Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ ԶԻՆԱՏԱՐ ՀԵԾԵԼԱԽՈՒՄԲԸ

Միքայել Վարանդյանի վերլուծությամբ` մարտական ուժերի հրամանատարությունը Նիկոլ Դումանին վստահելը պայմանավորված էր հետևյալ հանգամանքներով.

1. Սերոբ Աղբյուրի զոհվելուց հետո Սասունում գտնվող անվանի գործիչների միջև որոշակի սառնություն էր նկատվում, որը կարող էր բացասաբար անդրադառնալ պայքարի միասնականության վրա:

2. Դրսից եկածները սովորաբար ավելի հեղինակություն ու վստահություն էին վայելում, քան տեղացի գործիչները, որոնք, ինչքան էլ բարձր լինեին, «տեղացի» մըն է, «մարգարէ է յիւրում գավառի»..:

3. «Կը ղրկեին Նիկօլ Դումանը մանավանդ այն նկատառումով՝ որ Սասնոյ բոլոր մեծ դէմքերը՝ Հրայրէն մինչեւ Անդրանիկ, ջերմ անվերապահ յարգանք կը տածէին դէպի Գարահիսարի, Բողազքեասանի եւ Խանասորին կռիվներուն հերոսը, դէպի անոր ռազմագիտական ու վարչական տաղանդը, այլեւ՝ քաջութիւնն ու վճռականութիւնը»:

Անդրանիկը Սալմաստից Երկիր անցնելու ժամանակ եղել էր Դումանի զինական խմբում և մեծ հարգանք ուներ նրա նկատմամբ:

«…Դումանը,- խոստովանել է Անդրանիկը,- կրնար իշխել ամէնուն վրայ ու հրամայել, եւ ամէն ոք կը գիտնար իր տեղն ու ընելիքը»:

Ազատագրական պայքարը կազմակերպելու վերաբերյալ Դումանն ուներ իր տեսակետը և այնքան էլ չի խանդավառվել Սասունի ինքնապաշտպանությունը ղեկավարելու առաջարկով: Նա անօգտակար էր համարում միայն մեկ գավառով սահմանափակել զինված ելույթը, որը կարող էր տեղիք տալ նոր ողբերգությունների ու անկանխատեսելի հետևանքների: Ռուբենի հետ ունեցած զրույցներից մեկում Հովհաննես Քաջազնունին նշել է. «Այս եղա՞ւ,- ասել է Դումանը, երբ իմացել է իրեն Սասուն ուղարկելու մասին,- հարսանիքը Հայրապետն է անում, խարջը Կարապե՞տը քաշի…

Ես այստեղ էի, հասցէս գիտէին: Այս հինգ տարուայ մէջ, փոխանակ զուռնայ փչելու, գոնէ իմ կարծիքը հարցնէին եղած-չեղածի մասին: Առաջուց պէտք է կարեւորութիւն տային Հրայրի նախազգուշացումներին: Եթէ մի տարի առաջ դիմէին, այն ժամանակ դեռ կարելի կը լինէր Հայրապետներին հասկացնել, որ առանց հարսի հարսանիք չի լինելու: Այժմ, երբ հարսանիքը եղած է, թէկուզ առանց հարսնացուի, ես երթամ Սասուն ի՞նչ անելու համար»:

Դումանի մեկնումը Սասուն արդեն չափազանց ուշ էր, այն անհրաժեշտորեն պետք է կայանար դեռևս ապստամբությունն սկսելուց շատ առաջ: Կովկասից կամ Սալմաստի շրջանից մինչև Սասուն ձգվող հսկայական տարածքում տեղաբաշխված էին բազմաթիվ զինվորական ուժեր, որոնց շարքերը ճեղքելը անկարելի էր, հետևաբար, ինչպես ապացուցում էր պայքարի փորձը, այնտեղ մեկնող ցանկացած զինախումբ դատապարտվելու էր կործանման:

