ԿԱՊԱՎՈՐԸ
Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում հանդիպեցինք փոխգնդապետ Ա.Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրետանային մարտկոցներից մեկի անձնակազմի հետ, որ մարտական հրաձգություն էր կատարում Դ-20 տիպի հրետանային կայանքներից: Տղաների հետ զրույցից ու նրանց բարձր տրամադրությունից պարզվեց, որ հրաձգությունն ընթանում է բավականին լավ, և իրենք գոհ են նախնական արդյունքներից: Դրանում իր մեծ դերն ու նշանակությունն ուներ կապը, որի հստակ և ճիշտ աշխատանքը հենց սկզբից նկատվեց նաև մեր կողմից: Դադարի ժամանակ զրուցեցինք կապավորի՝ Արսենի հետ և ծանոթացանք նրա աշխատանքին:
Շարքային Արսեն Ալեքսանյանը Նոյեմբերյանի Ոսկևան գյուղից է: Բանակ է զորակոչվել 2011թ.-ին: Զորամասում իր ընտրած կապավորի մասնագիտությունը նա յուրացրեց արագ ու հիմնավոր, որի շնորհիվ ճանաչվեց հրետանային դիվիզիոնի և զորամիավորման լավագույն կապավոր: Իսկ 2012թ. աշնանը անցկացված կապավորների համաբանակային մրցույթում գրավեց երրորդ տեղը: Զրույցի ընթացքում Արսենի կրծքին նկատեցի «Լավագույն զինվոր մարզիկ» և «ՀՀ բանակի գերազանցիկ» կրծքանշանները:
Արսենի հետ զրույցից իմացանք, որ նա խրախուսվել է նաև կարճաժամկետ արձակուրդով և պարգևատրվել է պատվոգրերով: Իսկ իմ հարցին, թե ի՞նչն է առավել կարևորում իր ծառայության մեջ, նա պատասխանեց.
-Կապավորը պետք է իր աշխատանքում կարողանա գործել արագ և հստակ, որպեսզի ճիշտ ժամանակին կատարի իր առջև դրված խնդիրը:
Արսենի մասին գովեստի խոսքեր լսեցինք նաև մարտկոցի սպաների կողմից, որոնք բնութագրեցին նրան որպես բանիմաց, խելացի ու արագ կողմնորոշվող զինվորի, որ ամեն պահի գիտե իր անելիքները:
Հավելենք, որ Արսենի ծառայության ավարտին մնացել են ընդամենը հաշված օրեր, և նա ընդամենը մեկ ամսից կզորացրվի:
ԳԵՎՈՐԳ ՆԵՐՍԻՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