ՄԻ՞ԹԵ ՍԱ ՉԷ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ…
Վաշտի հրամանատար, կապիտան Արեն Գրիգորյանը մեր երիտասարդ լավագույն սպաներից է. կիրթ է, պարտաճանաչ, կարողանում է անձնակազմի հետ աշխատել եւ մշտապես վերահսկում է իրավիճակը:
Արթուր Կիրակոսյան
Գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ
…Հինգ տարի է բանակում եմ, հինգ տարին էլ սահմանում: Իմ օրն անցնում է զինվորի հետ. նրանց հետ քայլում եմ, նրանց հետ հանգստանում, նրանց հետ ուտում եմ, նույն բլինդաժում քնում, նրանց հետ վառվում եմ նույն արեւի տակ, նույն անձրեւի տակ թրջվում, մրսում… Իմ զինվորները, ես, մեր արեւը, անձրեւը…
Մի՞թե սա չէ իմ հայրենիքը…
…Աչքերս փակում եմ` հանգստանամ, բայց միտքս արթուն է. խրամատից խրամատ եմ գնում, հենակետից հենակետ` որտեղ իմ զինվորներն են կանգնած: Շուրջօրյա հերթապահություն: Ամեն հենակետում մի զինվոր է կանգնած, մի մարդ, մի կյանք… Նրանք համազգեստով են միայն նման, իրականում այնքա~ն տարբեր… Քանի՞ մարդկային կերպար կա, այդքան ես զինվոր ունեմ: Քնու՞մ եմ, թե՞ մտածում. տեսնես սաղավարտը գլխին է (հազար անգամ զգուշացրել եմ), տեսնես զրահաբաճկոնը հագին է (հազար անգամ դիտողություն եմ արել)… Հանկարծ զենքը հենց այնպես չլիցքավորի… Տրամադրությունը տե՞ղն էր, հոգնած չէ՞ր… Պառկում եմ, բայց այս մտքերս հանգիստ չեն տալիս… Այսպես էր մի օր առաջ, մի շաբաթ առաջ, մի տարի առաջ, այսպես է լինելու վաղը, մյուս օրը…
Մտածում եմ` գուցե՞ սա է հայրենիքը…
…Այն օրը շատ խիստ բարկացա կարգազանց զինվորի վրա, շատ խիստ խոսեցի… Տեսնե՞ս հասկացավ, որ իմ պահանջը քմահաճույք չէ, որ իմ զայրույթը նրա իսկ շահերից է բխում, որ ես որպես հրամանատար պատասխանատու եմ նրա կյանքի համար, նրա անվտանգության համար եւ նաեւ այն սահմանի, որից սկսվում է հայրենիքը, եւ որի համար պատասխանատու ենք ես ու ինքը… Տեսնե՞ս հասկացավ ինձ, թե՞…
Այս ամենօրյա մտահոգությունն է գուցե՞ իմ հայրենիքը…
…Ես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ոտք դրեցի, որովհետեւ համոզված էի, որ ծառայությունը պատվի, արժանապատվության գործ է, որ ես լավ զինվոր եմ դառնալու, լավ սպա… Շատ անգամ մտածում եմ, որ ավելի լավ կարող էի սովորել… ինչու՞ վատնեցի ուսումնառության այդ հրաշալի ժամերն ու օրերը… Ինչու՞ թերացա… Թերեւս հիմա ավելի հեշտ լիներ ծառայությունը… Հինգ տարի է բանակում եմ, բայց հասե՞լ եմ արդյոք նպատակներիս, այն սպա՞ն եմ, որի մասին երազում էի… Ինձ սիրու՞մ են իմ զինվորները, հարգու՞մ են, իմ գիտելիքներին, ինձ վստահու՞մ են… Համոզվա՞ծ են, որ ես նրանց երբեք, ոչ մի դեպքում մենակ չեմ թողնի… Եթե ոչ, ապա ինչու՞ եմ ծառայում…
Գուցե այս սիրտը մաշող կասկածներն են իմ հայրենիքը…
…Կարգուկանոնը, խստությունը բանակի հոգին են. այս մասին ամեն սպա, ամեն զինվոր գիտի… Այս մասին ասել են իմ դասախոսները, իմ հրամանատարները, համոզվել եմ սեփական փորձով… Արդյո՞ք ես չափից ավելի փափուկ չեմ, զիջող չե՞մ, չափազանց բարեհոգի չե՞մ… Զինվորները հանկարծ իմ բարությունը թուլության հետ չշփոթեն… Գուցե՞ պետք է ավելի խիստ լինել, ավելի պահանջկոտ, նույնիսկ ավելի կոշտ… Ո՞վ ինձ ցույց կտա սպայի բարության եւ խստության հստակ սահմանը, եթե ծառայության այս հինգ տարիներին ես ինքս չեմ հասկացել… Քանի՞ տարի դեռ պիտի ծառայեմ հասկանալու համար… Որտեղի՞ց է գալիս այս անվստահությունը, կասկածը… Իմ լավագույն դասախոսներից մեկն ասում էր. «եթե կասկածում ես, ուրեմն ճիշտ ուղու վրա ես, առաջ կգնաս»։
Այս կասկածներն են գուցե՞ իմ հայրենիքը…
