ԻՆՉՊԵՍ ԷՐ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԲԱՆԱԿԸ. ՄԱՐՏԻ 5-Ը ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
«Որ մեծագիր Սպարապետը մեր օրերում մեր կողքին իրոք կայացել էր, որ հանձին նրա մենք մեզանում մեր մսից ու արյունից հունցած արտասովոր մեկն ունենք, մեկը՝ որ օրհասի հանդիման մեր կասկածն ու տագնապը մեզնից բոլորից ամենախորն էր թաքցնում, մեկը՝ որ մեր վհատության ու անկման խորատի տեղ հույսի, հավատի ու վստահության բարձունքն էր հառեցնում…»։ Այդ զգալի էր եւ իր կենարար ողջությամբ, բայց առավել քան զգալի է այսօր՝ իր սպանիչ բացակայությամբ, երբ մեր յուրաքանչյուրի ու հանուրի ընթացքին տարտամ շփոթ է ներքաշվել, երբ մեր բոլորի հորիզոնը կրճատվել է ամբողջ փարսախներով, երբ այսօրվա ու վաղվա միջեւ կանգնած ենք մեր հասակների ոչ այն շիտակ պահվածքով, ինչպես կանգնած էինք կորովի իր ներկայությամբ»։
ՀՐ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ՆԱ ՈՉ ԹԵ ՄՏԱՑԱԾԻՆ ԱՌԱՍՊԵԼ ԷՐ, ԱՅԼ՝ ԿԵՆԴԱՆԻ ԵՐԳ
Ղարաբաղյան շարժման հեռուստատարեգրության արխիվներում ինչ-որ տեղ պահպանվում է մի տեսաժապավեն, որը ես տեսել եմ 1990 թվականի ամռանը՝ Լոնդոնում, հայտնի դաշնակցական գործիչ Ղազարոս Հակոբյանի մոտ։ Ավելի քան երկուժամանոց տեսաերիզը ցուցադրում է Մեղրիի շրջանում եւ Հայաստանը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունից բաժանող սարերում տեղի ունեցող մարտերը։ Եզակի կադրեր են։ Դրանցից շատերի վրա նշված է՝ «1990 թվական, գարուն»։
Տեսաերիզի պատճենը, որ Ղազարոսը տվել էր ինձ, հանձնեցի Վազգեն Սարգսյանին։ Նախապես մենք երկուսով դիտեցինք այն մեր տանը. հարկավոր էր տեսնել, թե Վազգենն ինչպիսի՜ ուշադրությամբ էր նայում իր զինակիցների դեմքերին, անընդհատ տալով նրանց անունները, ովքեր զոհվել էին կամ վիրավորվել։ Ավտոմատը հազվադեպ էր նրանց ձեռքերին, շատերը որսորդական հրացաններով էին, կամ նույնիսկ՝ կարճափողերով։ Սակայն ամենակարեւոր արժեքը մարդկային էության մեջ էր, աչքերի՛, որ հպարտություն էին արտացոլում այն գիտակցությունից, որ իրենց բախտ է վիճակվել սեփական կյանքի գնով պաշտպանել հայրենիքը։
Դա այն ժամանակ էր, երբ Ղարաբաղյան շարժման միջոցով արթնացած հայ ժողովրդի ֆիդայական ոգին մի իրական մարմին դարձավ։ Եվ խարիզմատիկ լիդերների շուրջ համախմբվում էին մարտական ջոկատներ, որոնք դեռեւս գոյություն ունեցող ամբողջատիրության պայմաններում առաջինն էին մարտի նետվում արտաքին թշնամու դեմ։ Եվ խարիզմատիկ լիդերների շարքում աչքի էր զարնում հատկապես կապտասեւ մորուքով երիտասարդ Վազգենը։ Այդ մարտերի մեջ բոլորեց նրա երեսունմեկ տարին։ Ես նայում էի հեռուստաէկրանին՝ մերթ ընդ մերթ հայացքս դարձնելով հյուրիս, ու ինձ բռնեցի այն մտքի վրա, որ Վազգենին բանակի առաջնորդ կարգեց ոչ թե պառլամենտը, այլ ինքը՝ ճակատագիրը, որը նրա մեջ ի հայտ բերեց ֆիդայական առաջնորդի աստվածային կրակը, եւ այդ առաջնորդն էլ ամենակարճ ժամանակամիջոցում վերաճեց բանակային ռազմագետի։
