«ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՔԹԻՑՍ ԲՌՆԱԾ ՊՏՏԱՑՐԵՑ»
Անչափ վիրավորված ու վրդովված եմ։ Երանի չհանդիպեի «Սոսե մայրիկ» հասարակական կազմակերպության նախագահ Մարիամ Ստեփանյանին, որը երկու տարի առաջ եկավ Ջաջուռ, մեր տուն և ասաց, թե իրենց կազմակերպությունը որոշել է նախաձեռնություն հանդես բերել և գյուղի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչել իմ որդու` «Արծիվ» մահապարտների գումարտակի զինվոր Դավիթ Ռաֆիկի Գևորգյանի անունով։ Ոչինչ չկասկածելով` տղայիս ունեցած և անվանակոչության համար անհրաժեշտ իր պահանջած բոլոր փաստաթղթերը, այդ թվում` Հանրապետության նախագահի հանձնած «Արիության» մեդալի վկայականը, որոնք ինչպես սրբազան մասունք պահում եմ արդեն քսան տարի, առձեռն տվեցի «Սոսե մայրիկ» հորջորջված կազմակերպության նախագահ տիկնոջը։ Վստահեցի ու փոշմանեցի։ Սկզբում մոտ մեկ տարի համբերատար սպասեցի` կարծելով, որ մի օր այդ կինը կզանգի կամ էլ մի լուր կբերի։ Մեկ տարի ականջս զանգի, աչքս ճամփի սպասեցի և հետո միայն որոշեցի զանգահարել նրա տված հեռախոսահամարով, հետաքրքրվել գործի ընթացքի մասին։ Եվ այդ օրվանից սկսվեցին կնոջ, նրա ստեղծած կազմակերպության գտնվելու վայրի` իմ տանջալից և հոգեմաշ փնտրտուքները։ Երկու տարի այդ կինը, ինչպես ժողովուրդն է ասում, քթիցս բռնած պտտացրեց, էլ չեմ ասում այն վիրավորական արտահայտությունները, որ նա հեռախոսով հնչեցրեց իմ` «Արծիվ» մահապարտ Դավիթ Գևորգյանի մոր հասցեին։ Երկու տարի Մարիամ Ստեփանյանին էի փնտրում, որպեսզի ետ պահանջեի տղայիս փաստաթղթերը, երկու տարի Երևան- Ջաջուռը ջրի ճանապարհ էի դարձրել այդ անխիղճ կնոջ պատճառով։ Հիմա եմ հասկացել, թե ինչ սխալ եմ թույլ տվել, որ վստահել ու հավատացել եմ նրան։ Չլիներ «Հայ զինվոր» թերթի աշխատակիցների հետ իմ պատահական հանդիպումը, ով իմանա, գուցե ես մի երկու տարի էլ փնտրեի ու Աստված գիտի` կգտնեի՞ արդյոք «Սոսե մայրիկ» կոչվածին։
Հարգելի պարոն գլխավոր խմբագիր, Ձեր աշխատակիցների նախանձախնդիր և սրտացավ վերաբերմունքը տվեց իր արդյունքը, ինչի համար հայտնում եմ իմ մարդկային-մայրական շնորհակալությունը։
Մի խնդրանք ունեմ. դուք էլ բարձրաձայնեք նման խիստ կասկածելի հասարակական գործունեություն ծավալած, մարդկանց վստահությունը չարաշահող, խաբեբա կազմակերպությունների մասին, ինչպիսին է տխրահռչակ «Սոսե մայրիկ» կազմակերպությունը։ Հազար ափսոս, որ թույլ են տվել այդ հայրենասեր կնոջ անունով անվանակոչել այդ կասկածելի կազմակերպությունը։
ՏԱՆՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ
Շիրակի մարզ, գյուղ Ջաջուռ