Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ЗОЛОТЫЕ ГОЛОСА АРМЕНИИ»



«Զորական» համույթի մրցանակները զինվորական երգի միջազգային փառատոնում

Զելենոգրադ քաղաքում ապրիլի 27-ին մեկնարկեց «Վիվատ պոբեդա» զինվորական երգի 15-րդ միջազգային փառատոնը` նվիրված հաղթանակի 68-ամյակին: Փառատոնի նպատակն է վառ պահել հայրենիքի հանդեպ սերը, պահպանել եւ տարածել ռազմահայրենասիրական երգերը, նպաստել տարբեր ազգերի եւ տարբեր սերունդների հոգեւոր մշակութային միասնությանը:

Տարեցտարի փառատոնն է՛լ ավելի է ընդլայնում իր աշխարհագրական շրջանակը` Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Տաջիկստան, Լատվիա, Չեխիա, Ղազախստան, Ղրղըզստան:

-«Վիվատ պոբեդա» զինվորական երգի փառատոնում արդեն քանի տարի հանդես է գալիս նաեւ ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը եւ ամեն անգամ վերադառնում մրցանակներով: Այս տարի եւս բացառություն չէր,- ասում է ՀՀ ՊՆ Սպայի տան պետ գնդապետ Գուրգեն Խաչատրյանը: -Փառատոնին մասնակցել են 5 մենակատարներ` Արամ Հովեյանը, Խորեն Գալստյանը, Վիգեն Ահարոնյանը, Սեդրակ Պապյանը եւ Տիգրան Մելքոնյանը, ու թեեւ երկու մրցանակ են բերել, բայց առանց վարանելու կարող եմ շեշտել, որ հինգն էլ հնարավոր հաղթողներ էին համարվում, քանի որ գերազանց պատրաստված էին:

– Գնալով ավելի են խստանում փառատոնի մասնակիցներին ներկայացվող պահանջները, է՛լ ավելի պատրաստված, պրոֆեսիոնալ մասնակիցներ են հանդես գալիս,-նշում է «Զորական» համույթի գեղարվեստական ղեկավար, մայոր Արամ Գալստյանը: – Փառատոնի ժյուրիի նախագահ, ՌԴ ժողովրդական արտիստ Բորիս Գալկինը չթաքցրեց, որ իրենց համար չափազանց դժվարացել է հաղթողների ընտրությունը, քանի որ փայլուն կատարումները հաջորդում էին մեկը մյուսին: Մեր տղաները լավ երգեցին, գոհ եմ, սպասելիքներս արդարացան: Այս մի քանի տարիների մասնակցության ընթացքում արդեն ունենք 15 դափնեկիր, որոնցից 4-ը` կրկնակի:

«Զորականի» երգացանկում, ինչպես միշտ, հրաշալի երգեր էին ընտրված: Իսկ գալահամերգի ժամանակ հնչած «Мой Ереван », «Աշնան քարավան» երգերի կատարումներին զուգահեռ` էկրանին հայտնվում էին հայաստանյան գեղեցիկ ու չքնաղ պատկերներ, եւ հանդիսատեսը հիանալով-հմայվելով ու մի քիչ էլ հայանալով` ունկնդրում էր մեր զինվոր տղաների անզուգական կատարումները:

Զրուցում եմ փառատոնից հաղթանակով վերադարձած ուսադիրավոր աստղերի` մեր դափնեկիր զինվորների հետ:

Վիգեն Ահարոնյանը «Վիվատ պոբեդա» փառատոնի ժամանակ «Պրոֆեսիոնալ հեղինակների երգի կատարում» անվանակարգում գրավել է 2-րդ տեղը, պարգեւատրվել մեդալով եւ փառատոնի խորհրդանիշ արձանիկով:

Վիգենը ավարտել է պարարվեստի ուսումնարանը, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի ակադեմիական ուսումնարանը, Երգի պետական թատրոնը, ուսանել պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում: Մասնակցել է տարբեր մրցույթների, «Մուտք 21-րդ դար» մրցույթ-փառատոնի ոսկե մեդալակիր է: Ներկայումս ծառայում է N զորամասում եւ հանդես գալիս «Զորական» համույթում:

