ՀՀ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆ ԱՆՎՏԱՆԳ Է
ՀՕՊ դիվիզիոնի մարտավարական զորավարժությունը
Լրացավ ազգային բանակի կարևորագույն զորատեսակներից մեկի` հակաօդային պաշտպանության զորքերի 21-րդ տարեդարձը: Սովորաբար տոնական տարեթվերը ոչ միայն ուրախանալու, հանդիսավորությամբ նշելու առիթ են հանդիսանում, այլ նաև անցած ճանապարհը վերագնահատելու, արվածն ու չարվածը համադրելու, զարգացման հետագա ընթացքը ճշտելու պահանջ են ներկայացնում: Արցախյան ազատամարտում Ադրբեջանին պարտության մատնելու հիմնական նախադրյալներից մեկը Արցախի օդային տարածքների նկատմամբ հակառակորդի ունեցած սկզբնական գերիշխանության կորուստն էր: Քսանութ մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների կործանումից հետո Ադրբեջանն այլևս հաղթանակի ոչ մի հույս չուներ: Իսկ պատերազմի երկրորդ փուլում անհայրենիք, այսինքն՝ վարձկան օդաչուները, չհամարձակվելով մոտենալ մարտական գործողությունների շրջաններին, մի անվտանգ վայրում բեռնաթափում էին իրենց ռումբերն ու ճողոպրում: Սկսած 1992թ., երբ կազմավորվեց զորատեսակը և տնօրինեց խորհրդային բանակից ստացված զորանոցներն ու մարտական տեխնիկան, որը հիմնականում թալանված ու քայքայված էր, լուրջ աշխատանքներ տարվեցին ՀՀ և ԼՂՀ օդային տարածքների անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ: Դեռևս 1993թ. աշնանը, երբ Սերժ Սարգսյանը նոր էր նշանակվել ՀՀ պաշտպանության նախարար, իր առաջին հարցազրույցներից մեկում ասաց. «…Մենք նախընտրում են փոքր հրթիռներով ոչնչացնել մեծ ու թանկարժեք ռազմական ինքնաթիռները»: Նա այս արտահայտությամբ ոչ միայն կարևորում էր մարտունակ ՀՕՊ ուժեր ունենալու անհրաժեշտությունը, այլև հաստատում էր նորանկախ Հայաստանի Հանրապետության խաղաղասեր երկիր լինելու և ագրեսիվ հավակնություններ չունենալու փաստը: Ինչպես ցույց տվեց ժամանակը, զինված ուժերի շինարարության ընդհանուր համատեքստում ՀՕՊ զորքերի զարգացումը կայացավ շատ արագ, և այսօր մենք ունենք օդային տարածքների հուսալի, բազմաշերտ պաշտպանություն: Մինչդեռ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավարները, հաշվի առնելով մեր հնարավոր հակառակորդների ոչ այնքան խաղաղասեր տրամադրությունները, չեն սահմանափակվում ձեռքբերումներով ու պլանավորված կարգով ուժեղացնում են զորատեսակի հնարավորությունները, բարձրացնում մարտունակությունը:
♦♦♦
Գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասն է ապահովում հանրապետության օդային տարածքների մի հատվածի անվտանգությունը: Տարբեր զենիթահրթիռային միջոցներով զինված զորամասը 2012թ. լավագույնն էր ՀՕՊ զորքերի կազմում: Ընթացիկ ուսումնական տարին ցույց է տալիս, որ զորատեսակի առաջատարը ամենայն պատասխանատվությամբ է կատարում նաև այս ուսումնական փուլի խնդիրները: Մշտական, շուրջօրյա մարտական հերթապահությանը զուգահեռ, իրականացվում են ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք միտված են դիվիզիոնների անձնակազմերի հմտությունների կատարելագործմանը: Հենց այս նպատակն է հետապնդում փոխգնդապետ Ս. Հովհաննիսյանի դիվիզիոնում մայիսի 14-ին մեկնարկած մարտավարական զորավարժությունը:
Վաղ առավոտյան տրվել էր N1 հրամանը (հետախույզների համար), մարտական տագնապով դիվիզիոնը բերվել էր բարձր պատրաստության աստիճանի: Այնուհետև կատարվել էր կրճատ մարտական հաշվարկների համալրում, բացազատվել էին օդային դիտարկման կետերը, բուժկետը, ուժեղացվել էր տարածքի հսկողությունը, ստեղծվել էին անձնակազմի և տեխնիկայի դիմավորման կետերը: Սակայն համալրումը կատարվել էր պայմանականորեն: Ձեռնարկված միջոցառումներից հետո արձակվել էր կարգադրություն` աշխատանք քարտեզների վրա, ինչպես նաև լսումներ` պաշտոնական անձանց գործողությունների վերաբերյալ:
