ԱՅՍՊԵՍ ԱՊՐԻՐ
Զրույց Երեւանի թիվ 62 մանկապարտեզի տնօրեն Ռայա Գեւորգյանի հետ
-Տիկին Գևորգյան, Դավիթաշենի թիվ 62 մանկապարտեզ մեր այսօրվա այցելության նպատակը «Սասնա ծռեր» կամավորական ջոկատի հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Սամվել Գևորգյանի մեծարման ցերեկույթին մասնակցելն էր, բայց տեսնելով մանկապարտեզի գեղեցիկ և բովանդակալից կահավորանքն ու ցուցապաստառները, խնամված այգին, ինչպես նաև բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների շարքում նկատելով պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալը, ցանկություն առաջացավ զրուցելու Ձեզ հետ:
– Սիրով: Իմ բոլոր պատվոգրերի ու մեդալների շարքում պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալը առանձնահատուկ նշանակություն ունի ինձ համար, և ես այն կրում եմ մեծ հպարտությամբ: Այս մեդալն ստացել եմ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում արձանագրած հաջողությունների համար: Ես այն համոզման եմ, որ մատաղ սերնդի շարունակական և ծրագրավորված դաստիարակության մեջ իր անփոխարինելի դերն ունի մանկապարտեզը, քանի որ հենց նախադպրոցական տարիքում է ձևավորվում անհատի վարքի և մտածողության հիմքն ու առանցքը: Երեխայի նուրբ ու ընկալունակ հոգին «պատճենում է» իրեն շրջապատող աշխարհի յուրաքանչյուր մանրուք: Այդ պատճառով էլ ես բծախնդիր ուշադրությամբ եմ ընտրում մանկապարտեզի բոլոր աշխատակիցներին` սկսած մանկավարժից մինչև խոհարար, որովհետև երեխան սովորում է բոլորից, և մանկապարտեզում բոլորն են պարտավոր դրական օրինակ ծառայել երեխայի համար` իրենց հագուկապով, պահվածքով, վարվեցողությամբ… Երեխան մանկապարտեզում պետք է տեսնի ճաշակ, գեղեցկություն, մաքրություն, սեր, բարություն, մեղմություն, հանդուրժողականություն…
-Ո՞րն է լավ մարդու և քաղաքացու Ձեր մոդելը:
-Մեր մանկապարտեզում երեխայի դաստիարակությունը խարսխվում է երեք հենասյուների վրա` հոգևոր դաստիարակություն, ազգային և ռազմահայրենասիրական:
Այս երեք ակունքից են սկիզբ առնում մարդու բոլոր փոքր ու մեծ առաքինությունները:Հայրենիքի գաղափարը, որքան վերացական, նույնքան սրտամոտ է, երեխային ճշմարիտ հայրենասիրությամբ տոգորելու ջանքերը միշտ էլ արդյունք են տալիս, եթե դու անկեղծ ես, եթե հավատում ես քո քարոզած գաղափարներին, եթե չկա հակասություն քո կերպարի և քո քարոզած գաղափարների միջև, եթե գործով ես ապացուցում քո արժեհամակարգի արդարացիությունը:
-Հուշ-ցերեկույթը րոպեներ առաջ է ավարտվել, և ես դեռևս միջոցառման տպավորության տակ եմ: Որքան հուզիչ էր զինվորական համազգեստով փոքրիկների «կառուցած» Արարատը` եռագույնը գագաթին… Հայկական բանակի համազգեստ հագած կենդանի Արարատ` հաղթանակի դրոշով…
-Հայրենիքը նրանց հոգում գոյանալու-մեծանալու է կաթիլ առ կաթիլ… Ինչպիսի հայ կլինեն նրանք ապագայում, ինչպիսի երկիր կկառուցեն, կախված է մեզնից:
Մեծապես կարևորում եմ նաև հոգևոր դաստիարակության դերը, մենք պարբերաբար անդրադառնում ենք եկեղեցական տոներին, կազմակերպում ենք թատերականացված ցերեկույթներ: Քրիստոնեությունը մեր ազգային հոգեկերտվածքի հիմքն է, մեր ազգային վարքականոնը:
Մենք պիտի է՛լ ավելի մոտ լինենք մեր ազգային ինքնությանը` կենցաղային մշակույթին, ավանդույթներին, արժեքներին, պատմությանը: Մեր օդը ներծծված է ասքերով, ավանդույթներով, լեգենդներով և հերոսականությամբ… Մեր կենսագրությունը փառավորված է հզոր մշակութային արարումներով: Այսինքն` մեր ազգային հպարտությունը սնող ակունքը հորդ է ու անսպառ: Մեզ մնում է միայն ճիշտ սնվել այդ ակունքից, չհեռանալ…
-Կենդանի լեգենդ Սամվել Գևորգյանի սխրանքը մի նոր դրվագ ավելացրեց մեր դարավոր դյուցազներգություններին: Շատ հուզիչ էր նրա երեք թոռնուհիների` Մոնիկայի, Սվետլանայի և Վիկտորյայի խոսքը… «թե չլիներ պատերազմը, ես էլ պապիկ կունենայի»…
