ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐՆ ՈՒ ԱՌԱԾՆԵՐԸ
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Ազգային բնավորությունը ասացվածքներում» նոր խորագիրը, որի ներքո տպագրվող նյութերը մեր տարածաշրջանի ժողովուրդների ազգային բնավորությունը, մտածելակերպը, ընկալումներն ու խառնվածքը ասացվածքների ու առածների հիման վրա ներկայացնելու փորձ են:
Խորագրի նպատակը նախեւառաջ ճանաչողական է` հասկանալ հարեւան ժողովուրդների առանձնահատկությունները, ինչքանով որ ժողովրդական բանահյուսության նշված ձեւը դրա հնարավորությունը տալիս է: Աշխարհում, ուր ինտեգրացման բուռն գործընթացներ են տեղի ունենում, ուր միջմշակութային շփումները հաճախանում են, կարեւորվում է ժողովուրդների փոխճանաչման յուրաքանչյուր փորձ: Խորագիրը կարող է նաեւ նախադրյալներ ստեղծել` քաղաքական իրադարձություններում ու գործընթացներում ազգային բնավորության դերը բացատրելու համար:
Ժողովուրդների ասացվածքներն ու առածներն այսօր տարբեր տեսանկյուններից ուսումնասիրում են բազմաթիվ հետազոտողներ: Բացի տեսական (լեզվաբանական, բանասիրական) աշխատություններից, կան նաև գործնականները, որոնց նպատակն է պարզել, թե ինչպես կարելի է ազգային հոգեբանությունն ու մտածելակերպը հաշվի առնել, օրինակ, բիզնեսում, գովազդում, գործնական հարաբերություններում:
Մենք քննության կառնենք նախեւառաջ այն ասացվածքներն ու առածները, որոնցում դրսեւորվում են ռազմական գործի, թշնամության ու բարեկամության, պատերազմի ու խաղաղության, քաջության ու վախկոտության, խորամանկության ու միամտության, զգուշավորության ու ռիսկի ընկալումների ազգային առանձնահատկությունները, այսինքն` այն, ինչը կարող է բնութագրել ժողովրդին ռազմաքաղաքական տեսանկյունից:
Մեր ուսումնասիրության առարկան են լինելու նախեւառաջ հայկական ասացվածքները, քանի որ ինքնաճանաչողությունը սխալներից խուսափելու, թերությունները վերացնելու նախապայմանն է: Բացի հայկականից, քննության կառնենք նաեւ ադրբեջանական, վրացական, պարսկական, թուրքական, քրդական, ինչպես նաեւ ռուսական եւ ամերիկյան ասացվածքներն ու առածները: Իհարկե, հետաքրքիր կլիներ ուսումնասիրել նաեւ տարածաշրջանի այլ ժողովուրդների, օրինակ` աբխազների, լեզգիների, օսերի, չեչենների եւ ինգուշների ասացվածքներն ու առածները, բայց մեր սահմանափակ հնարավորությունների պայմաններում նախապատվությունը տվել ենք այն ժողովուրդներին, որոնք ավելի մեծ դերակատարություն են ունեցել եւ ունեն հայ ժողովրդի կյանքում:
Անշուշտ, կլինեն յուրաքանչյուր թեմային վերաբերող ասացվածքներ, որոնք դուրս են մնացել մեր ուշադրությունից` մեր օգտագործած գրականության մեջ ընդգրկված չլինելու պատճառով, ուստի ամենեւին չենք հավակնում թեմայի ամբողջական նկարագիրը տալուն: Այդուհանդերձ, ջանացել ենք ուշադրությունից դուրս չթողնել մեր ձեռքի տակ եղած աղբյուրներում ընդգրկված եւ քննարկվող թեմային առնչվող ոչ մի ասացվածք ու առած:
Ասացվածքների և առածների մեր հիմնական աղբյուրն է «Արևելքի ժողովուրդների ասացվածքներն ու առածները» ժողովածուն (Մոսկվա, 1961, ռուսերեն), որում ի մի են բերված հիմնականում հին` ժողովուրդների «արյան մեջ մտած» ասացվածքներն ու առածները: Դրանք թարգմանված են ճշգրիտ (բառացի)` առանց իմաստը ռուսերեն համարժեքով փոխարինելու: Նույն սկզբունքով ենք առաջնորդվել հայերեն թարգմանելիս: Հայերեն ասացվածքները քաղել ենք նաև Ա.Ղանալանյանի «Առածանի» հայտնի ժողովածուից (Երևան, 1960):
