Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄՈՒԺԸ` ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ



Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը եւ թուրքագետ Լևոն Հովսեփյանն «Արմատ» մամուլի ակումբում մայիսի 13-ին անդրադարձան Ադրբեջանի` այլ երկրների հետ ռազմական համագործակցությանը:

«Վերջին տարիներին Ադրբեջանն իր ռազմական համագործակցության մեջ իրականացնում է բազմավեկտոր քաղաքականություն: Այս միտումը գնալով խորանում է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի` իր ռազմական արդյունաբերության թվացյալ զարգացումն ապահովելու ճիգերով: Ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական մամուլը անընդհատ շեշտում է, որ այդ երկիրը ռազմաարդյունաբերական ոլորտում հաջողություններ է գրանցում, սակայն, իրականում, այս ամենը պետք է դիտարկել զուտ քարոզչական հարթության վրա: Եթե դիտարկենք հենց ադրբեջանական կողմի` սպառազինության ձեռք բերման համար ծախսվող գումարների վերաբերյալ տեղեկությունները, ապա պետք է փաստել, որ առ այսօր Ադրբեջանը ռազմաարդյունաբերության ոլորտում էական, որևէ խոշոր նախագիծ չի իրականացրել»,- նշեց Լևոն Հովսեփյանը:

Ըստ բանախոսի, ադրբեջանական կողմը ռազմական ոլորտում համագործակցում է Ուկրաինայի, Իսրայելի և իր հիմնական դաշնակցի` Թուրքիայի հետ, եւ այդ համագործակցությունը սահմանափակվում է ռազմական տեխնիկայի ներկրմամբ. «Եթե, օրինակ, դիտարկենք հաճախ գովազդվող թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը, ապա պետք է նշել, որ այստեղ ևս ռազմաարդյունաբերական էական որևէ նախագիծ չի իրականացվել»,- նշեց Լևոն Հովսեփյանը եւ ընդգծեց, որ պաշտոնական տվյալներով` թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության գումարային ծավալը 2011 թ. կազմել է 30 մլն դոլար, իսկ 2012 թ. ավելի քիչ` 12 մլն դոլարի չափով. «Պարզ է, որ ռազմավարական համագործակցության համար սրանք այդքան էլ լուրջ թվեր չեն: Այս պահի դրությամբ Թուրքիան ընդամենը Ադրբեջանի համար ռազմական արտադրանքի մատակարար է»:

Հրաչյա Պետրոսյանցն էլ նկատում է, որ Ադրբեջանը միայն մեկ գործարքով Իսրայելի հետ (1.6 մլրդ դոլարի ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի ստորագրում) գերազանցել է Թուրքիայի հետ անկախության ամբողջ շրջանում իրականացրած ռազմական համագործակցության ծավալը: Ըստ փորձագետի` ծախսվող կասկածելի գումարները Ադրբեջանը ջանալու է ինչ-որ կերպ ցուցադրել կայանալիք զորահանդեսի ժամանակ. «Ըստ երեւույթին, շեշտը դնելու են իսրայելական կողմից գնված որոշ մարտավարական, մարտավարական-օպերատիվ հրթիռային համակարգերի վրա», որոնց համարժեքներ մեզ մոտ մարտական հերթապահության մեջ են և ցուցադրվել են ՀՀ Անկախության քսանամյակի զորահանդեսի ժամանակ:

Փորձագետները անդրադարձան նաեւ Ադրբեջանի` Ռուսաստանից «Տ-90» տանկեր գնելու լուրին, եւ թեև ռուսական կողմը հերքել է, և եթե անգամ գործարքը կայանա, ըստ Հրաչյա Պետրոսյանցի, մի քանի տասնյակ տանկերը որոշիչ դեր չեն կարող խաղալ, քանի որ զինամթերքի օգտագործման համար լուրջ մասնագիտական որակներ եւ պատրաստվածություն են պահանջվում, որին չեն տիրապետում ադրբեջանցի մասնագետները. «Սպառազինություն գնելով` դեռևս բանակի մարտունակությունը չի բարձրանա: Ադրբեջանի սպաները ցածր կրթական մակարդակ ունեն, և եթե անգամ ընդունենք, որ Ռուսաստանը պատրաստ է նրանց տրամադրել Տ-90 տանկեր, ապա կառաջանա Ռուսաստանի հետ նոր պայմանագրի կարիք, որով ռուսները պետք է թույլ տան ադրբեջանական սպաներին վերապատրաստվել իրենց մոտ»:

Նա նշեց նաև, որ ռազմական կրթության ոլորտում Թուրքիան եւ Ադրբեջանը ակտիվ համագործակցում են, սակայն Թուրքիայում կրթված զինվորական մասնագետների շնորհիվ այդ երկիրը կարողացել է վերահսկելի դարձնել Ադրբեջանի ուժային համակարգը:

«Չեմ կարծում, որ Ռուսաստանի` Ադրբեջանին մատակարարվելիք սպառազինությունը կարող է տարածաշրջանում փոխել ուժերի հավասարակշռությունը»,- «Տ-90» տանկեր գնելու լուրը այսպես մեկնաբանեց Լեւոն Հովսեփյանը:

Փորձագետները նշեցին, որ հայկական կողմը պատրաստվում է արդիականացնել «Տ-72» տանկերը, որոնք կունենան գրեթե բոլոր հնարավորությունները, ինչ «Տ-90-ը», սակայն այդ տանկերը շատ ավելի նախընտրելի են, քանի որ սպասարկումը անհամեմատ էժան է:

Բանախոսները դրական գնահատեցին ռազմական ոլորտում Հայաստանի համագործակցությունը այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, եվրոպական այլ երկրներ:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #19 (986) 16.05.2013 – 22.05.2013, Ռազմաքաղաքական


16/05/2013