Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐՏԵՂԻ՞Ց Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ…



Շատերն են լսել հանրահայտ երգի այս բառերը, շատերն են փորձել գտնել հարցի իրենց պատասխանը: Իհարկե, դժվար հարց է, յուրաքանչյուրն իր ուրույն պատասխանը կունենա` մյուսներից տարբերվող, մի մասն էլ գուցեև ընդհանրապես չկարողանա որևէ խելամիտ պատասխան տալ: Սակայն կան մարդիկ, որոնք հստակ գիտեն, թե ինչ ասել է հայրենիք, որտեղից և ինչից է այն սկսվում, և ինչ պետք է անել Հայրենիք ունենալու պատվին արժանի լինելու համար: Եվ ես վստահ կարող եմ ասել` ովքեր են նրանք:

Գնդապետ Ա. Սմբատյանի հրամանատարությամբ գործող զորամասում ենք: Զորամաս, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ՀՀ հյուսիսարևելյան սահմանին: Զորամասի պատասխանատվության գոտում գտնվող հենակետերը չափազանց բարդ հատվածներում են տեղակայված: Շատ դեպքերում դրանք մեր սահմանամերձ բնակավայրերի անմիջապես կողքին են, ապահովում են բնակիչների խաղաղ, անվտանգ կեցությունը` հող մշակելու, առօրյա հոգսերը հոգալու իրենց իրավունքը: Թեև գյուղացիների կյանքը խաղաղ անվանել պարզապես չի կարելի, քանի դեռ հակառակորդը նենգ և ստոր քաղաքականություն է վարում: Որոշ ժամանակահատված հարաբերական անդորր պահպանելուց հետո մեկ էլ հանկարծ կրակ է բացում իր հողամասում գործ անող գյուղացու վրա կամ կրակում է ճանապարհով անցնող ոչ զինվորական մեքենայի ուղղությամբ: Քայլ, որ հարիր չէ ոչ մի քաղաքակիրթ երկրի զինվորականի: Բնականաբար, նման քայլերն անմիջապես արժանանում են մեր դիրքապահների համարժեք գործողություններին, բայցևայնպես, մարդկանց կյանքի անվտանգությունից ելնելով, բավական մեծ ցանքատարածքներ անմշակ են թողնված` անցանկալի միջադեպերից խուսափելու համար: Իհարկե, հակառակորդի հրաձգությունից առաջին հերթին «բաժին է հասնում» մեր զինծառայողներին: Ընդ որում, գործի են դրվում տարբեր միջոցներ` սովորական դարձած գնդակոծությունից մինչև դիվերսիոն գործողություններ: Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է այն դեպքը, երբ անցած տարի հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը տվյալ հատվածում կարողացել էր ներթափանցել մեր տարածք, դարանակալել դիրքեր տանող ճանապարհներից մեկի մոտ: Արդյունքում՝ ունեցանք երեք զոհ, բոլորն էլ պայմանագրային զինծառայողներ: Ինչ խոսք, համապատասխան հետևություններ արվել են…

Ու թեև վաղուց պաշտոնապես զինադադար է հայտարարված, սակայն տեղացիների կյանքը այլ կերպ, քան պատերազմական չես անվանի, քանի որ միայն պատերազմի ժամանակ են գնդակոծվում խաղաղ գյուղերը, միայն պատերազմի ժամանակ է, երբ դիրքում կանգնած զինվորը ամեն րոպե սպասում է բացահայտ կամ քողարկված հարձակման… Եվ միայն ու միայն մեր զինծառայողների սթափության շնորհիվ է, որ հակառակորդը պարբերաբար զգաստանում է և չի դիմում ավելի մեծ արկածախնդրությունների: Նրանց անձնվեր ծառայության շնորհիվ է պահպանվում հարաբերական անդորրը: Եվ երբ տեղում ծանոթանում ես հայ զինվորի առօրյա ծառայության առանձնահատկություններին, մարտական հերթապահության իրականացման պայմաններին, ակամայից անսահման հարգանքի զգացում ես ունենում յուրաքանչյուր սպայի ու շարքային զինվորի, պայմանագրային զինծառայողի հանդեպ, հպարտություն ես զգում նրանց հետ անցկացրած ամեն մի վայրկյանի համար:

