2. ՍՈՒՖԻԶՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ի՞ՆՉ Է ՍՈՒՖԻԶՄԸ
Մեր նախորդ հոդվածում («Նոր օսմանների եղբայրությունը») նշել էինք, որ Թուրքիայի նախկին նախագահ Թ.Օզալը, նախկին վարչապետ Ն.Էրբաքանը, ներկայիս վարչապետ Ռ.Էրդողանը սուֆիական 12 հիմնական եղբայրություններից (օրդեններից) մեկի` Նաքշբանդիյա կրոնական եղբայրության անդամներ են, և արձանագրել էինք, որ այդ հանգամանքը դրսևորվում է Թուրքիայի վարած քաղաքականության մեջ: Թե ինչպե՞ս և ի՞նչ կերպ` կքննարկենք ստորև:
Սուֆիզմի հետևորդները համարում են (ի տարբերություն քրիստոնյա ճգնավորների), թե աշխարհիկ գործունեության մեջ չկա ոչինչ, որ մարդուն բաժաներ աստծուց: Մասնավորապես՝ կարելի է լինել սուֆիզմի հետևորդ և, միաժամանակ, քաղաքական գործիչ, ինչը տեսնում ենք Թուրքիայի քաղաքական վերնախավում: Ավելին, աշխարհիկ գործունեությունը համարվում է երկրպագություն աստծուն: Այստեղից բխում է, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը, լինելով սուֆիզմի հետևորդ, վարում է այնպիսի քաղաքականություն, որը համապատասխանում է սուֆիզմի սկզբունքներին: Փորձենք գտնել այդ սկզբունքների և Թուրքիայի քաղաքականության միջև եղած կապը:
Սուֆիզմը սերտորեն կապված է միստիցիզմի հետ: Միստիցիզմը փիլիսոփայական և աստվածաբանական ուսմունք է, որի համաձայն` կարելի է Աստծո հետ միանալ անմիջականորեն` առանց այլևայլ մարդկանց (հոգևորականների) միջնորդության: Համաշխարհային բոլոր կրոններում կան միստիցիզմի ուղղություններ, որոնց հետևորդներին բնորոշ է ինտուիցիային ապավինելն ու խորհրդապաշտությունը, հոգեֆիզիկական որոշակի վարժությունների կամ մեդիտացիայի պրակտիկան, որի միջոցով հեշտացվում է աստծո հետ միավորումը (ուղղափառ քրիստոնեության տեսանկյունից այդ պրակտիկան մերժելի է` որպես դևերի հետ հարաբերվելու փորձ):
Սուֆիզմը մահմեդականության մեջ (ինչպես շիա, այնպես էլ սուննի ուղղություններում) միստիցիզմի ուսմունք է, որը ծագել է 8-րդ դարում` ժամանակակից Իրաքի և Սիրիայի տարածքում («սուֆ» արաբերեն նշանակում է բուրդ. վաղ շրջանի սուֆիզմի հետևորդները բրդյա հագուստ են կրել): Սուֆիզմի նորադարձ հետևորդը (մյուրիդ) ուսուցչի (մուրշիդ, փիր, շեյխ) օգնությամբ միստիկ սիրո ճանապարհով (թարիքաթ) աստիճանաբար մոտենում է աստծուն` նրա հետ ի վերջո միաձուլվելու նպատակով: Սուֆիները միստիկական էքստազի (երանության) վիճակի հասնելու համար դիմում են հատուկ պտույտներով պարերի օգնությանը, ժամեր շարունակ հազարավոր անգամներ արտասանում աստծուն վերագրվող անուններ, լսում հատուկ երաժշտություն (որպես տարբերակ` արևմտյան դասական երաժշտություն):
Ուղղափառ մահմեդական հոգևորականությունը մինչև 11-12-րդ դարը հալածում էր սուֆիզմի հետևորդներին` որպես աղանդի: Թեպետև այսօր էլ դեռ վիճարկվում է սուֆիզմի «թույլատրելիությունը» իսլամում, այդուհանդերձ այն մեծապես տարածված է ամբողջ աշխարհում:
ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հռչակած` «զրո խնդիր հարևանների հետ» աշխարհաքաղաքական սկզբունքը նույնպես ունի հոգևոր ելակետ: Բանն այն է, որ սուֆիի տեսակետից հասարակության հետ ներդաշնակ կյանքը ճգնակեցության ամենադժվար տեսակն է: Ավելին, սուֆիզմում ներդաշնակությունը համարվում է մարդկային կատարելության մարմնավորում: Նա, ով ի վիճակի չէ մերձավորի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, համարվում է հիվանդ: Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքականության մեջ այս սկզբունքի հետևողական կիրառումը ենթադրում է հարաբերությունների կարգավորում հարևան երկրների հետ (այլ հարց է, թե ինչքանով է դա հաջողվում): Քրդական հարցի լուծումը նույնպես տեղավորվում է այս սկզբունքի ծիրում:
ՇԵՅԽԻ ԵՎ ՄՅՈՒՐԻԴԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սուֆի եղբայրություններում մի կողմից առանցքային նշանակություն ունի ուսուցչի օրինակը, նրա առաջնորդությունը, մյուս կողմից` աշակերտի (մյուրիդ) անսահման նվիրվածությունը ուսուցչին: Կատարելության հասնելու միակ միջոցը համարվում է ինքնամաքրագործումը Հոգևոր Ուսուցչի (շեյխ) ղեկավարության ներքո: Վարպետի մոտ ուսումնառության ժամանակաշրջանը կոչվում է թարիքաթ` Ճանապարհ: Աշխարհաքաղաքականության մեջ այս դրույթի գործադրումը վերաճում է Թուրքիայի` մահմեդական մյուս պետությունների նկատմամբ «ավագ եղբոր», առաջնորդողի դերն ստանձնելուն:
Սուֆիզմի հետևորդի համար «աշխարհի» մերժումը անհրաժեշտ նախապայման է աշխարհը փոխելու համար, իսկ սուֆի եղբայրություններում ընդունված ընկերությունը, հավատարմությունը ուսուցչին և եղբայրներին սրբազան պատերազմ (ջիհադ) մղելու քաջություն է տալիս սուֆիին: Այսինքն` սուֆիզմին բնորոշ է հեղափոխական ներուժը: Այս սկզբունքի գործադրումը աշխարհաքաղաքականության մեջ հանգեցնում է ակտիվության և նախաձեռնողականության, ինչի մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Ա.Դավութօղլուն, ինչպես նաև` ռազմատենչության և ուժի քաղաքականության, որից, ինչպես հայտնի է, Թուրքիան ամենևին էլ չի խորշում:
Սուֆիների եղբայրության ձևավորումը («ուսուցիչ-աշակերտ» սկզբունքով) հանգեցնում է ամուր միությունների, որոնք կարող են հավակնել իշխանության: Փորձագետների կարծիքով, սուֆի եղբայրությունների կազմակերպական առաջադիմությունն ու քաղաքականության մեջ ներգրավվածության աստիճանը կախված են տվյալ պետության հզորությունից: Եթե պետությունը հզոր է, ապա սուֆի թարիքաթները զբաղվում են բացառապես կրոնական գործունեությամբ, իսկ եթե պետությունը թույլ է, սուֆիներն իրենց համախմբվածության շնորհիվ դառնում են քաղաքական ուժ: Մի պարզ պատճառով` մյուրիդի նվիրվածությունը շեյխին ավելի մեծ է, քան պետության հանդեպ նրա լոյալությունը:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄ
Հոգևոր կատարելագործման ճանապարհին բարձունքի հասած սուֆին ճակատագրապաշտ է, հավատում է տեղի ունեցող ամեն ինչի կանխորոշվածությանը: Միևնույն ժամանակ, նա նույնացնելով իրեն աստծո հետ, համարում է, որ այն, ինչ ինքն անում է, աստծո կամքի համաձայն է: Այս սկզբունքի գործադրումը ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխարհաքաղաքականության մեջ, առաքելականությունն է` համոզմունք, որ ինքն աշխարհում առաքելություն ունի կատարելու: Այս հանգամանքն էապես մեծացնում է Թուրքիայի քաղաքականության «շարժառիթավորվածությունը»:
