ՍԽՐԱՆՔԻ ՄԵՐ ՔՈՒՅՐԵՐԸ
Ընկավ Նաիրան թշնամու զարկից,
Զոհվեցին ևս յոթ քաջազուններ:
Այդ չարաբաստիկ փետրվար ամսին
Սև դրոշ կախվեց շտաբի գլխին:
Ահա այսպես, այսպիսի տողերով են մարտական ընկերները սգացել Նաիրա Սահակյանի և նրա հետ զոհված հերոսների մահը՝ «Սև դրոշ կախվեց շտաբի գլխին»:
Արցախյան հերոսամարտի մասին շատ է գրվել, շատ հիշողություններ են թղթին հանձնվել, բայց դրանց մեջ իր անկեղծությամբ ու ջերմությամբ, նաև հավաստիությամբ առանձնանում է Հայրիկ Ղազարյանի «50 օր Արցախում» գիրքը: Արցախյան պատերազմի հերոսուհի-գեղեցկուհի Նաիրայի մասին վերը բերված տողերը հենց այդ գրքից եմ քաղել: Հիրավի, դարերի հիացմունքին են արժանի նման կանանց անունները, ովքեր հայրենիքի համար դժվարին պահին զենք վերցրին ու գնացին իրենց եղբայրներին հավասար կռվելու: Նրանք միայն գթության քույրեր չէին, նրանք ազատամարտիկ էին բառիս իսկական իմաստով, նրանք նաև հետախույզ էին, դիպուկահար…
Պատմությունն իր հիշողության մեջ պահել ու մեզ է հասցրել 12-րդ դարում մոնղոլ հրոսակների դեմ կռված ու իր անունը փառքով պսակած Այծեմնիկի անունը, բայց տեսեք, թե մենք Այծեմնիկների քանի՜ անուն կարող ենք թողնել մեր գալիք սերունդների համար: Տեսեք՝ հայ կնոջ հայրենասիրության, անձնազոհության քանի-քանի օրինակներ է տվել Արցախյան պատերազմը: Նաիրա Սահակյանը այդ քաջերից մեկն է:
Ահա նրա՝ երկու զավակների մայր Նաիրայի լուսանկարը: Մարտական ընկերները շիկահեր այս գեղեցկուհուն պարզապես «Շեկո» են ասել՝ նկատի ունենալով ոչ այնքան նրա մազերի գույնը, որքան գեղեցկությունը, իսկ նա առավել հայտնի է եղել «Շուշիի աղվես» մականունով: Նա այդ պատվանվանն է արժանացել թշնամու թիկունքում հմուտ ու ճարպիկ հետախուզություն իրականացնելու համար: Երևանում ծնված Նաիրայի պատերազմական կենսագրությունն սկսվել է «Աղբյուր Սերոբ» ջոկատի կազմում կռվելով և ավարտվել Սարսանգի ջրամբարի համար մղված հաղթական մարտերում: Ազատամարտիկներն իրենց մարտական ընկերոջ դին հայտնաբերում են խփված-ընկած մյուս հերոսների կողքին: Եվ բանաստեղծական այս ու անկեղծ տողերն էլ, ամենայն հավանականությամբ, ծնվել են այդ ահավոր ու ցավալի տեսարանի անմիջական ազդեցության ներքո.
Կանգնած էինք մենք նրանց հանդիման,
Աչքներս հառած նրանց դիերին:
Ամենքս էլ մտովի երդում տվեցինք՝
Վրեժը լուծել մեր ընկերների:
Խաղաղություն ձեզ մեր հերոս հայորդիներ, խաղաղություն ձեզ «Շուշիի աղվես»՝ Նաիրա Սահակյան, «Դիպուկահար Ռոկի»՝ Օսաննա Մելյան, Անահիտ Վարդանյան, Սիլվա Ղազարյան… Ձեր անունները հավերժ կմնան մեր սրտերում: Ամեն նոր բացվող խաղաղ օր կհիշեցնի ձեզ ու ձեր անմահ սխրանքը:
Շնորհակալություն եմ ուզում ասել Հայրիկ Ղազարյանին, որ այդքան սեր ու նվիրվածություն է դրել արցախյան մեր ազատամարտի մասին պատմող իր գրքում և բարի խոսքերով հիշատակել հայրենիքի անկախության համար իրենց երիտասարդ կյանքը զոհաբերած հերոսներին, որոնցից մեկը, ընդամենը մեկը, գեղեցկուհի Նաիրան էր՝ «Շուշիի աղվեսը» կամ պարզապես՝ Շեկոն…
ԲԱԼԱԲԵԿ ՄԵԼՅԱՆ
Պատերազմի և աշխատանքի վետերան