ՆՈՒՅՆ ՕՐԸ, ՆՈՒՅՆ ՎԱՅՐՈՒՄ…
Մեր նորօրյա հերոսամարտի՝ Արցախյան գոյապայքարի հենց սկզբում անհրաժեշտություն դարձավ Բերդաձորի պաշտպանությունը, և ստեղծվեց ԲԻԽ-ը (Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդ)` Անդրանիկ Հարությունյանի նախագահությամբ, փոխնախագահ՝ Առնո Մկրտչյան: 1988-ի վերջից մինչև Բերդաձորի անկումը՝ 1991 թվականի մայիսի կեսերը, արծվաբույնը պաշտպանվեց տեղացի, Հայաստանի ու Արցախի տարբեր վայրերից եկած կամավորական ջոկատների ջանքերով: Այդ ընթացքում եղան օրհասական ու հերոսական բազում պահեր, ձերբակալություններ, հարձակումներ գյուղերի վրա, անասնագողություն, սպանություններ, սակայն Բերդաձորը դիմակայեց, չդատարկվեց, ընդհակառակը՝ վերադարձան և հայրենի հողը պաշտպանեցին բազմաթիվ նախկին բերդաձորցիներ, ովքեր խորհրդային տարիներին հիմնականում արհեստականորեն ստեղծված կենցաղային վատ պայմանների պատճառով հեռացել էին հայրենի օջախներից:
1991-ի մայիսին խորհրդային բանակի ու ադրբեջանական օմօնի միացյալ ուժերին հաջողվեց խաբեությամբ ձերբակալել տղամարդկանց և ստիպողաբար դուրս քշել բնակչությանը: Հղի կնոջը պաշտպանելու համար ադրբեջանցիները գնդակահարեցին Երևանից հայրենի գյուղ ընտանիքով վերադարձած Անուշավան Գրիգորյանին: Ուղիղ 1 տարի արծվաբույնը մնաց թշնամու գերության մեջ… Մայիսի 17-ին կլրանա Բերդաձորի ազատագրման 21-ամյակը:
Մինչ այդ, մայիսի 11-ին, Բերդաձորի Եղծահող գյուղում կայացավ հանդիպում Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի նախկին ուսանող-ազատամարտիկների, տեղի զինյալ տղաների և բնակչության հետ: Եկել էին Աժ պատգամավոր, Բերդաձորի և առհասարակ Արցախյան շարժման առաջամարտիկ, դերասանուհի Ժաննա Գալստյանը, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ Ագոն, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և շատ ուրիշներ:
Ծաղիկներ դնելով Բերձոր-Ստեփանակերտ մայրուղու եզրին մոտ բերդաձորցի նահատակ-ազատամարտիկների հուշարձանին՝ նախկին ազատամարտիկները բարձրացան այն դիրքերը, որտեղ 2-3 տարի բազում գիշերներ էին լուսացրել՝ հսկելով բնակչության անդորրը: Անցնում ենք Հրաչ Պետրոսյանի հայրական տան մոտով, երեխաներ են խաղում. Ժաննա Գալստյանը հարցնում է փոքրիկներին՝ արդյոք գիտեն Հրաչի մասին: Գիտեն. Բերդաձորը հայաթափ անելիս ադրբեջանցիներին հաջողվեց, իհարկե խորհրդային բանակի օժանդակությամբ, ձերբակալել նաև ինքնապաշտպանության քաջ մարտիկներ Առնո Մկրտչյանին և Հրաչ Պետրոսյանին, որոնք մեղադրվում էին տարբեր «հանցագործությունների» համար: Բաքվի բանտերում տանջամահ եղան քաջորդիները: Հանդիպմանը ներկա էին նաև Հրաչի Սամվել և Մանվել որդիները:
Ահա այն փոքր տունը, որը պատերազմի տարիներին ծառայում էր որպես շտաբ… Եղծահողի այն ժամանակվա դպրոցի տնօրեն, այժմ «Արցախէներգո» Քաշաթաղի մասնաճյուղի տնօրեն Վիլեն Սիմոնյանը մարտական ընկերներին ուղեկցում է հայրական տուն: Հայրն ու մայրը մեծ սիրով են ընդունում բոլորիս. շատ ենք նրանց տանը հյուրընկալվել: Ոչ պաշտոնական հանդիպումը, բնական է, պետք է ավարտվի խնջույքի սեղանի շուրջ: Հնչում են ռազմահայրենասիրական երգեր, կենացներ՝ նվիրված բոլոր այն տղաներին, ովքեր կամավոր Բերդաձոր էին գալիս՝ պաշտպան կանգնելու հայրենակիցներին:
Օրը մոտեցավ ավարտին: Հրաժեշտ տալով՝ որոշում ենք յուրաքանչյուր տարի նույն օրը անպայման հանդիպել…
Էջը՝ ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆԻ
Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Բանակ և հասարակություն