…Դիրքերում ենք: Տեղ ենք հասել այսպես կոչված «փոս ճանապարհով», որը երկու կողմից ծածկված է բարձր հողաթմբերով` հակառակորդի կողմից տեսանելի հատվածներում անվտանգ տեղաշարժվելու համար: Ուղևորվում ենք այն թևը, որտեղ հերթապահում են փոխգնդապետ Հ. Մկրտումյանի ղեկավարած պայմանագրային գումարտակի զինծառայողները: Նկատի առնելով զորամասի հսկողության տակ եղած դիրքերի բարդ դասավորությունը՝ մարտական հերթապահությունն այստեղ իրականացնում են միայն պայմանագրայինները: Մեր այցելած առաջին իսկ հենակետում մեզ դիմավորում են հասուն, պինդ տղամարդիկ, առավելապես միջինից բարձր տարիքի: Բոլորի մաշկն ու համազգեստը արևից խունացել է, միաձուլվել դիրքերի հող ու փոշու գույնին: Մարտաֆիլմերում նրանց նմաններին վետերան են անվանում, քանի որ արտաքին տեսքից, պահվածքից արդեն պարզ է. այս մարդկանց մեծ մասը մարտական ծառայության մեծ փորձ ունի, բազմիցս առել է վառոդի հոտը: Եվ իրոք, դիրքապահների մեծ մասը վետերաններ են և մասնակցել են շրջանի ինքնապաշտպանական մարտերին: Եվ հիմնականում հենց այդ տարիներից էլ դիրքերում են առանց հանգստի:

Գնել Խաչատրյանը ծառայում է 21 տարի: Ծանոթ է տեղանքի յուրաքանչյուր քար ու թուփին, ծառայության բոլոր առանձնահատկություններին: Հաճախ են նրանից խորհուրդներ հարցնում երիտասարդները: Մյուսների ծառայության ժամկետը քիչ պակաս է, սակայն իրենց պարտականությունները կատարելիս նվազ գրագետ չեն գործում: 51 տարեկան Էդիկ Զաքարյանը, Ալբերտ Արզումանյանը, Վարշամ Անդրեասյանը և ուրիշներ: Ալբերտի զինծառայության ընդհանուր ժամկետը տասը տարի է, որից երկու տարին 90-ականների սկզբին պարտադիր զինվորական ծառայությանն են: Նրա ստորաբաժանումը ծանր մարտերի է մասնակցել, որոնցից մեկի ժամանակ էլ Ալբերտը վիրավորվել է և, կարելի է ասել, հրաշքով է ողջ մնացել: Այդ օրերից նրան հիշատակ է մնացել դեմքի խոր սպին: Շատ բան է տեսել մարտի դաշտում և գուցե շատերից ավելի լավ գիտի կյանքի գինը: Գիտի ու փորձում է իր բարեխիղճ ծառայությամբ հոգ տանել մյուսների անվտանգության մասին: Կենսասիրության ոգին տիրապետող է նաև նրա ընտանիքում. չորս որդի ունի, հայոց բանակի ապագա չորս զինվորներ: Նրանցով է իմաստավորվում Ալբերտի ծառայությունը, ողջ կյանքը: Նաև այս կերպ է նա ապացուցում, որ սահմանամերձ գոտում ոչ ոք ոչնչից չի վախենում…

Իհարկե, վետերանների կողքին կանգնած են նաև ավելի երիտասարդ մարտիկներ, որոնք աստիճանաբար փորձ և հմտություն են ձեռք բերում, լիարժեք տրվում ծառայությանը: Նրանցից մեկն էլ սերժանտ Պավել Վիրաբյանն է: Պայմանագրային գումարտակում է արդեն 5 տարի: Սերժանտի կոչումն էլ վերջերս է ստացել մարտական հերթապահության ընթացքում իր պարտականությունները գերազանց կատարելու համար: Նրա հետ կապված մի հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ: Երբ շրջում էինք խրամուղիներում, մեր լուսանկարչի ֆոտոխցիկը բազմաթիվ հետաքրքիր դրվագներ որսաց` հերթափոխի հանձնում, դիտարկում, ուսումնական տագնապ և այլն: Միայն Պավելը չկար կադրում: Անպայման ուզում էի նրան լուսանկարել՝ որպես լավագույն զինծառայողներից մեկի: Դիրքի ավագը հանձնարարեց տղաներից մեկին մի քանի րոպեով փոխարինել Պավելին: Մեկ-երկու րոպե հետո Պավելը նորից դիտակետում էր և հետ էր ուղարկում ծառայակից ընկերոջը.