Օգտվել ենք նաև ինտերնետի ռեսուրսներից, մասնավորապես` «www.sayings.ru», «www.militera.lib.ru», «www.velesova-sloboda.org», «www.pogovor.ru» կայքերից, ինչպես նաև «Ռուս ժողովրդի ասացվածքներն ու առածները» գրքից (Մոսկվա, 1987, ռուսերեն), որը ծաղկաքաղ է Վ.Դալի ժողովածուից:
Խորագիրն սկսում ենք վերոհիշյալ ժողովուրդների ասացվածքներում եւ առածներում թշնամու կերպարի բացահայտման փորձով: Թեմայի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր տարածաշրջանի ժողովուրդների ամենակենսական խնդիրը նրանց միջեւ եղած հակամարտությունների կարգավորումն է: Ըստ այդմ, կարեւոր է հասկանալ, թե հակամարտության կողմերից յուրաքանչյուրն ինչպես է ընկալում մյուսին:
Հայի պատկերացմամբ, կեղծավորությունն ու նենգությունը թշնամուն բնորոշ հատկանիշներ են, եւ թշնամուն կարելի է ճանաչել դրանով: Բարեկամին, ընդհակառակը, բնորոշ են շիտակությունն ու անկեղծությունը. «Բարեկամդ գլխիդ է նայում, թշնամիդ` ոտքիդ»,- պնդում է ասացվածքը («Բարեկամդ գլխիդ կնայե, թշնամիդ` ոտքիդ»):
Հայը չի հավատում, որ թշնամին կարող է բարի կամք դրսեւորել. «Մուկը կատվի համար վատ երազ է տեսնում»,- ասում է առածը («Մուկը կատվի համար գեշ երազ կտեսնի»): Մուկն ու կատուն ոխերիմ թշնամիների դասական խորհրդանիշներ են: Եթե երազն էլ համարենք ցանկության խորհրդանիշ, ապա առածը կարելի է հասկանալ այսպես. թշնամիդ միշտ քո վատն է ցանկանում: Ուշագրավ է, որ երազ տեսնողը մուկն է, այսինքն` թույլը: Ուրեմն` քեզնից թույլ թշնամին միշտ քո վատն է ցանկանում:
Հայը պահպանողական է թշնամիների եւ ընկերների հարցում. նա չի հավատում, որ ժամանակը կարող է նրանց փոխել: «Հին ընկերը թշնամի չի դառնա, իսկ հին թշնամին` ընկեր» («Ոչ հին բարեկամ` թշնամի, ոչ հին թշնամի բարեկամ կեղնի»): Այստեղ շեշտվում է թե՛ ընկերության եւ թե՛ թշնամության «հին» լինելը: Թերեւս, հայի պատկերացմամբ, բարեկամությունը ժամանակի ընթացքում ամրապնդվում է, իսկ թշնամությունը` խորանում:
Հայը չի վստահում թշնամու ասածին. «Թշնամու լուրին ականջ չեն կախում»,- զգուշացնում է հայկական ասացվածքը («Դուշմնի խաբրին ականջ չեն կախե»):
Մեկ թշնամու պատճառած անախորժությունը, հայի պատկերացմամբ, չի կարող փոխհատուցվել բազմաթիվ բարեկամների աջակցությամբ. «Մեկ թշնամին հազար բարեկամից շատ է» («Մեկ թշնամին հազար բարեկամեն շատ է»): Այսպես մտածողը պետք է որ ձգտի խուսափել թշնամի ձեռք բերելուց:
Հայը չի խորշում եւ չի խուսափում թշնամու հետ առեւտրային հարաբերություններ հաստատելուց: «Հարազատներիդ հետ կեր ու խմիր, բայց առեւտուր մի արա, իսկ թշնամուդ հետ առեւտուր արա, բայց հաց մի կեր»,- պատվիրում է հայկական ասացվածքը («Բարեկամիդ հետ քեֆ արա, առուտուր մի անիլ, թշնամիիդ հետ առուտուր արա, քեֆ մի անիլ»): Պատճառը, թերեւս, այն է, որ հայի պատկերացմամբ, առեւտուրը սերտորեն կապված է խաբեության, անազնվության հետ. «Շուկայում ապրանքի հետ հոգին էլ է վաճառվում»: Ուրեմն` թշնամու հանդեպ կարելի է անազնիվ վարվել, իսկ հարազատի` ոչ: Իսկ մեկի հետ հաց ուտելը նրա հանդեպ վստահության ու բարեկամության դրսեւորում է եւ մտերմանալու միջոց: Թշնամու հետ հաց չուտելու զգուշացումը նրա նկատմամբ հայի անվստահության եւս մի վկայություն է եւ, միաժամանակ, զգոնության կոչ:
