ԵՐԲ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆԻ «ՄՈՍԿՎԱՅԻ ՏԱՆԸ»
Մայիսի 16-ին Երևանի «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութա-գործնական կենտրոնի ցուցասրահում լուսանկարների ցուցահանդես էր` «Մենք մարտնչել ենք հայրենիքի համար» խորագրով: Ցուցահանդեսի համար հիմք էր ծառայել մեկ տարի առաջ «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ եւ ՊՆ աջակցությամբ հրատարակված «Մենք մարտնչել ենք հայրենիքի համար» գիրք-ժողովածուն (խմբագիր՝ Էռնա Ռեւազովա, լուսանկարիչ՝ Գայանե Հարությունյան), որում տեղ էին գտել պատերազմի վետերանների հուշերը (դրանք գրառել էին սլավոնական համալսարանի ուսանողուհիները) եւ նրանց լուսանկարները:
Եւ ահա այս ցուցահանդեսում ներկայացված էին Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների թե՛ ռազմաճակատային օրերի, թե՛ այսօրվա լուսանկարները:
-Մեկ առ մեկ այցելել եմ վետերաններին, անչափ հուզվում էի նրանց պատմությունները լսելիս,- ասում է լուսանկարիչ Գայանե Հարությունյանը,- պետք է հիշել, գնահատել բոլորին ըստ արժանվույն, ով հիշում է, նա էլ ապրում է…
Դանդաղաքայլ, ոմանք հարազատների ուղեկցությամբ, գալիս են վետերանները ու խմբվում են այս կամ այն նկարի շուրջը: Լուսանկարներում իրենց անցյալն ու ներկան են, իսկ դրանց արանքում` հազարագույն ու հազարաթեւ հիշողությունները, ու թաց աչքերով զրուցում են, հիշում, թախծում, կատակում:
-Պա՜հ, հլա մի նայիր, երիտասարդ ժամանակ ծխախոտը բերանին է նկարվել, լավ էլ թիթիզացել է,- ասում է կին վետերաններից մեկը ընկերուհուն` նայելով վետերաններից մեկի ռազմաճակատային օրերի լուսանկարը: Վետերան պապիկներն էլ գնահատող հայացքով նայում են վետերանուհիների երիտասարդ օրերի նկարներն ու. «Պա՜հ, պա՜հ, էս ինչ սիրուն են եղել»…
-Էհ, ջահելությունը հենց գեղեցկություն է,- փիլիսոփայում է վետերաններից մեկը ու ցավով նկատում,- ափսոս, պատերազմը խլեց մեր ջահելությունը…
Միջոցառումը նաեւ դպրոցականներին ռազմահայրենասիրական ոգով կրթելու միտվածություն ունի: Լուսանկարների մոտ տարբեր դպրոցներից ժամանած աշակերտներ են հավաքվում, ու վետերանները ոգեւորված, խանդավառ` նրանց պատմում են մարտական օրերից, պատերազմի ահեղ դրվագներից, իրենց հերոս ընկերներից, որոնք այդպես էլ չվայելեցին հաղթանակի բերկրանքը: Պատմելիս երբեմն բառերն այնքան էլ պարզ չեն արտասանում, երբեմն մտքի թելն է կտրվում, բայց ջանում են ամեն ինչ պատմել, որ երիտասարդ սերունդը իմանա` ինչ քաջ ու հայրենասեր են եղել իրենց պապերը: Աշակերտները կլանված լսում են, տարբեր հարցեր տալիս: Խոսում, պատմում են Մեծ հայրենականի թոհուբոհով անցած հերոսները, դրվագ առ դրվագ պատմում տարբեր ճակատամարտերի մանրամասներ, պատմում են, թե որ շքանշանը, երբ են ստացել, ինչի համար…
Զրուցում եմ պատերազմի վետերանների հետ, խնդրում կիսել տպավորությունները:
Պետրոս Պետրոսյան – Ամեն հանդիպման ժամանակ հիշում ենք մեր անցյալը, հպարտանում մեր հաղթանակով, որը մարդկային աննկարագրելի կորուստների գնով նվաճվեց: Էս պատերազմը միայն մեր կռիվը չէր, միայն Խորհրդային Միության կռիվը չէր, աշխարհի կռիվն էր ընդդեմ ֆաշիզմի:
Հենրիկ Խառատյան -Ուրախալի է, որ այսօր այստեղ ներկա են նաեւ երեխաները: Թող ոչ մի սերունդ պատերազմ չտեսնի:
Սուրեն Ստեփանյան -Հուշերիս գիրկն ընկա: Ուրախ եմ, որ այսօր էլ չեն մոռանում վետերաններիս, գնահատում են, հրավիրում են տարբեր միջոցառումների, միայն ափսոս, առաջվանը չենք:
Վարդգես Իսպիրյան – Ընկերներիս հիշեցի, պատերազմը խլեց նրանց ինձնից, բայց նրանք իմ հիշողությունների մեջ են:
Գերասիմ Հարությունյան -Մենք լեգենդար Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ հասանք Բեռլին: Եթե չհաղթեինք, դժվար է պատկերացնել, թե ինչպես կդասավորվեր մեր երկրի, մեր ժողովրդի ճակատագիրը:
Ժորա Թունյան – Ես պատերազմի ժամանակ հրետանավոր էի: Պատերազմն ինչքան դառնություն տվեց, ինչքան վիշտ ու ցավ պատճառեց:
Սարգիս Հարությունյան – Եղեգնաձորից մեկնեցի ռազմի դաշտ: Ամեն ինչ հիշում եմ, կարծես էսքան տարիները չեն էլ անցել …
Ուզում եմ ջերմ խոսքեր ասել բոլոր նրանց, որոնց շնորհիվ այսպիսի լավ միջոցառումներ են կազմակերպվում:
♦♦♦
…Դահլիճում թեւածող պատերազմական մեղեդիները խառնվում են ռազմաճակատային հուշերին:
…Հնչում է քոչարին, ու միջոցառմանը ներկա գտնվող դպրոցականները պարում են խրոխտ եւ հուժկու, առնական ու ձիգ, ինչպես պարում էին հայ զինվորները ուղիղ 68 տարի առաջ` պատերազմի ավարտին:
Իրապես գեղեցիկ միջոցառում է կազմակերպել «Մոսկվայի տունը» մեր վետերանների համար (ի դեպ, նաեւ նվերներ են հանձնում): Գեղեցիկ ձեւավորված ֆուրշեթի սեղանի մոտ իրար են խառնվում բաժակների եւ մեդալների զրնգոցը: Խմում են հաղթանակի կենացը, հաղթողների կենացը…
Հ.Գ.- Հիշում ենք, փառաբանում, հպարտանում: Նրանք քիչ են մնացել: Մեր պարտքն է հարգել եւ մեծարել նրանց, բայց ոչ միայն տոնից տոն:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Բանակ և հասարակություն