Սասունում վիճակը անմխիթարական էր նաև զենք ու զինամթերքի առումով: Իր գործունեության ընթացքում բազմիցս մասնակցելով զենք ու զինամթերք Երկիր տեղափոխելու աշխատանքներին, Դումանը չէր կարող չիմանալ, որ ապստամբության բռնկման պարագայում Սասունի մարտական ուժերն անբավարար կազմակերպվածության և զինվածության պատճառով ի զորու չէին լինելու ձեռնարկել ու իրագործել արդյունավետ գործողություններ: Գրեթե բացառվում էր նաև երկարատև դիմադրությունը: Ահա իրենց այս և այլ նկատառումներից ելնելով՝ Դումանը դժկամորեն է ընդունում Սասունի ինքնապաշտպանությունը ղեկավարելու առաջարկը: Երկիր շուտ հասնելու համար հարկավոր էր արագ շարժվել: Նրա որոշմամբ՝ իր մարտախմբի բոլոր անդամներին պետք է ձիեր տրվեին: 1904 թ. մայիսի սկզբներին Դումանը հասնում է Սալմաստ և ձեռնամուխ լինում մարտական խմբի կազմավորմանը: Քանի որ նրան շատ լավ հայտնի էր Երկիր գնացող խմբերի ճակատագիրը, ուստի ձգտում էր իր խմբում ընդգրկել թվով քիչ, բայց լավ զինված, քաջավարժ և առավելապես ապագա խոստացող երիտասարդ զինվորներ, որպեսզի կարողանա հաղթահարել Սալմաստից դեպի Երկիր ընկած տարածքում հանդիպող արգելքները: Շատերն են ցանկացել ընդգրկվել մարտախմբի կազմում, բայց Դումանը մերժել է նույնիսկ բազմափորձ ֆիդայիների և ընտրել է միայն իր հավանած մարդկանց: Դումանը մարտախմբում ընդգրկում է ընդամենը 17 մարտիկների:

Ձիավոր զինատար խումբը հունիսի 7-ին ուղևորվում է Սասուն: Նրանք իրենց հետ Սասուն հասցնելու համար տանում էին 27 մոսին հրացաններ և 9000 փամփուշտ: Հունիսի 10-ի առավոտյան, երբ խումբը Ղոթուր գյուղի մոտերքով անցնելիս մտնում է Օսմանյան տիրապետության սահմանը, նկատվում է քուրդ հովիվների կողմից և «սկսւում է քրդերի սարսափելի «հաւարը»: Հանդիպելով զինյալ քրդերի դիմադրությանը և անկարող լինելով այլևս առաջ շարժվելու՝ Դումանը խումբը բաժանում է մի քանի մասի ու հարմար դիրքեր ընտրելով՝ սպասում հակառակորդի հարձակմանը: Խմբին պաշարող քրդերի բազմությունը գնալով ավելի է ստվարանում: Շուտով մարտադաշտում է հայտնվում նաև կանոնավոր զորքը: Ամբողջ օրը, մինչև մութն ընկնելը, թշնամին անընդմեջ գրոհներով փորձում է ոչնչացնել համառորեն դիմադրող հայ մարտիկներին: Կռիվը շարունակվում է նաև գիշերը: Զինախումբը պաշարված վիճակում երկար չէր կարող դիմադրել: Փամփուշտները շուտով սպառվում են: Հարկավոր էր ինչ-որ վճռական, անսպասելի քայլ կատարել և դուրս գալ շրջափակումից:

Կռվի մասնակից Թադևոս Ամիրյանի վկայությամբ` «Նիկօլը յանկարծ կանչեց՝ «զամնոյու» (հետեւեցեք ինծի) եւ դուրս թռաւ դիրքէն, մէնք ալ անոր ետեւէն: Այնքան յանկարծակի հարուածեց, որ իր կրակի տակ ճամբայ բացւեցաւ, եւ մենք ժայռերէն յարձակուելով, շղթայէն անցանք եւ, լեռն ի վար վազելով, հասանք ձորը»:

Կատարվում է այն, ինչ վաղօրոք կանխագուշակել էր Դումանը: Դեպի Սասուն անցնելու ձեռնարկումը տապալվում է, և միայն Դումանի զինվորական տաղանդի ու մարտիկների խիզախության շնորհիվ խումբը կարողանում է դուրս պրծնել թշնամու օղակից:

Ընդհարման ժամանակ կորցնելով մարտական երկու զինակիցների և անկարող լինելով առաջ շարժվել՝ Դումանը հարկադրված հրահանգում է վերադառնալ Սալմաստ: Ռազիի անհաջող կռվից հետո Դումանը Սամսոնին հասցեագրած նամակում գրում է. «Սիրելի՛ Սամսոն, եկանք փըստ դառած, կորցրել ենք Աւդոյին ու Սերոբին, մնացածները ազատ են, միայն Խոյում զէնքով բանտարկվել են վալադ Խեչոն, Հայրապետը եւ Տիգրանը: Կառաւարութեան հետ բանակցութեան մէջ ենք, սպասում ենք, որ էսօր ազատւէն զէնքով…»: Դումանը հետագայում հեգնանքով ու ցավով է հիշում Սասուն մեկնած մարտախմբի անհաջողությունը և այդ պատճառով էլ նամակում դիպուկ ու անկեղծորեն գրում է. «… եկանք փըստ դառած»:

Շարունակելի

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Պատմության էջերից


23/05/2013