Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՆԳ ՍԵՐՆԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՄԻԱՏԵՂ` ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ



ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱԱՄ ՆՈՐ ՇԵՆՔԸ

Մայիսի 9-ին Եռատոնի շրջանակներում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ ԼՂՀ Ազգային ժողովի շենքի հարևանությամբ բացվեց Արցախի ազատամարտիկների միության գրասենյակը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՊԲ բարձրաստիճան, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից:

Անդրադառնալով ԱԱՄ անցած ուղուն՝ վարչության նախագահ Սամվել Կարապետյանը նշեց, որ Միությունը, որն իր շարքերում ունի շուրջ 10000 անդամ, մեծ գործ է կատարում մեր երկրի հասարակական, պետական և ռազմական կառույցների զարգացման ու ամրապնդման համար՝ ակտիվ մասնակցություն ունենալով նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Ասաց նաև, որ միությունը մշտապես գտնվել է թե՛ Արցախի և թե՛ Մայր Հայաստանի բարձրագույն իշխանությունների առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:

ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ազատամարտիկ-վետերան Ժաննա Գալստյանն իր խոսքում ասաց. «21 տարի առաջ այս օրը նկուղներից դուրս եկած ստեփանակերտցին, ողջ Արցախ աշխարհը, մայր Հայաստանը, Սփյուռքը ցնծում էին ուրախությունից, իսկ հայ ազատամարտիկը տոնելու ժամանակ չուներ: Նա մարտեր էր մղում հարակից բնակավայրերում, որպեսզի տրամաբանական ավարտին հասցնի Շուշիի ազատագրումը` կերտելով իր հետագա հաղթանակները: Մեր ժողովուրդն ու իշխանություններն ըստ արժանվույն գնահատեցին ազատամարտիկների սխրագործությունը, և գնահատման վկայություններից մեկն էլ հանրապետության սիրտը հանդիսացող Վերածննդի հրապարակում բացվող Ազատամարտիկների միության շենքն է, որը պարզապես շինություն լինելուց բացի, նախևառաջ օջախ է, որի հարկի տակ հավաքվելու են առնվազն հինգ սերնդի ներկայացուցիչներ: Նրանք հավաքվելու և վերհիշելու են իրենց մարտական ընկերներին, կիսվելու են իրենց հոգսերով, խնկարկելու են զոհվածների հիշատակն ու հավաստելու են, որ իրենք են ամենահուսալի պահեստազորը և դեռ ճամփա ունեն անցնելու»:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, իր ողջույնի խոսքում կարևորելով այս նշանակալից իրադարձությունը, հույս հայտնեց, որ նոր ու հարմարավետ շենքը կնպաստի Միության առավել արդյունավետ գործունեությանը: Բարձր գնահատելով ազատամարտիկների սխրանքը՝ ԼՂՀ նախագահը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ մատաղ սերունդը կանի ավելին:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր օրհնանքի խոսքում բարեմաղթեց, որ ազատամարտիկների նորամուտը օրհնաբեր ու զորավոր լինի մեր ժողովրդի համար:

ԱԱՄ վարչության նախագահի որոշմամբ` ՀՀ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանն արժանացավ ԱԱՄ պատվավոր անդամի կոչման, շինարար Գագիկ Թովմասյանը՝ ԱԱՄ «Հայրենյաց պաշտպան» մեդալի: Բարերարներ Ռուբեն Հայրապետյանի և Պետրոս Սահակյանի օժանդակությամբ մի խումբ ազատամարտիկ վետերաններ նվեր ստացան «Լադա» մակնիշի ավտոմեքենաներ:

ԱԱՄ գրասենյակի բացման պատիվը վստահվեց Արցախի հերոս, ԱԱՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Սամվել Կարապետյանին և Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սան Ռաֆիկ Սարգսյանին:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Բանակ և հասարակություն


23/05/2013