Ավա՜ղ, տեսաերիզը, որ ես տվեցի Վազգենին, կորել է, ինչպես մի անգամ նա խոստովանեց՝ «տարբեր տեղերում ցրված իր արխիվում»։
Եվ այսօր չի կարելի, որ տեղից վեր կացողը յուրովի առասպելներ, ասքեր ու երգեր հորինի նրա մասին։ Չի կարելի թեկուզեւ այն պատճառով, որ Վազգենը դեռեւս կենդանության օրոք ինքն արդեն առասպել էր, ասք ու երգ։
Սա վերաբերում է ոչ միայն գրամոլներին, որոնք գրում են Վազգենի մասին, այլեւ առաջին հերթին խմբագիրներին ու հրատարակիչներին, որոնք պետք է վստահեն հեղինակների ոչ միայն լեզվին, այլեւ սրտին։ Չի կարելի ինքնանպատակ խնդիր դնել. անպայմանորեն խոսքը հասցնել ականջներին։ Վազգենն ինքը սիրում էր կրկնել. «Խոսքը սրտից սիրտ է հաղորդվում, իսկ լեզվից՝ միայն ականջներին»։
Մնում է միայն հիշեցնել, որ ամենահարատեւ եւ ամենաամուր հիշողությունը սրտի հիշողությունն է։ Եվ հենց սրտով ենք մենք զգում, որ նա ոչ թե մտացածին առասպել էր, այլ՝ կենդանի երգ։
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
ՍՊԱՐԱՊԵՏԸ ՊՈՌԹԿԱՑ…
ԴՕՍԱԱՖԻ ավիացիոն ուսումնական կենտրոնից պլանային նորոգման ուղարկվող ուսումնամարզական ինքնաթիռները չէին վերադարձվում, ու երբ հասկացանք՝ այլեւս չուղարկեցինք: Մոսկվայից էլ պահանջում էին, «զարմանում», թե անցած տարի դուք էիք խնդրում նորոգել… Իսկ 1991-ին Մոսկվան հստակ հայտարարեց, որ անկախացող հանրապետություններն այսուհետ պիտի վճարեն Ռուսաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող յուրաքանչյուր կուրսանտի համար: Շրջափակված Հայաստանն այդ հնարավորությունները չուներ. մեր վիթխարի ջանքերով ուսուցանված պատանիները սկսեցին հեռացվել ռազմաավիացիոն ուսումնարաններից ու, բնականաբար, առաջինը մեզ մոտ էին գալիս: Եվ շատ արագ պարզվեց, որ ունենք սկզբնական կրթություն ու թռիչքային փորձ ունեցող, սակայն «օդից կտրվող» անձնակազմ: Այդ հանգամանքն էլ պարտադրեց ստեղծել մե՛ր ավիացիոն ռազմաուսումնական հաստատությունը, թեեւ մեզ բոլորը համոզում էին, որ դա անհնար է: Լավ պատկերացնելով բոլոր դժվարությունները՝ մենք էլ, հակառակի պես, համոզված էինք, որ հնարավոր է…