Զորամաս մեր այցի պահին զորավարժության ղեկավար, գնդապետ Ս. Գրիգորյանը խնդիրների ճշտման համար մասնագիտական պարապմունք էր անցկացնում դիվիզիոնների հրամանատարների հետ: Զորավարժության ընթացքը ղեկավարում էին հրամանատարի տեղակալ, զորավարժության շտաբի պետ, փոխգնդապետ Մ. Վարդանյանը և դիվիզիոնի շտաբի պետ, մայոր Ա. Պետրոսյանը: Նրանց հետ միասին մարտական ղեկավարման դահլիճում էին հերթափոխի պետ, ավագ լեյտենանտ Մխիթար Մելքոնյանը, հետախուզության սպա, ավագ լեյտենանտ Նարեկ Քառյանը, սպաներ՝ մայոր Արգամ Հարությունյանը, կապիտան Նարեկ Առստամյանը, արձակման սպա, կապիտան Սարգիս Աղաջանյանը: Բնականաբար, իրենց տեղերում էին նաև գծագրոցավարը և կապավորը: Դիվիզիոնի անձնակազմին մարտական խնդիրներն առաջադրվում էին զորամասի հրամանատարական կետից: Իրադարձությունները զարգանում էին «պատերազմական» իրավիճակին համապատասխան: Կար նախահարձակ հակառակորդ, որին պետք էր դիմագրավել և այնուհետև ոչնչացնել: Հերթական առաջադրված խնդիրը և դրա կատարման միջոցները ներկայացրեց մայոր Ա.Պետրոսյանը, որից հետո, փոխարինելով դիվիզիոնի հրամանատարին, նրա տեղը հրամանատարական կետում զբաղեցրին և շարունակեցին աշխատանքը բաժանմունքի ավագ օպերատորներ, շարքայիններ Գ. Ավետիսյանը և Ա.Սարգսյանը: Որոշ ժամանակ անց, ստուգելով իրականացված գործողությունները, փոխգնդապետ Մ. Վարդանյանը հավաստիացրեց, որ խնդիրը կատարված է, հակառակորդի թռչող օբյեկտը՝ ոչնչացված: Քիչ անց ստացվեց հաջորդ առաջադրանքը:
♦♦♦
Օրվա ընթացքում մի քանի անգամ ստուգվեց նաև մեկնարկային մարտկոցի աշխատանքը: Զորավարժության ղեկավարը և դիվիզիոնների հրամանատարները գոհունակությամբ նշեցին, որ հրթիռները մեկնարկային վիճակի են բերվել նորմատիվային «գերազանց» ժամանակում, ինչը տեխնիկան հավուր պատշաճի սպասարկելու արդյունք է:
♦♦♦
Զորավարժության առաջին օրվա արդյունքների, դիվիզիոնի հրամանատարական կազմի և ստորաբաժանումների գործողությունների մասին իր կարծիքը հայտնեց գնդապետ Ս. Գրիգորյանը:
Մարզումներն ու նմանատիպ վարժանքները շատ կարևոր են դիվիզիոններում կատարվող մասնագիտական պարապմունքների արդյունավետության աստիճանն ստուգել-ճշտելու և հետագա աշխատանքները կազմակերպելու համար: Դիվիզիոններից յուրաքանչյուրը ուսումնական տարվա ընթացքում նվազագույնը երկու զորավարժության է մասնակցում: Այս ուսումնական փուլում սա մեր երրորդ զորավարժությունն է: Կարևորում ենք դիվիզիոնի հրամանատարի, նրա տեղակալների, ծառայությունների պետերի գործողությունները, ճշտում նրանց մարտավարական ունակությունների աստիճանը: Շատ կարևոր է ստորաբաժանումների ներդաշնակումը: Այստեղ պետք է ամեն ինչ արվի բացարձակ ճշտությամբ, որովհետև պատերազմի ժամանակ վայրկենական հապաղումն անգամ կարող է հանգեցնել առաջադրանքի ձախողման: Ստուգում ենք նաև տեխնիկայի աշխատանքը, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը և այլն: Ամեն ինչ շատ կարևոր է, երկրորդական հարցեր չկան: Գոհ եմ այսօրվա արդյունքներից, սպասելիքներս արդարացվում են: Առաջիկայում ունենալու ենք նաև համատեղ զորավարժություն, իսկ հաջորդ ուսումնական փուլում հավանաբար կմասնակցենք ԱՊՀ երկրների ՀՕՊ զորքերի զորավարժությանը, որն ավանդաբար անցկացվում է երկու տարին մեկ ՌԴ Աշուլուկի զորավարժարանում:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան