Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍՏԵՂԾԵԼ ԵՆՔ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԱՎԻԱՑԻԱ»



Գեներալ-լեյտենանտ ՍՏԵՓԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ 50 տարեկան է

Լրացավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Ռոբերտի Գալստյանի ծննդյան 50-ամյակը: Չեմ կարող չասել, որ Ստեփան Գալստյանը շատ սիրված ու հարգված անձնավորություն է ինչպես պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի ղեկավար կազմի, այնպես էլ ենթակա ստորաբաժանումների զինծառայողների, աշխատողների, նրան բոլոր ճանաչողների, մանավանդ Մարալիկի ազգաբնակչության համար: Նա կենսուրախ անձնավորություն է, խոսքը հումորով լի: Գործի մեջ ձգտում է մինչև վերջ խորամուխ լինել վարչությունների, բաժինների, զորամասերի խնդիրների մեջ և ստանձնել բոլոր բարդ հարցերի լուծման պատասխանատվությունը: Զինվորական բարձր կոչումն ու պաշտոնը չփոխեցին նրան, չազդեցին նրա նախասիրությունների, ձգտումների վրա: Նա իսկական ռազմական օդաչու է ու թռչելու, սավառնելու առիթը բաց չի թողնում, հաճախ էլ կատարում է ամենապատասխանատու թռիչքները, ինչպես 2011թ. սեպտեմբերի 21-ին, մեր երկրի անկախության քսանամյա տարեդարձի առթիվ անցկացված անմոռանալի զորահանդեսի ժամանակ: Այո, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանն էր գլխավորում զորահանդեսի մասնակից ՍՈՒ-25 ռազմական ինքնաթիռների մարտակարգը:

Ծնվել է 1963թ. մայիսի 15-ին, Շիրակի մարզի Մարալիկ ավանում, բանվորի ընտանիքում: Դպրոցից հետո սովորել է Գյումրու թեթև արդյունաբերության տեխնիկումում: 1982-83թթ. աշխատել է Մարալիկի «Քաղգազ» կազմակերպությունում: 1983թ. զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Մեկ տարի ծառայելուց հետո՝ 1984թ., ընդունվել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի օդաչուների բարձրագույն զինվորական ավիացիոն ուսումնարան, որն ավարտել է 1988թ. և ստացել օդաչու-ինժեների մասնագիտական որակավորում: Ավարտելուց անմիջապես հետո նշանակվել է ծառայության: Չորս տարի` 1988-1992թթ. երիտասարդ օդաչուն ծառայել է Հեռավոր Արևելքում տեղակայված ԽՍՀՄ զինված ուժերի զորամասերից մեկում: 1992թ. անսալով սպարապետ Վազգեն Սարգսյանի` ազգային բանակը համալրելու հայ սպաներին ուղղված կոչին, ծառայության է անցել ՀՀ նորաստեղծ զինված ուժերում` նշանակվելով օդաչու-օպերատորի պաշտոնում: 1993-2003թթ. Ս. Գալստյանն ազգային բանակի ավիացիոն ինքնաթիռային զորամասի հրամանատար էր, 2003թ. հոկտեմբերին նշանակվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ավիացիայի վարչության պետ եւ պաշտոնավարեց մինչև 2009թ. հունվար ամիսը: 2009թ. հունվարից նա ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ է: 2007թ. հունվարի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով Ստեփան Ռուբենի Գալստյանին շնորհվել է գեներալ-մայորի, իսկ 2012թ. հունվարի 24-ին` գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալներով, «Վարդան Մամիկոնյան» շքանշանով, բազմաթիվ այլ գերատեսչական մեդալներով: Խորհրդային բանակում ծառայելու ժամանակ, գտնվելով մարտական հերթապահության մեջ, նա ՄԻԳ-23 կործանիչ ինքնաթիռով կատարել է մարտական առաջադրանք` ոչնչացրել ԽՍՀՄ օդային տարածք թափանցած հակառակորդի անօդաչու թռչող սարքը, որի համար խրախուսվել է հրամանատարության կողմից: Գեներալ-լեյտենանտ Ս.Գալստյանն ամուսնացած է, ունի երեք որդի:

-Պարոն գեներալ, մայիսի 15-ին կանայք ու աղջիկները Ձեզ շնորհավորելով` շեշտում էին, որ Դուք ոչ թե 50, այլ 20 տարեկան եք, ո՞րն է նման ջերմ սիրո և գնահատականի պատճառը:

-Նախ ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել շնորհավորանքների, անկեղծ բարեմաղթանքների համար: Շնորհակալ եմ հատկապես կանանց ու աղջիկներին: Ես նրանց շատ եմ հարգում ու սիրում և վերաբերվում եմ ոչ թե պարզապես առաջադրանքներ, հանձնարարություններ կատարող զինվորականների, այլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների, որոնք ինչպես տանը, այնպես էլ ծառայության վայրում համբերատարությամբ, պարտաճանաչորեն ամենաաշխատատար գործերն են անում: Լավ է, իհարկե, եթե իմ պահվածքով ավելի երիտասարդի տպավորություն եմ թողնում, իմ ներկայությամբ չեմ ճնշում մարդկանց: Ի դեպ, ես էլ նրանց շնորհավորելիս երբեք ոչ մեկի տարիքը չեմ հարցնում և ուզում եմ բոլորին միշտ երիտասարդ, գեղեցիկ տեսնել:

-Անկասելի է ժամանակի ընթացքը, և անխուսափելի է առաջացող տարիքը: Հետադարձ հայացքով անցած տարիներին նայելիս ինչ-որ բան կուզենայի՞ք փոխել:

-Իմ ձգտումները մեծ մասամբ կատարվել են: Զբաղվել և զբաղվում եմ սիրածս գործով: Ունեմ լավ ընտանիք, համոզված եմ, որ ինչպես ծառայակից ընկերներս, այնպես էլ կյանքի ընկերներս` բարեկամներս ու հարևաններս, ինձանից դժգոհելու առիթ չեն ունեցել: Հնարավորությանս սահմաններում բոլորին օգնել, ընդառաջել եմ: 20-25 տարեկանում չէի պատկերացնի, որ մի օր մեր երկիրն անկախ պետություն է դառնալու, ու ես իմ փոքր ներդրումն եմ ունենալու անկախության ամրապնդման, զինված ուժերի կայացման ու զարգացման գործում: Միայն ափսոս, որ մեր բոլորի բաղձալի երազանքը առանց ցավի չիրականացավ: Մեծ էր կորուստը ինչպես 1988թ. երկրաշարժի, այնպես էլ Արցախի ազատագրման պատերազմի ժամանակ:

-Կարող էիք ծառայությունը շարունակել ռուսական բանակում, չգալ Հայաստան, չտեսնել, չապրել այդ դժվարությունները:

-Չէ, էդ մեկը չէի կարող: Այնտեղ` Հեռավոր Արևելքում, ինձ կցկտուր տեղեկություններ էին հասնում: Ոչ մի հստակ բան չգիտեի: Դրա համար էլ 1992թ. ամռանն արձակուրդ վերցրի ու եկա:

-Դուք ծառայության եք նշանակվել մի զորամասում, որը շատ քիչ ինքնաթիռներ է ունեցել: Այն ժամանակ հույս ունեի՞ք, որ կունենանք ներկայիս էսկադրիլիաները, ու Դուք թռչելու անսահման հնարավորություն կունենաք:

-Այն փաստը, որ Խորհրդային Հայաստանում լուրջ ավիացիոն ռազմակայաններ, զորամասեր չկային, իր բացասական ազդեցությունն էր թողնում զորատեսակի արագ զարգացման վրա: Բայց ուղղաթիռային զորամասի ստեղծումը, մեքենայական պարկի համալրումը, ինչպես նաև ղեկավար կազմի լավատեսությունը որոշակի հույսեր ներշնչում էին:

-Ասում են, որ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը «տառապում» է մեծ, հզոր ռազմաօդային ուժեր ունենալու հիվանդությամբ: Նախագծեր է կազմում, հաշվարկներ անում…

-Մեր ժամանակներում անհնար է գերագնահատել ավիացիայի դերը ռազմական խնդիրներ լուծելու գործում: Բոլոր երկրներն են ձգտում ունենալ արդիական ռազմաօդային ուժեր: Անցած քսան տարիների ընթացքում մենք մեր հնարավորությունների սահմաններում արել ենք ամեն ինչ և ստեղծել ենք գուցե թվաքանակով ոչ շատ, բայց մարտունակ էսկադրիլիաներ, որոնք, եթե հարկ լինի, իրենց ծանրակշիռ ներդրումը կունենան մեր երկրի պաշտպանության գործում: Չմոռանանք, որ մեր զինանոցում ունենք նաև սեփական արտադրության անօդաչու ինքնաթիռներ: Ունենք վերանորոգման ձեռնարկություն, որը սպասարկում և ավելի հուսալի է դարձնում մարտական տեխնիկայի շահագործումը: Ի վերջո, ի դեմս մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտի, ունենք կադրերի պատրաստման մեր դարբնոցը և ուսումնական զորամասը:

-Ստեփան Ռուբենի, խնդրում եմ` ասեք, այս ուսումնական փուլում ի՞նչ միջոցառումներով է ստուգվել զորատեսակների, ավիացիայի, ՀՕՊ-ի և ՌԷՊ-ի մարտունակությունը:

-Նախ` պետք է ասեմ, որ նշված զորատեսակների ստորաբաժանումները գտնվում են մշտական` շուրջօրյա մարտական հերթապահության մեջ: Միաժամանակ, ամեն տարի նրանք ներգրավվում են մի քանի տարբեր զորավարժությունների մեջ, իրականացնում մարտական խնդիրներ, որոնց արդյունքում էլ ճշտում, գնահատում ենք այս կամ այն զորատեսակի մարտունակության աստիճանը: Օրինակ` 2011թ., մասնակցելով ԱՊՀ երկրների ՀՕՊ զորքերի համատեղ զորավարժությանը, որը տեղի ունեցավ ՌԴ Աստրախանի մարզում, մեր մասնագետները ցույց տվեցին չափազանց բարձր արդյունքներ: Իսկ անցած տարի մեր երկրում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների արագ արձագանքման ուժերի զորավարժության ժամանակ իրենց բարձր վարպետությամբ աչքի ընկան ուղղաթիռային և ինքնաթիռային օդաչուական անձնակազմերը, ՌԷՊ և ՀՕՊ մասնագետները:

Յուրաքանչյուր ուսումնական փուլում մենք մի քանի լուրջ միջոցառումներ ենք ձեռնարկում զորքերի մարտունակության աստիճանը ճշտելու, ստուգելու համար: Առաջիկայում ավիացիայի շրջաթռիչքներով կստուգվեն ՀՕՊ մարտական դիվիզիոնները: Մեկ ամիս հետո նախատեսված է անցկացնել ռազմաօդային ուժերի զորահանդես` ՀՕՊ-ի և ՌԷՊ-ի մասնակցությամբ, որը նվիրված է լինելու զորատեսակների ստեղծման 21- ամյակին: Մեր ստորաբաժանումները ուսումնական փուլերի ընթացքում անցկացնում են ինչպես առանձին մարզումներ ու վարժանքներ, այնպես էլ մասնակցում են մոտոհրաձգային զորամասերի և զորամիավորումների զորավարժություններին: Ավիացիան հատկապես հաճախ է համագործակցում հետախուզական զորամասերի հետ:

