Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



Մայոր Էրիկ Հայրիյանը Կենտրոնական պաշտպանական շրջանի այն սպաներից է, որոնք ճակատագրի բերումով դարձան հայրենիքի պաշտպաններ եւ իրենց երիտասարդ տարիները նվիրաբերեցին բանակի կայացմանն ու զարգացմանը, իրենց հոգու արիությունն ու զենքին տիրապետելու հմտությունը փոխանցեցին տարին երկու անգամ զորամասը համալրող, զինվորական ծառայության առաջին քայլերն անող երիտասարդներին։

Մայոր Է. Հայրիյանը պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Մարտական ծառայության համար», «Արցախի մայրական երախտագիտություն», «Շուշիի ազատագրման» մեդալներով, խրախուսվել շնորհակալագրերով, պատվոգրերով։ Բայց նա հայրենիքի պաշտպանների շարքը համալրել է ոչ թե մեծարանքի, պարգևների արժանանալու, այլ հարազատ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, հայրենի հողը պաշտպանելու համար։ Ազատամարտի տարիներին չկային պարգևներ, ազատամարտը դաժան գոյամարտ էր, և այնտեղից «վահանով կամ վահանի վրա» վերադառնալու հնարավորությունները հավասար էին։ Միայն հետո, հաղթանակից հետո եկավ մեջքն ուղղելու, շունչ քաշելու, խոնարհվելու, արժևորելու, գնահատելու ժամանակը։

Էրիկ Հայրիյանը ստեփանակերտցի է, ծնվել է 1974թ., սովորել է Գրիբայեդովի անվան միջնակարգ դպրոցում: Կռիվն սկսվել էր, ու դպրոցի բարձր դասարանցիներին զենք գործածել, պայթուցիկներ պատրաստել էին սովորեցնում։ Ավարտական դասարանների տղաներն արդեն իրենց նախընտրած կամավորական ջոկատներն ունեին ու հաճախ փորձառուների հետ մարտական գործողությունների էին մասնակցում։ Էրիկը բացառություն չէր, նա էլ էր կամաց-կամաց մարտական մկրտություն ստանում, իսկ 1991թ. հունիսից, ավարտական քննությունները հանձնելուց հետո, գնաց երկրորդ վաշտ՝ «Ինձ ռոտումը սպասում էին»,- ասում է նա։ Գնալով կռիվը ծավալվեց, մարտադաշտ բերվեցին հզոր հրետանային կայանքներ, զրահատեխնիկա, գործի դրվեց ռազմական ավիացիան…

Երիտասարդ զինվորը մասնակցեց ճակատամարտերի մեծ մասին՝ Շուշի, Լաչին, Հադրութ, Մարտունի, Ասկերան, Մարտակերտ, Քարվաճառ, Օմար… կարելի է էլի շարունակել։ Պատերազմից հետո՝ 1994թ., նա ծառայության անցավ առանձին մոտոհրաձգային գումարտակում, հետո տեղափոխվեց հատուկ նշանակության գումարտակ, հետո Էրիկը վերադարձավ ԿՊՇ։ Ծառայությանը զուգահեռ՝ Էրիկ Հայրիյանը շարունակել է ուսումը, ավարտել է Երևանի մենեջմենթի համալսարանը։ Ծառայակից սպաներն ասում են, որ նա (ինքը չի սիրում խոսել իր մասին) զորամասի ամենազարգացած անձերից է, անընդհատ կարդում, ուսումնասիրում է համաշխարհային ռազմական պատմությանը և քաղաքականությանը վերաբերող գրականություն։ Վերջերս նշանակվել է հրաձգային գումարտակի հրամանատար։ Խոսելով գումարտակի մասին՝ նա ասաց.

-Համալրումը հիմնականում կատարվելու է պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած պահեստազորայինների հաշվին։ Լինում են հավաքներ, մարզումներ, զորավարժություններ։ Վստահ եմ, որ այն մեր փառապանծ զորամասի զորեղ բռունցքներից մեկն է։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #19 (986) 16.05.2013 – 22.05.2013, Ազգային բանակ


16/05/2013