-Վստահ էի ուժերիս վրա, տրամադրված լավ ելույթի,- ասում է Վիգենը,-բայց միաժամանակ հուզված էի, զգում էի մեծ պատասխանատվություն եւ պարտավորվածություն` ներկայացնելու էի Հայաստանը, մեր բանակը… Աղոթեցի, խաչակնքեցի եւ բեմ դուրս եկա: Հանդիսատեսը օտար էր` տարբեր ազգերի ներկայացուցիչներ, խստապահանջ ժյուրի: Երգեցի «Такая нам судьба дана», «Как молоды мы были»: Ելույթից հետո հուզված, արտասվախառն աչքերով ինձ էին մոտենում Մեծ հայրենականի վետերանները, անծանոթ մարդիկ, շնորհավորում ու շնորհակալություն հայտնում կատարմանս համար, լուսանկարվում ինձ հետ: Երգը նրանց տարել-հասցրել էր իրենց երիտասարդություն… Որքան հզոր է արվեստի ուժը… Անգամ ժյուրիի անդամներն էին հուզվել ու խոստովանեցին, որ նման պրոֆեսիոնալ կատարում վաղուց չէին լսել… Անչափ տպավորված եմ վերադարձել փառատոնից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, բոլոր նրանց, ում շնորհիվ ես ծառայությունս կարողանում եմ համատեղել սիրածս մասնագիտության հետ: Հաղթանակս ազդակ կհանդիսանա, որ է՛լ ավելի լավ երգեմ: Վերջում չեմ կարող հպարտորեն չավելացնել, որ փառատոնում առաջին տեղը գրաված «Верни мне музыку» երգի երաժշտության հեղինակը Առնո Բաբաջանյանն էր: Այսինքն` հաղթեց հայկական մեղեդին: Ի դեպ, հատուկ մրցանակ ստացած զուգերգի կատարողներից մեկը եւս հայ էր, թեեւ ուրիշ դրոշի ներքո էր հանդես գալիս:

«Վիվատ պոբեդա» փառատոնի ժամանակ բարձրագույն կատարողական վարպետության համար հատուկ մրցանակի արժանացավ նաեւ «Զորական» համույթի մենակատար Տիգրան Մելքոնյանը: Տիգրանը երգել է «Փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբում, սովորել ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային հատուկ մասնագիտացված դպրոցում, հեռուստատեսությամբ եւ ռադիոյով մանկապատանեկան երաժշտական հաղորդումներ վարել: Վ. Սպիվակովի անվան բարեգործական հիմնադրամի անդամ է: Տիգրանը ես մասնակցել է տարբեր մրցույթների. «Վերածնունդ» միջազգային փառատոնում, «Երգող Հայաստան» հանրապետական մրցույթում շահել է գլխավոր մրցանակներ: ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսից զորակոչվել է բանակ, երգում է «Զորականում»:

-Զինվորական փառատոնի ժամանակ անչափ հուզված էի: Միշտ էլ բեմ բարձրանալիս հուզվում եմ, անկախ նրանից` փոքր բեմում եմ, թե մեծ, պարտավոր եմ բարձր կատարողականություն հանդես բերել: Երգն էլ հզոր զենք է, որով գրավում ես մարդկանց սրտերը: Երգեցի « Родина», « На солнечной поляне», դահլիճը, ժյուրին ձայնակցում էին, այնքան ինքնաբուխ ու գեղեցիկ էր այդ ամենը, որ անգամ հաղորդավարուհին նկատեց` հայերը շարունակում են հիացնել…

Մինչեւ փառատոնի արդյունքների ամփոփումը մեզ արդեն շնորհավորում էին` «Զորականի» կատարումները իսկապես ոչ մեկին անտարբեր չէր թողել: Հետո բելառուս տղաներին միջանցքում հանդիպեցի, որոնք շնորհավորեցին ու ասացին, որ մեր հայերից մեկը 2-րդ տեղն է գրավել, իսկ մյուսը` հատուկ մրցանակի արժանացել. «Ձեր Վիգենը 2-րդ տեղն է զբաղեցրել»: Գրեթե շնչակտուր գտա Վիգենին եւ հայտնեցի լավ լուրը, ու միասին 14-րդ հարկից ոտքով իջանք ներքեւ` տեսնելու ցուցակները, այնքան հուզված էինք, որ մոռացանք անգամ վերելակից օգտվել: Արդեն ներքեւում` ցուցակների մոտ, հիշեցի, որ բելառուս տղաները ասացին, որ մեզ 2 մրցանակ է շնորհվել, եւ անունների շարքում սկսեցի փնտրել, թե մերոնցից էլ ով է շահել: ՈՒ… իմ անունն եմ կարդում: Հուզմունք, հպարտություն, ամեն ինչ խառնվել էր, զգացողությունների խառնաշփոթ էր…Հպարտ եմ, որ ծառայությանս ընթացքում միջազգային փառատոնի մասնակցեցի եւ անգամ մրցանակ ստացա:

♦♦♦

«Զորականի» տղաները, ինչպես միշտ, այս անգամ էլ փայլուն կատարումներով հանդես եկան` բարձր պահելով Հայաստանի Հանրապետության, հայոց բանակի պատիվը: Նրանք դեռ երկար կհիշեն իրենց կատարումներին հաջորդող ծափերի տեղատարափը, հանդիսատեսի ջերմ ընդունելությունն ու ժյուրիի հիացական եւ անկեղծ խոսքերը` « Золотые голоса Армении»…

Հայ զինվորը ոչ միայն զենքով, երգով էլ պիտի հաղթի:

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #19 (986) 16.05.2013 – 22.05.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/05/2013