Վազգեն Սարգսյանը դեռ Գերագույն Խորհրդի պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահն էր, երեք անգամ հանդիպեցինք, երկար ու մանրամասն քննարկումներ եղան: Բոլոր հարցերում օգնում էր, թեեւ ազդեցիկ շատ մարդիկ անթաքույց դեմ էին այս ամենին: Եվ հերթական «խորհուրդներից» հետո մի անգամ Սպարապետն ուղղակի պոռթկաց, բոլորի վրա գոռաց, որ իրեն խելք չսովորեցնեն, ու ինձ բառ-բառ ասաց. «Բալայան, եթե վստահ ես, փորձի՛ր, կստացվի՝ շատ լավ, չի ստացվի՝ ոչինչ, Հայաստանում դուք առաջինն եք նման բան ձեռնարկում»:
Ապա հարցրեց. «Բա ուղղաթիռների՞ հարցն ինչպես ենք լուծելու»: Ասացի, որ միայն ուսումնամարզական ինքնաթիռներ ունենք, եւ առանձնապես չհավատալով, որ կտա՝ Գյումրիի առանձին օղակից երկու ուղղաթիռ խնդրեցի: Հանգիստ պատասխանեց. «Այսօր դեկտեմբերի 27-ն է, Նոր տարին կնշեք ու կանցնենք գործի», եւ հասկացա, որ ուղղաթիռներ էլ ենք ունենալու:
Ավիացիոն ուսումնական կենտրոնի հիմնադրումը սկսվեց 1992-ին, իսկ Սպարապետից խնդրած երկու ուղղաթիռների փոխարեն ավելին ստացանք: Կուրսանտներին մեկ շաբաթ ժամանակ տրվեց պատրաստվելու համար, 2-ը հրաժարվեցին, 88-ը եկան սովորելու, եւ սկսվեց…
գնդապետ ԴԱՆԻԵԼ ԲԱԼԱՅԱՆ
Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ
ՍՊԱՐԱՊԵՏԸ ՎՍՏԱՀԵՑ ՄԵԶ
Պետք էր թռչել Ստեփանակերտ՝ Վազգեն Սարգսյանին շտապ բերելու Երեւան: Արդեն ուշ էր, մի ուղղաթիռն էլ տեխնիկական պատճառներով հարկադրված վայրէջք էր կատարել Ջերմուկում: Մինչ անսարքությունը վերացնեին՝ սկսեց մթնել, եւ Ավիացիայի վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Աբրահամյանի հրամանով՝ Սամսոն Սամսոնյանի եւ Արթուր Հայրապետյանի (զոհվեցին համապատասխանաբար 1995-ին եւ 2000-ին՝ մարտական առաջադրանք կատարելիս) հետ օդ բարձրացանք: 94-ի ծանր ձմեռն էր, օդային մայրուղու որեւէ հատվածում աշխատող ռադիոփարոս չկար, որեւէ բնակավայր լուսավորված չէր, որ գեթ դրանով կողմնորոշվեինք: Իսկ գիշերային թռիչքների թույտվություն մեզնից ոչ ոք չուներ:
Արդեն բացարձակ մթության մեջ վայրէջք կատարեցինք Ստեփանակերտի օդանավակայանում, ուր ոչ միայն ռադիոփարոս, դեռ լուսավորություն էլ չկար: Իսկ ուղղաթիռի ռադիոկողմնացույցն աշխատում է միայն գործող ռադիոփարոսի դեպքում, որպիսին այդ պահին կար միայն Նորադուզում:
Վազգեն Սարգսյանին ներկայացրինք իրավիճակը եւ ստացանք իրենից սպասելի միակ պատասխանը. «Տղե՛րք, արե՛ք ինչպես հարմար եք գտնում»: Կողմնացույցը կարգավորելով՝ անթափանց խավարի միջով օդ բարձրացանք եւ մի երկայն կիսաշրջան կատարեցինք, մինչ որսացինք Երեւանի փարոսի ռադիոազդանշանները: Հակառակի պես՝ այստեղ էլ թանձր մառախուղ էր: Ի վերջո՝ ուշացումով վայրէջք կատարեցինք: Մառախուղի մեջ առաջինը նկատեցի Ալեքսանդր Աբրահամյանին: Վարչության պետը, լավ հասկանալով վիճակի ողջ լրջությունը, թռիչքուղում կանգնած, լարված սպասում էր իր նախարարին ու իր օդաչուներին: Հետո, իհարկե, գտնվեցին «գիտակ» մարդիկ, ովքեր իսկույն տարբեր խոսակցություններ սկսեցին, թե իրավունք չունեիք նախարարին վտանգելու, թռիչքի հրաման տալով՝ Աբրահամյանն աններելի սխալ է գործել, բայց Սպարապետն ի՛նքն էլ փակեց այդ խոսակցությունները:
