ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԸ ԿՐԱԿԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ
Գնդապետ Ա.Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրետանային մարտկոցներից մեկի հաշվարկի անձնակազմին հանդիպեցինք Բաղրամյանի անվան զորավարժարանում, որտեղ նրանք այդ պահին զբաղված էին կրակի կառավարմամբ ու հաշվարկի մարտական վիճակի բերմամբ: Հենց սկզբից նկատվեցին նրանց հմտություններն ու արագ գործելաոճը: Նրանք արագ ընդունում էին նշանակետերի կոորդինատները, ճշտում նշանառությունը, լիցքավորում պայթուցիչները, ընտրում համապատասխան արկը, պայթուցիչները և կատարում մարտական կրակ Դ-20 հրետանային կայանքից: Դադարի պահին որոշեցի մոտենալ ու ծանոթանալ անձնակազմի հետ:
Հաշվարկի հրամանատարը կրտսեր սերժանտ Արթուր Սարգսյանն էր, նշանառուն՝ Վարդան Աբրահամյանը, հաշվարկի համարներն էին՝ շարքայիններ Ալեն Բաբայանը և Մարատ Իսկանդարյանը: Նրանց հետ զրույցի ընթացքում հիմնականում անդրադարձանք այս օրերին անցկացվող մարտական հրաձգությանն ու դրա արդյունքներին: Ըստ նախնական տվյալների` մարտկոցը գրեթե ամբողջությամբ խոցել է թիրախները և գնահատվել «լավ», սակայն, ինչպես ասացին նրանք, վերջնական արդյունքները պարզ կդառնան մի քանի օր անց: Կրակային ստուգմանը նախորդած դաշտային պարապմունքներին ու նախապատրաստական աշխատանքներին մի փոքր անդրադարձավ նշանառու Վարդան Աբրահամյանը.
-Նախ զբաղեցրել ենք կենտրոնացման շրջանը, այնուհետև կրակային դիրքերի շրջանը, կատարել ենք ինժեներական աշխատանքներ, որից հետո հրանոթները նախապատրաստել ենք մարտական հրաձգության եւ հետո սկսել ենք բուն մարտական հրաձգությունը:
Իսկ հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր այսպիսի դաշտային ելքի ընթացքում է՛լ ավելի նկատելի են դառնում ուսման ընթացքում ձեռք բերված գիտելիքները, իսկ մարտական կրակի միջոցով խորանում է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:
Տեսնելով հաշվարկի բանիմաց գործողությունները` ակամա համոզվում ես, որ Դ-20 դիվիզիոնի բոլոր ստորաբաժանումներն էլ օժտված են նման մարտունակությամբ, և եթե հանկարծ պատերազմ լինի, հակառակորդին կհասցնեն արժանի հակահարված:
ԳԵՎՈՐԳ ՆԵՐՍԻՍՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