Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԺԱՆԻ ՀԵՐԹԱՓՈԽ



«Հայրենապաշտպան դաստիարակություն.ահա մեր փրկության խարիսխը»:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 դպրոցում արդյունավետ աշխատանք է կատարվում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ։

Այս կրթօջախում հաճախակի են կազմակերպվում միջոցառումներ՝ նվիրված հայոց լեզվին, հայոց պատմությանը, հայ ազգին, հայ ընտանիքին, հայկական բանակին, կազմակերպվում են հանդիպումներ Արցախյան պատերազմի մասնակիցների, զինվորականների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ:

«Մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությունը մշտապես գտնվում է ժամանակակից դպրոցի ուշադրության կենտրոնում, քանի որ մանկությունն ու պատանեկությունն ամենանպաստավոր շրջանն է անձի մոտ հայրենիքի նկատմամբ իր պատկերացումները ճիշտ ձևավորելու, հայրենասիրություն արմատավորելու և հայրենիքի պաշտպանի գիտակցումը սերմանելու համար: Այս հարցն էլ ավելի սուր է ներկայանում մեր օրերում, քանզի այսօր ակներև է ավանդական հայրենասիրական գիտակցության մակարդակի նվազումը,-նշում է դպրոցի տնօրեն Նարա Պետրոսյանը և շարունակում,- համակարգված աշխատանք է կատարվում այս ուղղությամբ, ամեն մեկս պետք է կարևորենք մեր դերը հայրենանվեր, հայրենիքի հոգսուցավով ապրող, հայրենիքի տեր ու զինվոր դաստիրակելու գործում»:

Դպրոցում կարևորվում է հատկապես ազգային բանակի համար արժանի հերթափոխ պատրաստելը։ Դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Գրիգոր Մկրտչյանը Արցախյան պատերազմի մասնակից է: Պատերազմի ցավն ու դառնությունը ճաշակած զինղեկը զինվորականին վայել պարտաճանաչությամբ ու պատասխանատվությամբ է դասավանդում առարկան։ Մասնագիտական դասասենյակը, որն անվանակոչված է «Արամո» ջոկատի անունով, կահավորված է առարկայի պահանջներին համապատասխան։ Պաշտպանության նախարարությունը դասասենյակին հատկացրել է աշակերտական նստարաններ, վահանակներ։ Կատարված արդյունավետ աշխատանքի խոսուն վկաներն են նաև բազմաթիվ պատվոգրերն ու շնորհակալագրերը, որոնք տրվել են ՀՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ պաշտպանության բանակի, ԵԿՄ վարչության, Ազատամարտի վետերանների միության, հասարակական, ռազմահայրենասիրական կազմակերպությունների կողմից։

Դպրոցը շնորհակալական բազմաթիվ նամակներ է ստանում զորամասերից` շրջանավարտների բարեխիղճ ծառայության համար։ Աշակերտները լավ են տիրապետում արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, առաջին օգնության, փոխօգնության, առողջ ապրելակերպի վերաբերյալ գիտելիքների: Դպրոցի սաները մասնակցել են ռազմամարզական խաղերի, «Ռազմագիտություն» առարկայից օլիմպիադաների, գրավել մրցանակային տեղեր:

Այս կրթարանում կարևորվում է նաև հայրենաճանաչողությունը։ Անցյալ տարի մայիսյան եռատոնին մի խումբ աշակերտներ ուսուցիչների և ազատամարտիկների հետ ուղևորվեցին Արցախ աշխարհ, եղան Դադիվանքում, Գանձասարում, Շուշիի Սուրբ Հովհաննես, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցիներում, այցելեցին Կիչան գյուղի զոհված ազատամարտիկ Կարեն Առաքելյանի անունը կրող դպրոց, շփվեցին իրենց հասակակից երեխաների հետ, այցելեցին նաև ԼՂՀ ՊԲ N զորամաս, մոտիկից ծանոթացան զինվորական առօրյային, մեկ օր ապրեցին զինվորական կարգուկանոնով՝ մարզվեցին, զենք քանդեցին-հավաքեցին, ճաշակեցին զինվորական կերակուրը, երեկոյան մասնակցեցին անվանականչին և իրենք էլ մի քիչ զինվորացած` տուն դարձան այն գիտակցումով, որ մեր ափաչափ մնացած հայրենիքի պաշտպանության գործում կարևոր է յուրաքանչյուրի դերը:

-Բարձրագոչ ճառերով հայրենասիրություն չես դաստիարակի, պարզապես գործ է պետք անել, աշխատանք, որը կնպաստի աշակերտի մեջ հայրենասիրություն արմատավորելուն,- նշում է զինղեկ Գրիգոր Մկրտչյանը։

Հայտնի է, որ դպրոցում դասավանդման որակի մասին պատկերացում է տալիս ամեն տարի բուհ ընդունվող շրջանավարտների թիվը: Կարծում եմ՝ դրա հետ մեկտեղ պակաս կարևոր ցուցանիշ չէ նաև այն, թե հայրենասեր քանի քաղաքացի է կրթել ու դաստիարակել կրթօջախը։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #19 (986) 16.05.2013 – 22.05.2013, Բանակ և հասարակություն


16/05/2013