-Ճիշտ է, ինձ փոխարինել են, դիտակետը դատարկ չի մնացել, բայց ես գիտեմ, որ տվյալ ժամանակահատվածում այն ինձ է վստահվել, անկախ ամեն ինչից, կարծես լքած լինեմ դիրքը:

Հիացմունքի արժանի պատասխանատվության զգացում, որից փառավորվում է հոգիդ, շուրջդ` լուսավորվում:

«Երիտասարդ սերնդի» ներկայացուցիչ է նաև դիրքի ավագը` Աշոտ Նավասարդյանը: Արդեն ութ տարվա ծառայության փորձ ունի: Շարքայինից հասել է ավագ սերժանտի կոչման: Ոչ մեկը չէր էլ կարող ենթադրել, որ Աշոտը կարող է պայմանագրային զինծառայող դառնալ. հաշվապահ-տնտեսագետի հետաքրքրությունները բոլորովին այլ էին: Բայց արի ու տես` ժամանակի ընթացքում նա այնքան է հմտանում, որ վստահում են դիրքի ավագի պարտականությունները: Զորամասի սպաները հանգիստ են` Աշոտի դիրքում ամեն ինչ կարգին է: Նա իր նվիրված ծառայությամբ արժանացել է իրենից ավելի տարեց, մարտական ուղի անցած պայմանագրայինների հարգանքին և վստահությանը: Եվ այժմ նրա ամեն մի խոսքն ընդունվում է անվերապահորեն:

-Մեր ծառայությունը դժվար է, բան չունեմ ասելու, բայց յուրաքանչյուրը, ով դառնում է պայմանագրային, պարտավոր է ծառայել ուժերի գերագույն լարումով: Առանց ավելորդ գովաբանության ասեմ, որ այդպես էլ կա: Կոնկրետ մեր ստորաբաժանման տղաների մեծ մասը գյուղից են: Եկել են նաև մարզի սահմանամերձ մյուս բնակավայրերից: Այսինքն` բոլորի ընտանիքները մի քանի կիլոմետր շառավղով պարփակված տարածքում են ապրում: Ուրեմն` դիրքում թերացողը առաջին հերթին իր սեփական ընտանիքն է վտանգի ենթարկում: Միշտ լսում ենք` բանակը պաշտպանում է պետության սահմանները: Շատ ճիշտ է ասված, բայց պետություն կոչվածը միայն խրամատից քիչ այն կողմ անցնող սահմանագծով չի ավարտվում: Պետությունը առաջին հերթին մի քանի հարյուր մետրի վրա գտնվող մեր գյուղն է, որի բնակչությունը հավատում է զինվորական համազգեստ հագած տղաներին: Այն գյուղը, ուր ծեր թե մանուկ, կին թե տղամարդ սովոր են ապրելու, աշխատելու, արարելու, տարբեր տրամաչափի զենքերի կրակահերթերի տակ, ցանկացած պահի պատրաստ կռվելու ու տեր կանգնելու իրենց հողին: Պետությունը այն մարդն է, որի համար հայրենիքն սկսվում է իր հարազատ տան շեմից` գյուղում ապրող, թե Երևանում…

Արդյոք նույն կե՞րպ են մտածում իրենց հարմարավետ աշխատասենյակնրերում նստած տարբեր մասնագիտության տեր մարդիկ, մայրաքաղաքի փողոցներում թանկարժեք մեքենաներով շրջող և հաճախ զինվորականի ճանապարհը կտրող շատ երիտասարդներ: Չգիտեմ, բայց վստահ եմ` մեզանից շատերը խորհելու և իրենց կյանքը վերաիմաստավորելու խնդիր ունեն: Կարելի է սկսել մեկ անգամ սահմանամերձ որևէ գյուղ այցելելուց…

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/05/2013