ՃԱՆԱՉԵՆՔ ՆՐԱՆՑ
Երիտասարդների հանդիպումը ազատամարտիկների հետ
Մայիսի 7-ին ՀՀ ՊՆ Սպայի տանը կազմակերպվել էր «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի անդամների հանդիպումը Արցախյան ազատամարտի նվիրյալների հետ: Միջոցառման խորագիրն էր` «Ճանաչենք նրանց»: Այն կազմակերպել էին «Գևորգյան մարտարվեստի դպրոցի» հիմնադիր Գևորգ Գևորգյանը և Սպայի տան պետ, գնդապետ Գուրգեն Խաչատրյանը:
Մասնակցում էին հյուրեր, ազատամարտիկներ, բազմաթիվ երիտասարդներ: Դահլիճը լեփ- լեցուն էր: Միջոցառումը նվիրված էր Շուշիի ազատագրման քսանմեկերորդ տարեդարձին և յուրօրինակ հարգանքի տուրք էր բոլոր նահատակների հիշատակին, ինչպես նաև մեծարանք` պատերազմում հաղթած, այսօր մեր կողքին ապրող հերոսներին: Նրանցից շատերն այսօր էլ շարունակում են նվիրումով ծառայել հայրնիքին` իրենց գործունեությամբ բարձր պահելով հայրենիքի պաշտպանի, պատերազմում հաղթած հայ մարտիկի պատիվը:
Ողջունելով ներկաներին` «Գևորգյան մարտարվեստի դպրոցի» հիմնադիր, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն ասաց.
-Երբ Արցախյան ազատամարտի մասնակիցներից շատերը՝ իմ ընկերները, քաղաքացիական հագուստով անցնում են փողոցով, այսօրվա սերունդը նրանց չի ճանաչում: Այսօր նրանք ներկայացել են զինվորական համազգեստով, իրենց պարգևներով` մեդալներով ու շքանշաններով: Սիրելի երիտասարդներ, նայեք նրանց, հարգեք ու սիրեք, լսեք նրանց հերոսական պատմությունները, ու այդպես կշարունակվի մեր հերոսական ճանապարհը:
Այնուհետև ելույթ ունեցան գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը, գնդապետներ Կորյուն Ղումաշյանը, Արամ Թորգոմյանը, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, Հրայր Կարապետյանը: Նրանք, շնորհավորելով ներկաներին, կարևորեցին սերունդների հոգևոր կապն ու ճանաչողությունը, որից սնվում է հայոց բանակի զինվորն ու սպան:
Ազատամարտիկները պատմեցին պատերազմական իրենց հուշերից, պատասխանեցին երիտասարդների հարցերին: «Զինվորի պաշտպան» ՀԿ նախագահ Գոհար Արմենակյանը ազատամարտիկներին պարգևատրեց մեդալներով:
Սպայի տան «Զորական» համույթը, որն իր կատարումներով ոգևորության և հայրենասիրության մթնոլորտ էր տարածել դահլիճում, նույնպես պարգևատրվածների շարքում էր:
Միջոցառման ավարտին մասնակիցները և հյուրերը ճանաչողական այց կատարեցին ազատամարտիկ Գևորգ Գևորգյանի հիմնադրած «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական – երիտասարդական կենտրոնում:
Օրը հագեցած էր ռազմահայրենասիրական շունչ ու ոգով, և անտարակուսելի էր, որ երիտասարդներն արժանի են իրենց նախորդներին և դառնալու են նրանց փառավոր գործի շարունակողները:
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ ՄՈՒՇԵՂ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