Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ



Միայն բանակում ծառայող զինվոր ծնողը կարող է խորությամբ զգալ մեր սիրտն ու հոգին ողողած այն անսահման բերկրանքն ու անպատմելի հպարտությունը, որը պատճառեց մեզ հասցեագրված անսպասելի շնորհավորական նամակը որդուս զորամասի հրամանատարությունից: Ո՞ւմ, ո՞ր ծնողի սիրտը ուրախությունից չի պայթի, եթե իր զինվոր որդու մասին այսպիսի տողեր կարդա. «Շարքային Վահրամ Տիրացվյանը բարեխղճորեն է կատարում իր սահմանադրական պարտքը Հայրենիքի հանդեպ, կարճ ժամանակամիջոցում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման գերազանցիկ և կարգապահ մարտիկ: Լինելով զինվորական կոլեկտիվի լիարժեք և ակտիվ անդամներից մեկը` վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է ծառայում իր համածառայակիցների համար, հրամանատարներին օգնում է ստորաբաժանումում կանոնադրական կարգուկանոն հաստատելու գործում: Անկասկած, Վ. Տիրացվյանի՝ Հայրենիքի արժանի զինվորի դաստիարակության գործում Ձեր ունեցած ներդրումն ամենամեծն է»:

Մենք պարտավոր ենք լավ երեխաներ դաստիարակել ու կրթել, մենք պարտավոր ենք նրանց մեջ ներարկել հայրենիքի համար աննկուն ու նվիրված զինվոր լինելու գիտակցությունը: Եվ զորամասից ստացած այս շնորհակալական նամակը փաստում է, որ մենք չենք թերացել և հայրենիքի նկատմամբ մեր քաղաքացիական, մեր ծնողական պարտքը կատարել ենք:

Շնորհակալ ենք ձեզ, զորամասի մեծահարգ հրամանատարներ, որ երկու տարի անընդմեջ դառը քրտինք եք թափել և մեր տղային իսկական զինվոր եք դարձրել, կոփել և կրթել եք նրա մարմինն ու կամքը: Դուք անում եք ամենադժվարին ու ամենապատվաբեր գործը՝ հայրենիքի պաշտպա՛ն եք դաստիարակում: Դուք արժանի եք ամենամեծ հարգանքին ու պատվին:

Շնորհակալ ենք նաև քեզ, սիրելի՛ Վահրամ որդի, որ մեր ընտանիքի, քո ծնողների պատիվը բարձր ես պահում: Դու երկու տարի պատվով ծառայել ես, ու հիմա մենք անհամբեր ու գրկաբաց քեզ ենք սպասում: Դժվար են անցնում օրերը, և մենք արդեն սկսել ենք ժամերը հաշվել…

Համբուրում ենք քեզ`

ՍԱՄՎԵԼ և ԱՆՆԱ ՏԻՐԱՑՎՅԱՆՆԵՐ

Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Բանակ և հասարակություն


23/05/2013