-Ես կցանկանայի մեջբերել թոռնուհուս` Մոնիկայի խոսքը, որը հնչեց միջոցառման ժամանակ. «Մարդու կենսագրությունը բնավ էլ չի սկսվում իր ծննդյան օրվանից, որովհետև նախնիներիդ ապրած կյանքը գումարվում է քո ապրած տարիներին` հավելելով հպարտություն կամ նախատինք, նվաստացում կամ փառք: Եվ դա ամենամեծ ու կարևոր ժառանգությունն է, որ դու կարող ես ստանալ անցյալից: Ես կարող էի պապիս անվան կողքին դնել նրա բոլոր տիտղոսները և պետական կոչումները, բայց գերադասեցի մեծ հպարտությամբ արտասանել նրա անուն-ազգանունը, որովհետև Սամվել Գևորգյանի իրական կերպարը շատ ավելի գունեղ է, ազնիվ ու շռայլ, քան նրա տիտղոսները և այն ասքանման պատմությունները, որ հնչել ու հնչելու են նրա մասին: Եվ ես գիտեմ` հանուն ընկերների փրկության միայնակ թուրքի դեմ գնացող քաջի կերպարը միայն իմ ընտանիքի ու հարազատների հպարտությունը չէ, այլ մի ամբողջ ժողովրդի փառքն ու արժանապատվությունը… Ես գիտեմ, որ պապիս անունն ու գործը սխրանքի են կոչելու ոչ միայն իր ժառանգներին, այլ սերունդներ են արիացնելու»: Այս խոսքերի տակ կարող է ստորագրել յուրաքանչյուր հայ պատանի ու աղջնակ` բարձրացող սերունդը, որովհետև Սամվել Գևորգյանի և նրա նմանների սխրանքը այցեքարտ է յուրաքանչյուր հայի համար: Որովհետև նրանց կենսագրությունը սեփական ժողովրդի պատմությունն է:
Թիվ 62 մանկապարտեզը ղեկավարում եմ արդեն 17 տարի և ուժերիս ներածին չափով արել եմ ամեն ինչ, որ կրթօջախը դառնա մեր փոքրիկների ամենաբարի, ամենալուսավոր, ամենասիրելի հեքիաթը: Որ կարողանանք ազնվության, քաջության, բարության, հայրենասիրության սերմեր ցանել նրանց մաքուր ու արևոտ հոգիներում: Հուսալով, որ այդ սերմերը հետագայում ևս կարժանանան սրտացավ խնամքի, հոգատարության և կծլարձակեն: Ու վաղվա Հայաստանը կլինի շատ ավելի ուժեղ, բարի ու պաշտպանված: Հանձինս նաև այս փոքրիկների, որոնք այսօր հայրենասիրական բանաստեղծություններ էին արտասանում, երգում էին ռազմի երգեր, պատվի էին առնում զինվորի նման:
– Ձեր տղաները այսօր հագան իրենց առաջին զինվորական համազգեստը…
– Եթե ուշադիր եղաք, ցերեկույթը եզրափակվեց բանակին ուղղված ներբողներով: Մենք ցանկանում ենք ապագա զինվորի հոգում բանակի գաղափարը արմատավորել սկսած նախադպրոցական տարիքից և արթնացնել դրական հույզեր բանակի հանդեպ:
-Մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար այսօր Դուք ստացաք Երկրապահ կամավորականների միության պատվոգիր: Կարծում եմ` սա պատշաճ գնահատանք է Ձեր տքնանքին, Ձեր ջանքերին…
– Միշտ էլ հաճելի է արժանանալ գնահատանքի, բայց ինձ համար ամենամեծ վարձատրությունը եղել է և կլինի այն, որ ամուսնուս ու նրա նման քաջերի արյամբ փրկագնված Արցախն ու Հայաստանը դառնան սիրելի ու հզոր հայրենիք յուրաքանչյուր հայի համար: Դառնան ապրելու ամենացանկալի վայրը:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԱԾ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Որպես հարգանք ապրիր,
Ապրիր գորով որպես,
Որպես խանդաղատանք.
Երկար-երկար ապրիր
երակներում մեր հին,
Երկնի աստղերի մեջ
Ու աչքերում գարնան,
Ծաղկի խոսուն սրտում,
Հողում մեռնող աշնան,
Ձմռան սառը շնչում,
Ապրիր երկար այնքան
Մինչեւ սերդ գրկես,
Քաղցր ու ամուր այնքան,
Մինչ երգը երգես
Քո հայրական հին տան:
Ապրիր սերդ սրտում,
Երգդ շուրթիդ ապրիր,
Ալիքներում ծովի
Ու ցողի մեջ այս թանկ,
Որպես արեւ ապրիր,
Ապրիր հունդը որպես,
Ժպիտներում ապրիր,
Որպես ե՛ւ մահ, ե՛ւ կյանք:
Ապրի՛ր…
ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Խորագիր՝ #19 (986) 16.05.2013 – 22.05.2013, Բանակ և հասարակություն