ԷԿՈՒՄԵՆԻԶՄ (ՄԻԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ)
Որոշ սուֆի ուսուցիչներ (շեյխեր) ասում են, որ սուֆիզմը «բոլոր կրոնների մաքուր էությունն է», և այն չի սահմանափակվում ո՛չ որոշակի կրոնով (այսինքն` իսլամով), ո՛չ պատմական որոշակի ժամանակաշրջանով (այսինքն` միշտ գոյություն է ունեցել և գոյություն կունենա), ո՛չ որոշակի հասարակությամբ, ո՛չ էլ որոշակի լեզվով: Համարվում է, որ սուֆի իրական վարպետն ազատ է դոգմայականությունից և մոլեռանդությունից, կաստայական, դավանական և ազգային նախապաշարմունքներից: Սա նշանակում է, որ սուֆիզմը հավակնում է ընդհանրականության, և որ նրան բնորոշ է էկումենիզմը (կրոնների միարարական շարժում): Աշխարհաքաղաքականության մեջ այս սկզբունքի գործադրումը թույլ է տալիս Թուրքիային ձգտել «լեզու գտնելու» բոլոր մշակույթների և քաղաքակրթությունների հետ: Մասնավորապես՝ այստեղից բխում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները խորքային մակարդակում չեն կարող վատը լինել, եթե նկատի ունենանք մանավանդ այն, որ հրեական միստիցիզմը (կաբբալան) ձևավորվել է սուֆիզմի նշանակալի ազդեցությամբ: Աշխարհաքաղաքականության մեջ այս հանգամանքը չի կարող անտեսվել:
ՊԵՏՈՒԹՅԱՆ «ՎԵՐԱՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄԸ»
Սուֆիի հոգևոր ճանապարհի վերջում չի մնում ոչինչ, բացի աստծուց: Սա աշխարհիկ ամեն ինչի մերժումն է: Եթե աշխարհաքաղաքականության մեջ սուֆիի մարմնի և մարմնական ամեն ինչի նմանակը (անալոգը) համարենք պետությունը (քանի որ քաղաքականության մեջ նա է գործողության սուբյեկտը), ապա սուֆիզմի կիրառումը աշխարհաքաղաքականության մեջ պետք է հանգեցնի պետության վերացմանը` որպես վերջնանպատակ: Այս հարցում, թերևս, ընդհանուր եզրեր կարող են առաջանալ սուֆիզմի հետևորդների և Քրդական բանվորական կուսակցության կոմունիստական գաղափարախոսության հետևորդների միջև (կոմունիզմի օրոք պետությունը, որպես «դասակարգային շահագործման գործիք», վերանում է): Չի բացառվում, որ այս հանգամանքը օգտագործվել է թուրքական բանտում ՔԲԿ-ի առաջնորդ Ա.Օջալանի գաղափարական «մշակման» ժամանակ:
Թուրքիայի ներկայիս իշխանության վարած նոր օսմանականության քաղաքականությունը սուֆիզմի տեսանկյունից կարելի է մեկնաբանել որպես մետեմփսիխոզ` վերամարմնավորում (օսմանականությունը` հոգի, պետությունը` մարմին): Վերամարմնավորումը մեռածի հոգու տեղափոխումն է նոր ծնվածի մարմին: Մահվան մասին «դասական» մահմեդականության պատկերացումների համաձայն` վերամարմնավորում տեղի չի ունենում: Սակայն Ղուրանում կան որոշ նախադասություններ («սուրաներ»), հատկապես բազմակի հարությանը վերաբերող, որոնք կարելի է մեկնաբանել այն իմաստով, որ վերամարմնավորում գոյություն ունի: Այդ տեսակետն ընդունում են սուֆիները, որոնք մահն ընկալում են որպես նոր կյանքի սկիզբ` համարելով, որ հոգին նոր մարմնի մեջ տեղափոխվելուց հետո արթնանում է քնից: Վերամարմնավորման գաղափարն արտացոլված է սուֆի հայտնի մտածողներ, միջնադարյան բանաստեղծներ Ջալալադդին Ռումիի, Սաադիի, Հաֆեզի և Մանսուր Հալաջի ստեղծագործություններում:
Շարունակելի
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական