Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՇՎԵՑ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐԸ



Քսան տարի առաջ` ամռանը, պետնախարար Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ երկրապահ զինապարտների միավորումը վերակազմավորվեց որպես հասարակական կազմակերպություն, և երբ ռազմաճակատում կարճատև զինադադար հաստատվեց, Ա.Սպենդիարյանի անվան Ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ երկրապահ զինապարտների առաջին` հիմնադիր համագումարը։

Ազգային տոնացույցում մայիսի 8-ը արդեն քսան տարի մեր երկրում նշվում է առանձնահատուկ շուքով ու հանդիսավորությամբ։ ԵԿՄ հիմնադրման քսանամյակի օրը, ավանդույթի համաձայն, երկրապահները նախ հավաքվեցին վարչությունում, որտեղ ծաղկեպսակ դրեցին Սպարապետ Վ.Սարգսյանի կիսանդրու առաջ, այնուհետև ուղևորվեցին Եռաբլուր պանթեոն։ Երկրապահների հետ եռաբլուր պանթեոն այցելեցին և հերոսների հիշատակը հարգեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, երկրապահներ` ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առաջնորդությամբ, հոգևոր հայրեր, զինվորականներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ ու քաղաքացիներ։

Եռաբլուրում տեղի ունեցած հանդիսավոր միտինգը տերունական աղոթքով բացեց Արշակ սրբազանը, որից հետո երկրապահներին շնորհավորեցին ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ազգային հերոս Կ.Դեմիրճյանի այրին` տիկին Ռիմա Դեմիրճյանը, պատանի երկրապահները։ Շնորհավորանքի իր խոսքում ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ասաց.

«Մեծարգո Սպարապետ,

Սրբազան հայրեր,

Սիրելի մայրեր, քույրեր,

Երկրապահներ,

Երկրապահի օրվա, ԼՂՀ եռատոնի և մայիսյան բոլոր տոների կապակցությամբ երկրապահ կամավորականների միության անունից շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, Արցախի հերոսական ժողովրդին, հայոց երկրապահ բանակին, սահմանում կանգնած Հայ զինվորին, բոլոր երկրապահ ազատամարտիկներին, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, երիտասարդ ու պատանի երկրապահներին։

Առանձնահատուկ շնորհավորում եմ հերոս զավակներ ծնած մեր հերոս մայրերին։ Մենք` երկրապահներս, խոնարհվել և խոնարհվում ենք Ձեր հերոսական կերպարի առաջ։

Սիրելի՛ երկրապահներ, այսօր մեր տոնն է։ Տոն ունենալու իրավունքը մենք վաստակել ենք միասին, մեր Սպարապետի, մեր մարտական ընկերների կյանքի, առողջության, մեր հերոսական ժողովրդի զրկանքների, խիզախումների ու հաղթանակների շնորհիվ։

Թևակոխելով մեր անկախության երրորդ տասնամյակը, մենք պետք է արձանագրենք, որ, չնայած բազմաթիվ դժվարություններին, ամրապնդվում է հետզհետե մեր պետությունը, հզորանում են Հայաստանն ու Արցախը, ավելի ու ավելի ամրապնդվում աշխարհասփյուռ հայության կապը մայր հայրենիքի հետ։

Որպես երկրապահներ հպարտորեն պետք է նշենք, որ այսօր մեր շարքերում արդեն ունենք պատանի և երիտասարդ երկրապահների կայացած կառույցներ, որոնց սաները շարունակելու են մեր գործը` ընդօրինակելով Սարդարապատի, Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան գոյամարտի հերոսներին։

ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Միասնականությունը սարեր շուռ կտա»։ Այսօր էլ հենց այդ միասնականությունն է մեզ անհրաժեշտ, որպեսզի հզորացնենք մեր երկիրը և պաշտպանենք մեր հայրենիքը։

Փա՜ռք Սպարապետին,

Փա՜ռք նահատակված հերոսներին,

Փա՜ռք մեր երկրապահ ժողովրդին»։

Կեսօրին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընկերակցությամբ երկրապահներին շնորհավորելու եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Տոնական ճաշկերույթի ժամանակ դիմելով երկրապահներին` երկրի ղեկավարը մասնավորապես ասաց.

«Վազգենն ասում էր. «Երկրապահների ամենամեծ ձեռքբերումներից մեկը, եթե ոչ ամենամեծը, այն էր, որ նա իր մարմնով, իր կյանքի գնով պաշտպանեց մեր նորանկախ հանրապետության սահմանները և իր արյամբ ուղի հարթեց, որպեսզի երկրում բանակ ստեղծվի»։ Անսխալ էր ասում Վազգենը։ Այո՛, երկրապահը սահմանապահ չէր, երկրապահը հենց Հայրենիքի սահմանն էր։ Երկրապահը ծնող էր, որ իր թևերը փռեց կրակների վրա, իր մարմնով ծածկեց արհավիրքը, մինչև մեծանա ու կազմավորվի զավակը։

Ի դեմս երկրապահի այսօր մենք գործ ունենք պետության ու ժողովրդի ճակատագրով մտահոգ կազմակերպության հետ, որ զերծ է պատեհապաշտությունից և բոլոր առանցքային հարցերում ունեցել է և ունի հստակ սկզբունքային դիրքորոշում»։

Միջոցառման ընթացքում ընթերցվեց ՀՀ նախագահի հրամանագիրը մի խումբ երկրապահների Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալներով պարգևատրելու մասին։

Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները` Գ.ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #19 (986) 16.05.2013 – 22.05.2013, Բանակ և հասարակություն


16/05/2013