ՏՈՂԱՏԱԿՈՒՄ… ՇԱԲԱԹՎԱ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԼՈՒՐԵՐԸ
102-ՐԴ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ՀԶՈՐԱՑՆՈՒՄ Է ՑԱՄԱՔԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ
Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանը մոտ ապագայում կարող է համալրվել «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով (ՕՄՀՀ) և համազարկային կրակի «Տորնադո» համակարգերով: Այս լուրը ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությանն է հաղորդել ՌԴ պաշտպանության նախարարության ոմն աշխատակից:
«Իսկանդեր-Մ» ՕՄՀՀ-ն ցամաքային զինատեսակ է և ունի հարձակողական լուրջ ներուժ. ունակ է գերճշգրիտ հարվածներ հասցնելու 500 կմ հեռավորության վրա, ընդ որում՝ այդ հրթիռներն իրենց հետագծի առանձնահատկության շնորհիվ չեն կարող խոցվել գոյություն ունեցող կամ մշակվող ոչ մի ՀՕՊ համալիրի կողմից: Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը նկատում է, որ եթե նշված զինատեսակները տեղակայվեն ռուսական ռազմակայանում, ապա դա հավասարազոր կլինի վերջինիս ցամաքային բաղադրիչի հզորացմանը (ի հավելումն ավիացիոն և ԶՀՀ պաշտպանության բաղադրիչների):
Փորձագետի կարծիքով, ռուսական ռազմակայանի ակնկալվող հզորացումը պայմանավորված է ոչ այնքան Հայաստանի և Ադրբեջանի լարված հարաբերություններով, որքան հարավկովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջաններում իրավիճակի անորոշությամբ և արագ փոփոխություններով` Սիրիայի իրավիճակով, Կասպից ծովի ավազանում նկատվող լարվածության աճով, Իրանի միջուկային խնդրով: Այլ կերպ ասած` նոր սպառազինությունը կոչված է լուծելու աշխարհառազմավարական խնդիրներ:
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՉԻ ԱՌԱՋԱԴՐԻ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող է չառաջադրել իր թեկնածությունը Ադրբեջանում այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում. այդ դեպքում կառաջադրվի նրա կինը` Մեհրիբան Ալիևան: Այս մասին «Ենի մուսավաթ» թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության քաղխորհրդի անդամ Ալի Ալիզադեն:
Քաղաքական մեկնաբանների կարծիքով, հարցազրույցը հասարակական կարծիքը «շոշափելու» փորձ է: Ինչ վերաբերում է Մեհրիբան Ալիևայի թեկնածությանը, ապա այն մի շարք հարցերում կօգնի վերականգնել միջազգային ասպարեզում Ադրբեջանի արատավորված վարկանիշը:
Մեհրիբան խանումի նախագահ դառնալով ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները, թերևս, հարկ կլինի սկսել զրոյից: Դա ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ այսօր Իլհամ Ալիևը դիտվում է որպես բանակցությունները փակուղի մտցնելու մեղավոր: Չի բացառվում, որ երկրի նախագահի պաշտոնում ամուսինների փոխատեղման գաղափարը հղացվել է հենց ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում «անկյունից» դուրս գալու համար:
Անշուշտ, Մեհրիբան խանումի նախագահ դառնալը որոշակի փոփոխությունների կհանգեցնի Ադրբեջանի քաղաքականությունը: Ռազմատենչ հայտարարությունները կնոջ շուրթերից կհնչեն շատ ավելի անլուրջ և անհեթեթ, և սա Ադրբեջանում ստիպված են հաշվի առնել:
«ԳԱՂՏՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Ռուսաստանի Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը «Ռեգնում» լրատվական կայքում հրապարակած հոդվածով ահազանգում է փորձագիտական շրջանակներում հաճախակի շրջանառվող Հայաստանի և Ադրբեջանի միջև «պայմանավորված պատերազմի» հնարավորության մասին: Դրա էությունն այն է, որ հակամարտ կողմերի իշխանությունները իրենց ժողովուրդներից ծածուկ կայացրած հանցավոր համաձայնությամբ պատերազմ են սկսում, որը դադարեցվում է սահմանների նախապես որոշված փոփոխության հասնելուն պես: Մեր դեպքում Ադրբեջանը, իբր, ինչ-որ տարածք է «գրավում» և կանգ առնում, փոքրիկ հաղթանակով «սփոփում» իր ժողովրդին, որից հետո ճանաչվում է Արցախի մնացած մասի անկախությունը, սրանով էլ «սփոփվում» է հայ ժողովուրդը:
Զարմանալի է, որ դեռևս կան մարդիկ, որոնք թեկուզև տեսականորեն հնարավոր են համարում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների «գաղտնի համաձայնությունը»: Այն դեպքում, երբ Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից և այնտեղ նրա հերոսացումից հետո պետք է բոլորի համար ակնհայտ դառնար, որ նման բան նույնիսկ մտածելն անհնար է:
Հարց է ծագում` ո՞ւմ է անհրաժեշտ այս լուրի շրջանառությունը: Թերևս նրան, ով իշխանության և ժողովրդի միջև սեպ խրելու դավադիր նպատակ ունի: Ի սկզբանե անհաջողության դատապարտված նպատակ:
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ԿՐԱԿԻՑ «ԽՈՑՎԱԾ» ՌՈՒՍ ՍՊԱՆ
Մայիսի 14-ին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հաղորդեց, որ ապրիլի 25-ին Աղդամի շրջանի Մերզիլի գյուղի մոտ ադրբեջանցի դիպուկահարները, իբր, վիրավորել են Բոլոտնիկով ազգանվամբ մի ռուս սպայի, որը, իբր, մարզում էր հայ դիպուկահարներին ու դիվերսանտներին: Հետագայում, իբր, «պարզվել» է, որ նա արդեն երկար ժամանակ է, ինչ հրահանգավորում է հայ դիպուկահարներին, և ինքն էլ մի քանի անգամ կրակել է ադրբեջանցիների վրա և դեռ պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:
Բնականաբար, թե՛ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Ա.Հովհաննիսյանը, թե՛ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հերքեցին այս տեղեկությունը` «ոչ մի ռուս սպա Ղարաբաղում չկա և առավել ևս չի վիրավորվել»:
Ադրբեջանական կողմի այս ապատեղեկատվության մեջ ուշագրավ մի հանգամանք կա. ինչո՞ւ ռուս սպայի «վիրավորվելու» մասին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին «դեպքից» 20 օր հետո միայն: Այդքան ժամանակ նրա ինքնությո՞ւնն էին ճշտում: Թերևս բանն այլ է:
Հետաքրքիր զուգադիպությամբ մայիսի 14-ին պաշտոնապես հրապարակվեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` մայիսի 5-ին ստորագրած կարգադրությունն այն մասին, որ չեղյալ է հայտարարվում Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով ադրբեջանական նավթի տարանցման մասին պայմանագիրը (որը կնքվել էր 1996թ. Մոսկվայում): Պարզ ասած` Ռուսաստանը դադարեցնում է ադրբեջանական նավթի տեղափոխումն իր տարածքով: Իհարկե, ռուսական կողմը բերում է մի շարք տնտեսական հիմնավորումներ և մեղադրում Ադրբեջանին: Բայց Ադրբեջանի Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը հայտարարում է ճիշտ հակառակը` «Դա քաղաքական քայլ է, որը չունի տնտեսական ոչ մի ենթատեքստ»: Այլ կերպ ասած` Ադրբեջանում պայմանագրի դադարեցումը համարել են ոչ բարեկամական քայլ և շտապել են վրեժ լուծել` Բոլոտնիկովի մասին ապատեղեկատվությամբ Ռուսաստանին մեղադրելով ԼՂ հակամարտությանն անմիջականորեն մասնակցելու համար:
Ա.ՅԱՎՐՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Ռազմաքաղաքական