…Անցած հերթափոխին սովորականի պես գնում էի հենակետերը ստուգելու: Լույսը դեռ չէր բացվել, մթնշաղ էր… Ես դեռ այդքան չքնաղ լուսաբաց չէի տեսել: Սարերը, ձորերը, հեռվում երեւացող լճակը, ամեն ինչ չքնաղ էր… Ասես աշխարհի ստեղծման առաջին օրն էր: Իմ ոտնաձայներից բացի, ուրիշ ոչ մի ձայն ու ծպտուն չէր լսվում… Նույնիսկ ճնճղուկները դեռ քնից չէին արթնացել… Ասես երազ էի տեսնում կամ էլ քայլում էի դրախտի միջով… Ես երբեք ինձ այդքան հպարտ, այդքան հարուստ չէի զգացել… Ուրեմն այդ ամբողջ գեղեցկության` սարերի, ձորերի, մթնշաղի, աստծո լուսաբացի տերն էի ու պահապանը… Միայն մի բան էր ինձ զարմացնում. ինչու՞ այդ ամենը ես առաջ չէի տեսել, չէի նկատել…
Ուրիշ ինչպե՞ս է լինում հայրենիքը:
…Երեք օր տուն չէի զանգել, ժամանակ չէի գտնում, անընդհատ այսօր-վաղն էի գցում: Ինչպե՞ս են մերոնք` մայրս, քույրս, տատս… Ձեռքների փողը հո չի՞ պրծել… Հավանաբար շատ անհանգիստ են. սովորել են, որ ամեն օր պիտի զանգեմ, խոսեմ… Նրանց ուշքն ու միտքն էլ ես եմ. ո՞նց ես, ինչի՞ հազացիր, հո հիվանդ չե՞ս, սահմանում խաղա՞ղ է, նիհարե՞լ ես… Գիշերը խառը երազ եմ տեսել, զգույշ կլինես… Ա՛յ մեր, երեխա՞ եմ… Ինչպես մորս հասկացնեմ, որ ես հիմա ինքս եմ ուրիշ կյանքերի համար պատասխանատու…
Հայրենիքը գուցե իմ հարազատների անհանգստությունն է ինձ համար…
…Ես քսանյոթ տարեկան եմ, բայց դեռ ամուսնացած չեմ: Ապրում եմ վարձով բնակարանում: Այնքան փոքրիկ է այդ տունը, որ հազիվ երկու հոգի ապրի: «Դե՛ ամուսնացիր, էլի,- ասում են տղաները.- ուրիշ ի՞նչ ես ուզում: Մենակ չե՞ս գժվում»: Ասեմ` գժվում եմ, կծիծաղեն: Ասեմ` ո՛չ, էլի՛: Ստիպված կատակի եմ տալիս. «Հենց սարերից իջնեմ, մի աղջիկ կգտնեմ, կամուսնանամ»: Ճիշտ են ասում ընկերներս. մենակ շատ դժվար է: Ծառայությունն իմ ամբողջ ժամանակը խլում է, մտքերս զբաղեցնում… Բայց ամուսնանալ է պետք, իմ հասակակից ընկերների երեխաներն արդեն դպրոց են գնում… Աշխատավարձս կկիսեմ` կեսը մեզ` ինձ ու ապագա կնոջս, կեսը` մորս, քրոջս ու տատիս… Նրանք իմ օգնության կարիքն ունեն… Այսօր ծանր է բոլորիս համար էլ…
Հայրենիքը գուցե այս առտնին թվացող, ոչ մի կերպ չլուծվող հոգսերն են… Այստեղ սահմանին, մարդկանցից կտրված, նաեւ փիլիսոփայական մտքեր են գլուխդ գալիս… Ասենք` մարդկային հատկանիշներից որո՞նք են ամենակարեւորները` խե՞լքը, անձնվիրությու՞նը, քաջությու՞նը, ազնվությու՞նը, կարեկցա՞նքը… Այնքա~ն շատ են մարդկային բնավորությունները, այնքա~ն շատ են մարդկային արատներն ու առավելությունները… Իմ կարծիքով` կարեկցանքը. ուրիշի ցավը հասկանալ, սրտակից լինել… Որքան էլ որ զարմանալի թվա, բանակում մարդկային այս հատկանիշները ավելի շատ եմ ես կարեւորում… Այն օրը զինվորներից մեկը արձակուրդից վերադարձավ մի տեսակ ընկճված, անտրամադիր… Փորձեցի զրուցել, բայց չանկեղծացավ… Հերթապահության ժամանակ մոտեցա նրան, սաղավարտը ուղղեցի, գրպանի կոճակը կոճկեցի… Հասկացավ ինձ, ձգվեց և պատվի բռնեց:
Ե՞ս էի նրանից շնորհակալ, թե՞ նա ինձնից: Գուցե՞ հայրենիքը հենց սա է…
Ահա այսպես ամեն օր իմ մտքերում ու մտահոգություններում, իմ կասկածներում ու հպարտություններում, իմ ուրախություններում ու տխրություններում, իմ ծառայության եւ իմ անձնական կյանքի մասին դատողություններում, արեւոտ օրվա մեջ ու անձրեւոտ եղանակներին եւ իմ առօրյա հոգսերում ես փորձում եմ որոնել ու գտնել իմ հայրենիքը…
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
մայոր
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր
Արեն Գրիգորյան, կապիտան
Խորագիր՝ Ազգային բանակ