-Պարոն գեներալ, կուզենայի անդրադառնաք ՀՕՊ ձեռքբերումներին և խնդիրներին, եթե այդպիսիք կան:

-Հակաօդային պաշտպանությունը մեր հիմնական լավ զարգացած և ավելի քիչ խնդիրներ ունեցող զորատեսակն է: Արցախյան պատերազմում, երբ դեռ համակարգը, որպես այդպիսին, լիարժեք չէր, չկային համապատասխան կայանքներ ու զենքեր, հայ զինվորները հակառակորդի թռչող օբյեկտները ոչնչացնում էին իրենց ձեռքում եղած հրաձգային զենքերով: Իսկ այսօր մենք ունենք համապատասխան բոլոր սարքավորումները, բազմատեսակ, միմյանց փոխապահովող զենիթահրթիռային կայանքներ և, որ ամենակարևորն է, բարձրակարգ մասնագետներ, որոնք հուսալի մարտական հերթապահություն են իրականացնում, վերահսկում հանրապետության օդային տարածքը, հետևում տարածաշրջանոււմ իրականացվող թռիչքներին:

-Ձեր գնահատականը ՌԷՊ զորքերի գործունեության և մարտական պատրաստականության վերաբերյալ:

-ԶՈՒ-ում անցկացվող բոլոր զորավարժություններն անցկացվում են զորատեսակի մասնակցությամբ: Նրանց մարտունակության աստիճանը ցույց տալու համար բերեմ մեկ օրինակ: 2011թ. աշնանը ԼՂՀ տարածքում վայր ընկավ հակառակորդի անօդաչու ինքնաթիռը, ինչը խոսում է ԼՂՀ ՌԷՊ զորատեսակի հնարավորությունների մասին: Մեզ մոտ վերոհիշյալ ՀԱՊԿ զորավարժության ժամանակ ՌԷՊ մասնագետները լուրջ առաջադրանքներ կատարեցին և պարգևների արժանացան: Առաջիկայում անցկացնելու ենք զորավարժություն զորամասերից մեկի հիմքի վրա: ՌԷՊ-ի դերը շատ մեծ է և գնալով աճում է, որովհետև ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ուժերը` ինքնաթիռներ, զրահատեխնիկա, հագեցած են կապի, ռադիոտեղորոշման միջոցներով, որոնց վրա ազդելու դեպքում նրանք կորցնում են իրենց նշանակությունը ու դառնում են թույլ, հեշտ խոցելի թիրախներ:

-Ստեփան Ռուբենի, որքանո՞վ է հայրենական ռազմաարդյունաբերությունը հոգում այս զորատեսակների կարիքները:

-Շատ կարևոր հարց է: Բարեբախտաբար, տարեցտարի մենք ավելի շատ ենք զգում ռազմաարդյունաբերության աջակցությունը: Այսօր գրեթե բոլոր զորամասերն ապահովված են տեղական արտադրության վարժասարքերով: Ես արդեն նշեցի ավիացիայի համար վերանորոգման արտադրամասի կարևորությունը: Ավելացնեմ, որ ռազմաարդյունաբերությունն է ապահովում այդ ձեռնարկության աշխատանքը: Լուրջ հաջողություներ ունենք նաև ՀՕՊ սպասարկման բնագավառում: Բազմաթիվ սարքավորումներ արդեն արտադրվում են մեր երկրում, որի շնորհիվ ՀՕՊ դիվիզիոնները դարձել են ավելի շարժունակ ու ճկուն, նվազել է նրանց խոցելիության աստիճանը, ավելացել է օգտակար գործողության գործակիցը: Կարծում եմ՝ արդյունաբերության և գիտական ներուժի ավելի լավ համագործակցության դեպքում մենք կարող ենք բավարարել բոլոր զորատեսակների, այդ թվում նաև՝ ՌԷՊ-ի պահանջները:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #20 (987) 23.05.2013 – 29.05.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/05/2013