Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԿՈՉ, ՊԱՅՔԱՐԻ ԿՈՉՆԱԿ…



1991 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Խորհրդային Միության ղեկավարությունը ձեռնարկեց մի հրեշավոր գործողություն մեր ժողովրդի նկատմամբ, որն անվանեց «Օղակ-Կոլցո»: Կարմիր բանակի զինվորների և ադրբեջանական օմօնի՝ մինչև ատամները զինված զորամիավորումները հարձակում սկսեցին Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանային բնակավայրերի վրա՝ տեղահան անելով հայ բնակչությանն իր դարավոր օջախներից, սպանելով հարյուրավոր մարդկանց: Այդ օրերի մասին է իմ ռեպորտաժը (որոշ փոփոխություններով), որը տպագրվել է «Երեկոյան Երևան» թերթում (լուսանկարներով) 1991 թվականի մայիսյան համարներից մեկում:

1991 թվական, մայիսի 20: Գորիս-Երևան ավտոբուսի ուղևորների կեսը բռնագաղթածներ էին. վշտաբեկ հադրութցի տարեց կնոջ աչքերը ողջ ճանապարհին չչորացան: Նրան դաժան ծեծի ու թալանի էին ենթարկել և քշել հարազատ տնից: Այո, ավտոբուսի կեսը բռնագաղթածներ էին Հադրութի շրջանից ու Բերդաձորից: Բոլորն էլ Երևան էին գալիս հարազատների ու բարեկամների, ծանոթների և, ով գիտե, էլի ում մոտ ապաստան խնդրելու: Գալիս էին` չհավատալով, որ ողջ են դուրս պրծել դժոխքից, հիշելով երբեմնի շեն ու լի օջախները, բերքառատ այգիները, հարազատ վայրերը: Գալիս էին՝ տեղեկություն չունենալով բախտի քմահաճույքին մատնված ու ձերբակալված իրենց զավակների, թոռների, հարեւան-բարեկամների մասին: Նրանք բոլորն էլ ծերեր էին: Դաժան, ամենադաժան ճակատագիրն էր նրանց բաժին հասել՝ կյանքի մայրամուտին բռնի դուրս էին քշվել հայրենի եզերքից, արյուն-քրտինքով կառուցած տներից: Գալիս էին՝ սփռվելու Հայաստանով մեկ:

Մայիսի 18: Խնձորեսկի կանաչ դաշտում բոնագաղթածների երկու ճամբար՝ իրարից մոտ մեկ կիլոմետր հեռու: Մի խումբը գտնվում էր Ադրբեջանի Լաչինի տարածքում: Խորհրդային զինվորներն ու օմօնականները «պաշտպանում էին ճամբարականների անդորրը»: Շուրջ 1700 հոգի՝ ծեր ու մանուկ, ջահել կին ու նորածին, արդեն մի քանի օր է, ինչ արևի ու անձրևի տակ իրենց գոյությունն էին քարշ տալիս վրանաշեն ճամբարում: Բոլորն էլ այստեղ էին բերվել Հադրութի շրջանի գյուղերից:

Երկրորդ ճամբարն այդ գիշերն էր գոյացել, որի բնակիչները նույնպես Հադրութի շրջանից էին, Բանազուր, Ջրաբերդ և Արևշատ (Դոլանլար) գյուղերից՝ շուրջ 186 հոգի: Մի քանի երեխայից բացի, մնացածը 60-ից 100 տարեկան այր ու կին էին: Այսինքն՝ հնամենի գյուղերի հինավուրց կաղնիներն էին, որոնց կտրել էին դարավոր արմատներից ու նետել սահմանից անդին՝ Խնձորեսկի բաց դաշտում:

Մոտեցա մի ծերունու. Դոլանլար գյուղից էր, անունը՝ Ասլան: Դպրոցի ուսուցիչ էր եղել, պատերազմի, աշխատանքի վետերան, մեդալների ու շքանշանների տեր, պահեստազորի կապիտան… ցնցոտիների մեջ:

-Օխտը կտոր վեշ ա եղել, էն էլ շոփերն ա գողացել: Էնքան են գլխիս թակալ, աչքերս ցավում են:

Ցույց տվեց իր շեն տնից ձեռք գցած «հարստությունը»՝ երկու տոպրակ: Մեկի մեջ արդեն բորբոսնած հաց ու այլ սննդամթերք, մյուսում՝ հնոտիք: Ողջ ունեցվածքը վաճառել Էր ընդամենը 1500 ոուբլով, սակայն դա էլ օմօնականներն էին խլել:

100-ամյա մի ծերունի էլ շվարած նստել էր խոտերին ու անթարթ, անհաղորդ հայացքով ո՞ւր էր նայում, չգիտես: Պինդ նյարդեր էին պետք՝ տեսնելու այդ ողբերգությունն ու դիմանալ, տեսնելու զառամյալ ծերունու աչքի արցունքն ու այսուհետ հանգիստ ունենալ: Ո՞վ պետք է պատասխան տա այս բարբարոսության համար: Չպե՞տք է պատժվեն 100-ամյա ծերունուն իր տնից վտարողները, 80-ամյա կնոջը ծեծողները: Ո՛չ մի հուսադրող մխիթարական խոսք, ո՛չ մի փաղաքշանք ի զորու չէին նրանց վիշտը փարատելու:

Մի տարեց այր չէր կարողանում զսպել արցունքը և կատաղած գոռում էր.

