ՀԱՅՈՑ ՄԵԾ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԸ
Աստվածաշնչում մենք քիչ կանք, բայց հենց միայն մեր հայոց Թորգոմա տան հիշատակումը Սուրբ գրքում բավական էր լինելու սրբացնել մեր զգացմունքներն առ մեր տունը, որ նաեւ Արարատի երկիր էին կոչում, ու մանավանդ` ճանաչելու ինքներս մեզ եւ ուրիշներին մեզ մեծարել տալու որպես աստվածաշնչյան ազգ եւ մեր երկիրը` աստվածաշնչյան երկիր: Իսկական տեղն է հիշելու, որ Թորգոմն էլ ինչ-որ մեկը չէր` գար ու «հանկարծ» Սուրբ գիրք մտներ սուրբ գրով, այլ «առաքինի եւ արդար» Նոյ նահապետի կրտսեր որդու` Հաբեթի ծոռը, ու մեր ազգի անվանադիր նահապետ Հայկն էլ ահա այս Թորգոմի որդին էր:
Այսքան հին, ուրեմն, այսքան վաղնջական մեր ազգի կեռման ճանապարհներին ինչեր ասես չեղան, եւ մեր Թորգոմա տան պատերը սասանվեցին ինչքան անգամ` հազար, տասը հազար, հարյուր հազար, ո՞վ է հաշվել, բայց հիմնասյունը մնաց, մենք մնացինք, ու մեր ազգային տոհմաբանության առաջին խորագիտակ վավերագրողը` մեր պատմահայր Խորենացին, ահա այսպես վիպեց, ասաց. «Ու թեեւ մենք փոքր ածու ենք, բայց մենք էլ հիշատակության արժանի շատ գործեր ենք արել»:
Փոքր ածու, այսինքն` փոքր ազգ, բայց պատմության երիվարի վրա ունեցանք «քաջակորով եւ հանդուգն» հեծյալներ, որոնցով հպարտանալու պատիվն ունենք եւ մանավանդ` պարտքը: Եվ ունենք իրավունքը նրանց մեծամեծ գործերով փառավորված լինելու` մեր Տիգրան Մեծը հին ժամանակների զորավար Մակեդոնացուց պակաս չէր եւ նոր ժամանակների զորավար Նապոլեոնից պակաս չէր լինելու: Գուցե թե դեռ գառնարած Դավթի միամիտ դյուրահավատությունն ու երեխայորեն անմեղ հրճվանքն է սա, դրանցով բոլորն են ապրում` մինչեւ որ իրենց շաղգամի դաշտում իրենց խրատ տվող պառավին հանդիպեն, բայց եւ վկա է Աստված` Թորգոմա տան տոհմապետ Թորգոմից մինչեւ Դավթի քեռի Թորգոմն ու նրանից հետո այսպես է եղել միշտ` իմաստնացել ենք, եւ հայոց ճակատագրի դժնի ժամանակներում մեր այդ իմաստնությունը մեր զորեղ ախոյանների զորաբանակներն է արժեցել:
Մեր Ավարայրը, մեր Վարդանանք… Ի՜նչ սքանչելի շիտակությամբ է ասում Եղիշեն Վարդանանց պատերազմում «քչերի համեմատությամբ շատերն առաքինացան»: Այդ «շատերն» այնքան էին շատ, որ մի ամբողջ ազգ էին, եւ Ավարայրով մենք ազգովի վերահաստատեցինք մեր առաքինությունը` մեր մոմը մեր խորանում ենք վառելու, եւ ատրուշանի կրակը մերը չէ, ուրիշինն է ու թող ուրիշին մնա:
Ավարայրով մենք ասացինք եւ հաստատեցինք, որ մեր հողը տարածք չէ, այլ հայրենիք: Եվ հայրենիքն էլ Հայաստանն է, բայց ոչ մարզպանական Հայաստանը, այլ հենց Հայաստան` հայոց թագավորական թագ ու պսակով, արքունիքով, դրոշով ու բանակով եւ այն ամենայն ինչով, որ պետություն եւ պետականություն է նշանակում:
Ավարայրը քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած ազգի կռիվն էր՝ հանուն Քրիստոսի, եւ Վարդանի ու Վարդանանց նահատակությունը (հազար երեսունվեցն էին նրանք) առաջին քրիստոնյաների «սաստիկ» մարտիրոսության կնիքն էր կրում:
451-ի մայիսի 26-ը` Ավարայրի ճակատամարտի օրը, հասկանանք ու հասկանալ տանք սա, մեր ազգային օրացույցի նշանակալի թերթիկը չէ միայն, այլ համայն քրիստոնյա աշխարհի պատմության առավել հիշատակելի էջերից մեկը:
Դերենիկ Դեմիրճյանը` 5-րդ դարից եկող եւ 20-րդ դարում ապրող մի մարդ, մեկ ուրիշ ահեղ պատերազմի ժամանակ՝ 1943-ին լույս աշխարհ հանեց իր «Վարդանանքը», որն այս տողով է ավարտվում. «Այսպես անցան օրեր, տարիներ, անցան դարեր…»: Այսպես, այսինքն` պայքարներով ու մաքառումներով, պարտություններով ու հաղթանակներով, հին ու նոր կռիվներով:
Եվ եղան նոր Վարդաններ, որ ուրիշ անուններ էին կրելու` Վահան, Արշակ, Պապ, Անդրանիկ ու Նժդեհ եւ էլի շատ ու շատեր:
Ուրեմն` եղան նոր Ավարայրներ, որոնցից ամենամեծը, ամենահաղթականը, ամենաիսկականը Սարդարապատն էր լինելու:
Մեր օրերի մի Եղիշե պատմաբան «Հայաստանի նոր պետականության ծննդարան» էր կոչելու Սարդարապատը, եւ ստուգապես ճիշտ է դա: Կարո՛ղ էր լինել, որ 1918-ի գարնանը վերջինը լիներ ազգային այն հավաքականության համար, որ կոչվում է հայ ժողովուրդ, բայց չեղավ, որովհետեւ հայ ժողովուրդը չուզեց դա: 1915-ի եղեռնից սարսափելիորեն պակասած նրա արյունը մի անիմանալի ուժով հորդացավ հանկարծ, մի հզոր ալիք տվեց նրա նվաղած երակներում, եւ հայոց վիրավոր արծվի ամեհի ոստյունը սարսափահար արեց թուրքին, ու նա փախավ, եթե չկոտորվեց:
Վարդանանք էին նրանք էլ` Վանեցի Մակեդոնն ու Թռուցիկ Հովսեփը, Պանդուխտն ու Պողոսբեկը, Գեներալն ու Զինվորը: Բոլորը, բոլորը, որ միաբանված էին Հայոց մեծ միաբանության ուխտով: Այդ ուխտն էր, որ փրկեց մեզ Ավարայրում, փրկեց նաեւ Սարդարապատում: Եվ այդ ուխտն է, որ փրկելու է մեզ բոլոր հազարամյակների բոլոր մարտահրավերներից` հասկանանք սա:
Ի՜նչ իմաստալից, խորունկ զուգահեռումներ` Ավարայրում Հայոց Հովսեփ կաթողիկոսը եղավ զորքի հետ եւ ոգեշունչ մի ճառ ասաց՝ այնպիսի, որ ոտքի հանեց զորական ու աշխարհական, եւ դա թրի մի հզոր զարկ արժեցավ: Սարդարապատում Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Տփղիսեցին, որին հորդորել էին թողնել Էջմիածինն ու հեռանալ Սեւանի լեռները` վտանգից խուսափելու, ընդվզեց այդ որոշման դեմ, կարգադրեց Արարատյան երկրի բոլոր եկեղեցիների զանգերից համազգային տագնապ ազդարարել եւ այնպես խոսեց ժողովրդի հետ, որ բոլորը` ծեր ու մանուկ, կին եւ տղամարդ, միակամ պատրաստ եղան կռվի: Եվ կռվեցին:
Ավարայրում մի Ղեւոնդ Երեց ոգի էր զորքում, նա էլ մարտից առաջ ճառ ասաց` սքանչելի եւ հայրենաշունչ, եւ զորքը «ի մարտ» գոռաց: Սարդարապատում Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի տեսուչ Գարեգին Հովսեփյանը, որ արդեն իսկ ականավոր հայագետ էր, հետո էլ պիտի դառնար Անթիլիասի Կիլիկիո կաթողիկոսության գահակալը, մարտից առաջ ճառ ասաց Մահապարտների գնդի առջեւ, եւ ճառն այդ այնքան էր ազդեցիկ, որ ոչ ոք մահվան դեմուդեմ այլ աչք չէր թարթելու:
Աշխարհական եւ եկեղեցական դասի ի՜նչ ամուր միասնություն…
Եվ նկատենք` Վարդանն ու իր նախարարները Սուրբ գիրքն անգիր գիտեին մանկությունից, նրանք Մաշտոցի առաջին աշակերտներն էին եւ զորական լինելուց զատ` մեր առաջին մտավորականները: Սարդարապատում կռվում էին եվրոպաներում ուսյալ եւ կրթյալ հայորդիներ, մտավորականներ էին նրանք էլ, եւ հետո ակադեմիկոսներ էլ ունեցանք, ու հիմա անկեղծ լինենք եւ ասենք` ի՜նչ հրաշալի է, որ հայրենիքի համար օրհասական պահին մտավորականն էլ զենք բռնել գիտե:
Ավարայրի, Սարդարապատի խորունկ խորհուրդն էր, որ ծփաց հայի արյան մեջ, ու մենք ազատագրված Շուշի ունեցանք արդեն մեր օրերում, զարմանալի զուգադիպությամբ` դարձյալ մայիս ամսին:
Ու մի վերջին նկատառում:
Միջնադարում հայերս մի հարկատեսակ ենք ունեցել, որ կոչվել է հայրենիք: Հենց այդպես` հայրենիք, որն ստուգաբանորեն նշանակում է հայրենի, այսինքն` հայրական իրք (իրեր), այն է` գույք: Մեր օրերի գույքահարկն է, եւ հին հայերն այն հայրերից իրենց անցած, ժառանգված գույքի, ունեցվածքի համար էին վճարում:
Խորհրդանշական զուգահեռ` մեր հայրենիքը, մեր երկիրը, այսինքն՝ մեր հողը, մենք ժառանգել ենք մեր հայրերից, մեր նախնիներից ու դարձյալ հարկատու ենք: Հարկատու ենք մեր սիրով ու նվիրվածությամբ առ մեր հայրենիքը, մեր գործով, աշխատանքով, պատասխանատվությամբ, Հայոց ազգային միաբանության մեր ուխտով, որ կնքել ենք Ավարայրում, վավերացրել Սարդարապատում, հաստատել մեր անկախ պետականությամբ:
Բոլորս ենք այդ ուխտի ուխտավորը: Ազգովի:
Ն. ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Հոգևոր-մշակութային, Պատմության էջերից