Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈԳԻՆ



Կովսականում նշվեց Թաթուլ Կրպեյանի ծննդյան 48-ամյակը: Ներկա էին նաև հերոսի այրին և միակ ժառանգը՝ Ասպրամ դուստրը: Խոսելով հոր մասին՝ Ասպրամն ասաց, որ ինքը փոքր է եղել, երբ մարտիրոսվել է հայրը, իսկ այսօր հպարտ է, որ ազատագրված սահմանամերձ Կովսականում կանգնեցված է հոր հուշարձանը:

-Երեխաների աչքերում տեսա երկրի տերը լինելու վճռականություն, որ հատուկ էր նաև հորս՝ Թաթուլին:

Միջոցառումն սկսվեց դպրոցի աշակերտների ելույթով, ովքեր Թաթուլի արձանի մոտ հանդես եկան ասմունքով, ռազմահայրենասիրական երգերով, ապա ծաղիկներ դրեցին հերոսի կիսանդրուն՝ մեկ անգամ ևս հավաստելով, որ քաջերի գործը շարունակվում է ազատագրված տարածքները հայացնելով, շենացնելով: Տոնը շարունակվեց Կովսականի քաղաքապետարանի բակում, որտեղ իրենց ելույթներով կովսականցիներին ողջունեցին սիրված ու ճանաչված երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Գոհար Հովհաննիսյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը, Ռուբեն Սասունցին, Ներսիկ Իսպիրյանի Արաբո որդին, որն իր կատարումներով հիացրեց ներկաներին: Հաճելի էր դիտել Գագիկ Գինոսյանի և նրա ղեկավարած «Կարին» ազգագրական պարի խմբի ելույթները:

-Հպարտ եմ, որ Կովսականում եմ. այստեղ հորս հոգին է թևածում, և վստահ եմ, որ ամեն արշալույս խաղաղ է բացվելու: Շնորհակալ եմ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարությանը, ՀՀ պաշտպանության նախարարությանը, հայրիկիս ընկերոջը՝ երգիչ Մկրտիչ Մկրտչյանին և բոլորին, ովքեր օժանդակեցին այսօրը գեղեցիկ և տոնական նշելու համար,-ասաց հերոսի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը:

Օրն ավարտվեց տոնական խնջույքի սեղանի շուրջ, դարձյալ բարեմաղթանքի խոսքեր հնչեցին, կատարվեցին երգեր: Մայրամուտին եկավ հրաժեշտի պահը: Կովսականցիները մնացին հսկելու սահմանը, երգիչները վերադարձան Երևան՝ նոր երգեր հորինելու՝ նվիրված քաջորդիներին, սահմանը պահող ու շենացնող հայ մանուկներին:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Բանակ և հասարակություն


23/05/2013