գնդապետ ԵՂԻՇԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ
ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետի տեղակալ
ԳՈԼՆ ԷԼ ԽՓԵՑ…
Գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը գործուղումից շտապ հետ կանչեց ինձ՝ ասելով. «Վաղը ներկայանում ենք նախարարին, ուսումնական դիվիզիոն ենք կազմավորելու»:
Եկա եւ իսկույն գնացինք տեղակայման վայր: Նախկին խորհրդային զորամասի տարածքն առժամանակ դատարկ մնալով՝ խայտառակ վիճակում էր հայտնվել: Վազգեն Սարգսյանն ինձ նշանակեց հրամանատար ու կարգադրեց ամեն ինչ կարգի բերել, անձնակազմ հավաքել եւ պատրաստվել ընդունելու կուրսանտներին: Այդ պահին մի կին մոտեցավ, թե՝ ես առաջ այստեղ բուժքույր էի, հետո մյուսը, թե՝ ճաշարանի պետն էի, ու այդպես սկսեցինք անձնակազմ հավաքել…
Մինչ շրջում էինք տարածքում, նախարարը կարգադրեց անհրաժեշտ ամեն ինչի մանրամասն ցուցակ կազմել, որովհետեւ հաջորդ օրը բոլոր տեղակալներով գալու է եւ ակումբում խորհրդակցություն գումարելու: Ամեն ինչ հաշվեցի, ողջ գիշեր գրեցի, երբ ծավալը տեսա, ապշեցի. միայն 750մ2 ապակի էր պետք: Իսկ առավոտյան խորհրդակցության ժամանակ կարդալով ներկայացրածս, Սպարապետը հստակ ժամկետներով հանձնարարականներ տվեց բոլոր տեղակալներին եւ ինձ կարգադրեց ցանկացած հարցի կամ ուշացման դեպքում կապվել ուղիղ իր հետ: Եվ սկսեցին բերել ու բերել:
Մի օր էլ գիշերը ժամը 1-ին մի հին ու անսարք գեներատոր բերեցին (դեռ հովհարային անջատումներ էին լինում), հրաժարվեցի ընդունել, իրենք էլ հրաժարվում էին հետ տանել: Զանգեցի, նախարարը դեռ տեղում էր, ճշտեց, թե ովքեր եւ ում կարգադրությամբ են բերել եւ միայն ասաց. «Աբրահամյան, չորս ժամից ձեզ բոլորովին նորը կբերեն»: Լավ էր, որ տեղակալիս՝ Գարուն Աբգարյանի հետ զորամասում էինք մնում, որովհետեւ լույսը դեռ չբացված՝ մյուս գեներատորը բերեցին, որն առ այսօր աշխատում է:
Շուտով առաջին կուրսանտները եկան, մի օր էլ ինքը՝ ստուգելու պարապմունքների ընթացքը: Տարածքի բարեկարգման աշխատանքներին ծանոթանալիս ամայի մի հատվածում հանկարծ կանգնեց, մի պահ լռեց ու ասաց. «Աբրահամյան, ուղիղ մեկ ամիս հետո այստեղից գոլ եմ խփելու, գրիր, թե ինչ է պետք»: Ու վերստին ամեն ինչ հատկացրեց, խաղադաշտ կառուցեցինք, զեկուցեցինք, ու թեեւ շատ էր զբաղված, եկավ, շնորհավորեց, կուրսանտների հետ ֆուտբոլ էլ խաղաց, իր գոլն էլ խփեց…
ԲԱԲԿԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
հրետանու պահեստի գնդապետ