին։ Այսպիսով՝ բոլոր մարտական խնդիրների կատարմանը մասնակցում է դիվիզիոնի ողջ անձնակազմը։ Արդեն մեկական կրակոցներ էին կատարել առաջին և երկրորդ մարտկոցների բոլոր հաշվարկները։ Սպաներն ավելի շատ էին կրակել։ Յուրաքանչյուր կրակոցից հետո հրամանատարը հայտնում էր գնահատականը. առայժմ վրիպումներ չկային։
Հաջորդ երեք կրակոցների հրամանը տրվեց սպաներին։ Մինչ նրանք իրենց առաջադրանքն էին կատարում, մենք հետևում էինք զինվորների աշխատանքին։ Նրանք հայտարարված թվերը բարձրաձայն կրկնելով հաշվարկներ էին անում, հրանոթները բերում ճիշտ նշանառության և սպասում հաջորդ հրամանին…
Դադարներից մեկի ժամանակ մարտկոցի ավագ սպա ավագ լեյտենանտ Արմեն Հակոբյանի հետ մոտեցանք առաջին մարտկոցի կրտսեր սերժանտ Սարգիս Աբգարյանի հաշվարկին։
-Կատարել ենք մեկ կրակոց, բայց կատարել ենք հաջորդ բոլոր կրակոցների հաշվարկները,- ասաց նա և ցույց տվեց աշխատանքային տետրը։
Հաշվարկի նշանառուն շարքային Սասուն Զոհրաբյանն էր, հաշվարկի համարները՝ շարքայիններ Արտաշես Մարտիրոսյանը և Սարգիս Սարգսյանը։ Վերջինս, պարզվեց, վարորդն է, բայց ընկերների հետ հավասարապես կատարում էր բացազատման, հրանոթի լիցքավորման աշխատանքները։
Մոտեցանք նաև կրտսեր սերժանտ Գառնիկ Հարությունյանի հաշվարկին։
-Կատարել ենք երկու կրակոց ու երկու դեպքում էլ ստացել ենք «լավ» գնահատական,- ասաց Գառնիկը։
-Քա՞նի անգամ ես մասնակցել հրաձգության,- հարցրի նրան։
-Ծառայությանս մեկուկես տարվա ընթացքում արդեն կատարել եմ 15 կրակոց։
-Ի՞նչ կրթություն ունես։
-Սովորում եմ Երևանի ագրարային համալսարանում։
Հաշվարկի նշանառուն շարքային Նարեկ Բեգլարյանն էր։
-Ես չեմ հաշվել, թե քանի անգամ եմ կրակել, երևի այնքան, որքան Գառնիկը, որովհետև միասին ենք զորակոչվել։
Նարեկը պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող է։
Այս հաշվարկի մյուս համարներն էին շարքայիններ Ռուստամ Ջավոյանը և Արմեն Մատոյանը։
♦♦♦
Երբ այցելեցինք կապիտան Արթուր Չոբանյանի մարտկոց, վերջինս հերթական մարտական խնդրի տվյալներն էր արձանագրում՝ նշանակետը, թաքնված հակառակորդ, արկը՝ բեկորաֆուգասային, լիցքի քանակը…։ Նրա հետ հավասար նշումներ էին անում մարտկոցի հաշվարկների հրամանատարները։
Երբ ամեն ինչ արված էր, եղավ դադար, որից հետո հրաձգություն կատարելու հրամանը տրվեց կրտսեր սերժանտ Արթուր Գրիգորյանի հաշվարկին։ Հրանոթը բերված էր ճշգրիտ նշանառության, մնում էր նախատեսված արկը լիցքավորել, տեղադրել ու կրակել։ Նշանառու շարքային Սամվել Դանիելյանը, հաշվարկի համարներ՝ շարքայիններ Կարեն Պետրոսյանը և Կարեն Իսկանդարյանը սահմանված ժամկետից էլ շուտ կատարեցին առաջադրված գործողությունները և զբաղեցրին նախանշված տեղերը։ Սամվելը կրակեց… Մի քանի րոպեից կապավորը բութ մատը վեր պարզեց՝ ազդարարելով՝ նշանառությունը ճիշտ է, թաքնված հակառակորդը ոչնչացված է։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան