ԱՌԱՋՆՈՐԴ ԼԻՆԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ
Դոկտոր Արփի Բալյանի դասընթացը ռազմական ինստիտուտում
Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հատուկ դասընթացների բաժնի տնօրեն, դոկտոր Արփի Բալյանը արդեն մի քանի շաբաթ ՍԿՈԲ կենտրոնի ունկնդիրների համար իրականացնում է առաջնորդության եւ կառավարման վերաբերյալ հատուկ դասընթացներ: Փորձագետի ներգրավվածությունը ռազմական ուսուցման գործընթացում իրականություն է դարձել ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը խթանելու եւ զարգացնելու նպատակով Հայաստանի Ամերիկյան համալսարանի ղեկավարության հետ մի շարք հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:
Դասընթացներից մեկին մասնակցեցինք նաեւ մենք: Թեման` Առաջնորդությունը բանակում: «Այդ դասը նվիրված է սեփական ոճը որոշելուն և առաջնորդության սկզբունքների սեփական համակարգը ստեղծելուն: Դասընթացի հիմնական պահանջներից է, որ պատկերացնեք ձեր ներկայիս ոճը, մշակեք առաջնորդության սկզբունքների ձեր համակարգը և մտածեք այդ համակարգը կիրառելու և ձեր ապագան ձևավորելու մասին, ապա կազմեք զարգացման ծրագիր, որը ձեզ կօգնի հասնելու այդ ոճին: Դասի նպատակն է ձեզ ավելի լավ պատկերացում տալ սեփական ոճի բաղադրիչների և առաջնորդության սկզբունքների սեփական համակարգի մասին»,-նշեց Արփի Բալյանն ու սլայդների միջոցով ներկայացրեց առաջնորդության ոճերը և գաղափարական ուղղությունները: Ըստ փորձագետի`յուրաքանչյուր առաջնորդ հաղորդակցվում է իր ուրույն եղանակով, որը հիմնված է մի շարք գործոնների վրա, ներառյալ` անհատականությունը, անձնական օրինակը, փորձը, կրթությունը, պատրաստվածությունը և իրավիճակը, յուրաքանչյուր հետևող նույնպես ունի առաջնորդին արձագանքելու կամ պատասխանելու իր անզուգական եղանակը. «Առաջնորդները պետք է մշտապես աշխատեն զարգացնել իրենց կարողությունները` միաժամանակ ավելի լավ հասկանալով իրենց հետևողներին, որոնք հաճախ ստիպված են լինում հարմարվել առաջնորդելու այնպիսի ոճի, որն իրենց բոլորովին հարմար չէ»: Քննարկման ընթացքում դիտարկվեցին մարդկանց առաջնորդելու մի քանի հիմնական մոտեցումներ:
Առաջնորդության ոճերը
Ավտորիտար ոճ
♦ Ավտորիտար կամ ավտոկրատ ոճը սահմանում է հստակ ակնկալիքներ, թե ինչ է պետք իրականացնել, երբ է պետք այդ անել և ինչպես է պետք անել:
♦ Քանի որ ավտորիտար առաջնորդները որոշում կայացնում են խմբից անկախ, սովորաբար կա հստակ տարանջատում առաջնորդի և հետևողների միջև:
♦ Ավտոկրատ առաջնորդներին կարելի է համարել կառավարող, տիրական և բռնակալական` այս ոճը չարաշահելու դեպքում:
Ժողովրդավարական ոճ
♦ Ժողովրդավար առաջնորդները խրախուսում են խմբի ներդրումը, նրանք սովորաբար իրենց են պահում վերջնական խոսքը որոշումների կայացման ժամանակ:
♦ Այս կերպ առաջնորդվող խմբի անդամներն իրենց ավելի ներգրավված են զգում որոշումների կայացման գործընթացում և սովորաբար ավելի ստեղծագործ ու շահադրդված են:
♦ Թեև նրանց ներդրումն ավելի բարձր է որակով, այս խմբի անդամները կարող են նվազ արտադրողական լինել, քան ավտորիտար ոճով առաջնորդվողները:
Չմիջամտելու ոճը
♦ Չմիջամտելով առաջնորդելու ոճն ավելի հարմար է այն իրավիճակներում, երբ խմբի անդամները ունակ են և ցանկանում են աշխատել անկախ: Սա կիրառելի չէ զինվորականության պարագայում:
♦ Անկախ աշխատելու հնարավորություն չունենալու դեպքում այս խմբի անդամները հնարավոր է լինեն նվազ արտադրողական և ավելի մեծ պահանջներ ներկայացնեն առաջնորդին:
Հաջորդ փուլում Արփի Բալյանը ներկայացրեց առաջնորդի հատկանշական գծերը` ֆիզիկական և կենսական մեծ ուժ, խելք և գործելուն ուղղված դատողություն, պատասխանատվությունն ընդունելու պատրաստակամություն, խնդիրն իրագործելու կարողություն, հետևողներին ու նրանց կարիքների ըմբռնում, մարդկանց հետ գործ ունենալու հմտություն, նվաճումներ ձեռք բերելու անհրաժեշտություն, մարդկանց մեջ շահադրդում առաջ բերելու ունակություն, խիզախություն և հաստատակամություն, արժանահավատություն, վճռականություն, ինքնավստահություն և համարձակություն, հարմարվելու ունակություն, ճկունություն:
Հրամանատարի դերը
Հասկանալ
♦ Հրամանատարները ծրագրում և իրականացնում են զորամասի վարժանքը և առաջնորդների աճեցումը, ինչը նրանք անում են գործողությունների ընթացքում:
♦ Հրամանատարը հասկանում է բարձրագույն հրամանատարության նպատակը և դրա արձագանքները, քանի որ այդ նպատակով են պայմանավորված խմբային առաջադրանքները, որ զորամասը պետք է կարողանա կատարել:
♦ Հասկանալ նաև նշանակում է, որ հրամանատարը պետք է լավատեղյակ լինի այն միջավայրին, որտեղ զորամասը պետք է վերջին հաշվով գործի, որպեսզի ավելի լավ այն վերարտադրի վարժանքի ժամանակ:
Մտովի պատկերացնել
♦ Հրամանատարները մտովի պատկերացնում են և՛ վարժանքի վերջնանպատակը, և՛ այն միջոցառումները, որ իրենք կիրառելու են այդ վերջնանպատակին հասնելու համար:
♦ Հասկանալով այն գլխավոր խմբային առաջադրանքները, որոնք զորամասը պետք է կատարի վարժանքի ժամանակ, պատրաստվածության ներկա աստիճանը և ավագ հրամանատարության խորհուրդները, հրամանատարը մտովի պատկերացնում է վարժանքի միջոցառումների հերթականությունը, որոնք սիստեմատիկաբար զորամասը կհասցնեն առաջադրանքների մեջ վարպետության ցանկալի աստիճանին:
Նկարագրել
♦ Ծրագիրը մտովի պատկերացնելուց հետո հրամանատարները այն նկարագրում են իրենց շտաբին և ստորադասներին:
♦ Ծրագիրը նկարագրելը նպաստում է, որ բոլորը նույն կերպ պատկերացնեն այն առաջադրանքները, որոնցում վարպետության հասնելու համար զորամասը կատարելու է վարժանքը, օպերատիվ միջավայրը, որը վերարտադրվելու է, ապա և օպերատիվ մոտեցումը, որում զորամասը վարպետության է հասնելու վարժանքի միջոցով: Այս նկարագրությունը ստանում է ծրագրի տեսք:
Ուղղություն տալ կամ ղեկավարել
♦ Հրամանատարները և մյուս առաջնորդները վերահսկում և ճշգրտում են զորամասի վարժանքի ծրագրի կատարումը: Վարժանքի ծրագրի կատարման ընթացքում հրամանատարները կայացնում են որոշումներ և ուղղորդում են` ապահովելու վարժանքի վերջնանպատակի իրականացումը:
♦ Հրամանատարները ուղղություն են տալիս վարժանքին:
– Անձամբ դիտելով վարժանքը,
– Մասնակցելով վարժանքին առնչվող ժողովներին,
– Ճշգրտելով ծրագիրն ու ռեսուրսները ըստ անհրաժեշտության:
Առաջնորդել
♦ Հրամանատարներն առաջնորդում են իրենց օրինակով և վարժանքի ամբողջ ընթացքում իրենց անձնական ներկայությամբ: Նրանց օրինակը և ներկայությունը ազդում են վարժանքի վրա` տալով նպատակ, ուղղություն և շահադրդում զորամասին և ենթականերին: Քանի որ հրամանատարները զորամասի վարժանքի նպատակի փորձագետներ են, նրանք կարդում և պատկերացնում են գործողությունները, վարժանքը և առաջնորդների աճեցման սկզբունքների համակարգը:
Գնահատել
♦ Զորամասի վարժանքի ընթացքում հրամանատարը շարունակաբար գնահատում է ոչ միայն էական անհրաժեշտության առաջադրանքների ցանկը և գլխավոր խմբային առաջադրանքները, որոնք զորամասը պետք է կատարի, այլ նաև զորամասը և դրա ստորադաս առաջնորդներին իրենց վարժանքի պահին:
Մասնակիցները յուրաքանչյուր կետը հանգամանորեն քննարկում էին: Դասընթացը փորձի փոխանակման հարթակի էր վերածվում, որը հմտորեն ղեկավարում էր Արփի Բալյանը. «Սպաները հաճախ հետս վիճում են, սա շատ առողջ գործընթաց է եւ նշանակում է, որ նրանք փորձ եւ գիտելիքներ ունեն: Նրանցից շատերը ունեն ղեկավարելու ունակություն, բայց պետք է հասկանալ, որ ոչ բոլորը կարող են եւ պետք է առաջնորդ լինեն: Նրանք մտածում են, որ եթե սպա են, ուրեմն առաջնորդ են, բայց միգուցե ղեկավար են, այսինքն` նրանց վստահված է խմբի կառավարում: Առաջնորդը պետք է տեսլական ունենա, իսկ ղեկավարը իրականացնում է այդ տեսլականը»:
Կապիտան Գեղամ Հովհաննիսյանը վաշտի հրամանատար է եւ նշում է, որ դասընթացը օգնում է սպաներին ավելի լավ հասկանալ սեփական անձը, մյուսներին եւ իրավիճակները. «Ծանոթանում ենք ղեկավարման բարդ գործընթացին, արծարծում ենք ռազմական գործում ղեկավարման գաղափարը` առանձնացնելով գլխավոր սկզբունքները: Քննարկում ենք ռազմական գործում ղեկավարման մարդկային կողմի գլխավոր տարրերը` վախը, գերհույզը կամ սթրեսը, արիությունը, պայքարը, միասնական ջանքերը եւ համախմբվածությունը»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