Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԱՅՔ ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ



Շտաբայիններ Սվետլանա Եղոյանին և ենթասպա Օֆելյա Մինասյանին հանդիպեցինք Բաղրամյան զորավարժարանում, որտեղ գնդապետ Ռ.Գասպարյանի հրամանատարությամբ գործող զորամասն անց էր կացնում դաշտային պարապմունքներ: Կարճ զրույցի ընթացքում փորձեցինք պարզել, թե ինչն է նրանց մղել զինվորական ծառայության:

Օֆելյան մասնագիտությամբ երաժշտագետ է, ավարտել է կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի երաժշտագիտության բաժինը, աշխատել է երաժշտական դպրոցում, այժմ մեկ տարի է, ինչ անցել է զինվորական ծառայության: Իսկ իմ հարցին, թե ինչո՞ւ երաժշտագետի մասնագիտությունը փոխեց զինվորականի հետ և արդյոք խնդիրների չհանդիպե՞ց իր որոշման արդյունքում, ժպտալով պատասխանեց.

– Շատ եմ սիրում փաստաթղթային աշխատանքը: Զինվորական ծառայության մեջ, նաև դաշտային պայմաններում, դժվարություն չկա. եթե սիրում ես աշխատանքդ ու նվիրվում դրան, ապա ամեն ինչ քեզ համար հեշտ է: Եղբայրս նույնպես զինվորական է, այժմ ծառայում է առաջնագծի զորամասերից մեկում:

Սվետլանա Եղոյանը նույնպես շտաբային աշխատող է, ի տարբերություն Օֆելյայի` նրա հաստիքը քաղաքացիական է: Սակայն նա ունի բավականին մեծ փորձ, երկար տարիներ աշխատում է այս նույն զորամասում: Սվետլանայի եղբայրն ու հայրը նույնպես զինվորականներ են եղել՝ ենթասպաներ ու դարձյալ ծառայել են այստեղ: Երևի հենց դա է մասնագիտությունն ընտրելու պատճառ եղել: Նա զրույցի ընթացքում անդրադարձավ իր անցած և ներկայիս ծառայությանը.

-Քառասուն տարիների ընթացքում հաճախ եմ մասնակցել նմանատիպ դաշտային ելքերի, սակայն երբեք դժվարությունների չեմ հանդիպել, քանի որ գործս կատարում եմ սիրելով: Դժվարություններ չեն եղել ու չկան նաև զորամասում, որովհետև տարիների ընթացքում ձևավորվել է առողջ կոլեկտիվ:

Միշտ էլ ակնածանքով ես վերաբերվում զինվորական համազգեստ հագած կանանց և աղջիկներին, մանավանդ, երբ տեսնում ես, թե ինչպիսի ջանասիրությամբ ու պատասխանատվությամբ են նրանք կատարում իրենց ծառայությունը՝ անտեսելով զինվորական ծառայությանը բնորոշ որոշ դժվարություններ ու անհարմարություններ:

ԳԵՎՈՐԳ ՆԵՐՍԻՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի
ֆակուլտետի ուսանող

Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Ազգային բանակ


23/05/2013