-Էս Սավետը ամենակեղտոտ Սավետն ա աշխարհում, թող գան ինձ բռնեն, ինչ ուզում է՝ անեն:

Միամիտ, խեղճուկրակ մարդ… վատթար Էլ ի՞նչ է լինում:

Մի կին մորմոքով պատմում էր.

-Վերջին անգամ, երբ մտա տուն, տեսա մի ադրբեջանցի կին տանս եղածն էր տանում: Ասում էր, թե շուտուց աչք ունի իմ բակի վրա…

Այսպիսի թշվառ վիճակում էին մեր հայրենակիցները, երբ երկու զրահամեքենաներ եկան-կանգնեցին ճամբարների միջև, չգիտես՝ ո՞ւմ եւ ինչի՞ց պաշտպանելու…: Պարզապես խորհրդային աստվածների կամակատարները մեկ անգամ ևս ծաղրի էին ենթարկում իրենց անմեղ զոհերին՝ վերջնականապես ճզմելու-փոշիացնելու հույսի չնչին առկայծում անգամ…:

Նույն օրվա երեկոյան բռնագաղթածների մեկ այլ խումբ հասավ Տեղ գյուղ: Բերդաձորն էր «մաքրվել» հայերից: Տալով մեկ զոհ՝ Անուշավան Գրիգորյանին, 20-ից ավելի ձերբակալված բերդաձորցիներ, ենթարկվելով դաժան խոշտանգումների, ստորացումների, ծաղր ու ծանակի, զորքի ու օմօնի հարկադրանքով, թողել էին իրենց շեները եւ եկել-հասել էին…:

…Գորիս քաղաքում, հյուրանոցի մոտ, մի տուն կա, որի ճակատին մի քարե արձանագրություն կա այն մասին, թե Ղարաղշլաղից (Բերդաձորի Մեծ շեն) Ա.Բաղրը 1919 թվականին գաղթել է Գորիս: Այդ օրն էլ նույն տանը բերդաձորցի գաղթականներ էին ապաստանել. 72 տարի հետո կրկնվում էր ողբերգությունը: Դարձյալ Բերդաձորը կրակների մեջ էր: Եվ դարձյալ նույն ուժերն էին իրագործում ոճիրը:

Մեծշենցիները դեռևս գյուղում են եղել, երբ ադրբեջանցիները փոստի շենքին իրենց դրոշն են կախել: Նրանք երբեք չեն մոռանա իրենց համագյուղացի սիրելի Անուշավանի եղերական մահը: Զինվորներն ու օմօնականները նրան իջեցրել էին նկուղ, պառկեցրել հատակին, կրակահերթ արձակել այն բանի համար, որ նա պաշտպանել էր իր հղի կնոջը: 4 օր նրա դիակը մնացել էր նկուղում: Բոլոր տղամարդիկ ձերբակալված էին: Միայն գաղթի օրը կանայք մի կերպ հանել էին նրա դին ու այգում հանձնել հողին:

1991 թվականի մայիսի 20-ին Գորիս-Երևան ավտոբուսում սուգ էր: Ծերունիների հետ Երևան էր գնում նաև մի աղջիկ: 6-րդ դասարանցի Ինայի համար սա 2-րդ գաղթն էր: Ընտանիքով փախել էին Բաքվից, բնակություն հաստատել Բանազուրում: Ծնողները նախկին արևշատցիներ էին: Աղջնակը տեղեկություն չուներ 2 եղբայրներից, որոնք փախել էին անտառ, երբ զորքն ու օմօնը մտել էին գյուղ:

Օրեր անց մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Ստեփանակերտից հայրենի գյուղեր՝ Բանազուր, Արևշատ (Դոլանլար) են վերադարձել փախստականները, և որ շրջանի պարետը խոստացել է ապահովել նրանց անվտանգությունը: Միգուցե Ինայի եղբայրներն էլ էին վերադարձել: Մեկ տարի անց հայ ազատամարտիկներն ազատագրեցին Բերդաձորը…

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
1991թ. մայիս, Խնձորեսկ-Տեղ-Գորիս-Երևան

Հ.Գ.-Պատմելով մեր ժողովրդի դառը ողբերգության մասին, իհարկե, խուսափելով մանրամասնություններից, ամենեւին ցանկություն չունեմ խղճահարություն, կարեկցանք առաջացնելու: Այլ, ընդհակառակը, սթափության կոչելու, պայքարի կոչնակ:

Խորագիր՝ #19 (986) 16.05.2013 – 22.05.2013, Պատմության էջերից


16/05/2013