Հայի կարծիքով, իրեն ամենամեծ վնաս տվող թշնամին հենց հայն է: Հայը նկատել է, որ իր միջից ելած (ցեղակից) թշնամու դեմ որեւէ մեկին բողոքելն անօգուտ է` դատավորը (երրորդ կողմը) սովորաբար մեղադրում է իրեն` չպատժելով թշնամուն: Թերեւս, հայը դա նույնիսկ արդարացի է համարում: «Ծառն Աստծու մոտ գնաց` կացնից գանգատվելու, որ իրեն կտրում է, Աստված ասաց` կոթը քեզանից է» («Ծառը գանգատ գնաց Աստծու մոտ կացնիցը, որ իրան կտրում ա, ասեց` կոթը քեզանից ա»): Ծառը, թերեւս, խորհրդանշում է մարդուն (հային) կամ, միգուցե, ժողովրդին, կացինը` նրան կենսական վնաս տվող թշնամուն, Աստված` դատավորին: Ուրեմն` մարդը (կամ ժողովուրդը) գնաց դատավորի մոտ` իր թշնամուց գանգատվելու, դատավորն ասաց` քեզ հետ արյունակցական կապ ունի: Ուշագրավ է, որ դատավորը պատժելու փոխարեն մատնանշում է թշնամու (հալածչի) արյունակցական կապը հալածվողի հետ. նա դրանով կարծես թշնամու արածի պատասխանատվության մի (թերեւս, մեծ) մասը դնում է տուժողի վրա եւ դրանով նաեւ արդարացնում վնասարարին անպատիժ թողնելը: Իսկ տուժողի «բերանը փակվում է». նա դատավորի ասածին հակադարձելու ոչինչ չունի, ընդունում է պատասխանի ճշմարտացիությունը:
Նույն միտքն արտահայտող մեկ ուրիշ առած. «Փայտի ցեցն իրենից է» («Փետի ցեցը իրանից կըլնի»): Այսինքն` փայտը քայքայող միջատն առաջանում է հենց փայտից: Փայտը, թերեւս, խորհրդանշում է մարդկանց հանրություն` ժողովուրդ, ցեցը` այդ հանրությանն աստիճանաբար (տեւականորեն) վնաս տվողին: Ուստի առածի իմաստը կարելի է հասկանալ այսպես. ժողովրդին քայքայող, նրա ուժերն աստիճանաբար քամող թշնամին ծնվում է հենց ժողովրդից. հային վնասողը, թշնամություն անողը ծնվում է հայից (այս միտքը, ի դեպ, արտահայտված է նաեւ հայերի էպոսում. Մսրա Մելիքը Մեծ Մհերի որդին էր (Դավթի համահայր եղբայրը), իսկ Սասունցի Դավթին սպանում է իր աղջիկը):
Ավելին. եթե ազգակցի թշնամությունը չլինի, ժողովրդին ուրիշը վնաս չի տա: «Եթե փայտի որդն իր միջից չլինի, վնաս չի լինի» («Փետի որդն որ իր միջեն չեղնի, վնաս չկա»): Եթե ներքին թշնամի չլինի, արտաքինը սարսափելի չէ: Երկիրը կործանվում է ներսից. «Բերդն իր միջից է քանդվում» («Բերդն իր միջից կքանդվի»):
…ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ
Հայի պատկերացմամբ, եթե թշնամիդ քեզնից շատ ուժեղ է ու խորամանկ, ապա ավելի լավ է հեռու մնալ նրանից, նույնիսկ եթե նա բարյացակամություն է դրսևորում: «Աղվեսը հավին ասաց. – Աչքդ լիս, քեզ տղա ա էլ է: – Շնորհակալ եմ,- ասաց հավը,- թաքիլան (միայն թե) ինձանից հեռացի»:
Նրանից, ով կարող է կյանքդ խլել, ավելի հզորը քեզ համար չկա. «Մկան համար կատվիցը մենձ գազան չկա»:
Արյունարբու թշնամու ձեռքն ընկնողը պրծում չունի. «Գառը գիլին ռաստ էկավ, վա՜յ գառին»:
Հային, թերեւս չի մտահոգում չար մարդու պատճառած «հասարակական» վնասը, եթե անձամբ ինքը չի տուժում: Հայը կարող է ապրել չար ու նենգ մարդու կողքին, տեսնել ու հանդուրժել ուրիշներին արած նրա չարությունը` պայմանով, որ անձամբ իրեն վնաս չտա. «Ինձ չկծող օձը թող հազար տարի ապրի»: Օձը, որպես կանոն, խորհրդանշում է չար, նենգ ու երախտամոռ մարդուն, որը կարող է թշնամանալ ցանկացածի հետ: Այստեղ, թերևս, դրսևորվում է նաև հայի պարզամտությունը. նա չի վախենում, որ այդ օձը մի օր էլ իրեն կկծի. չէ՞ որ, ի վերջո, օձ է:
Հայի պատկերացմամբ, հզոր թշնամու ձեռքով մեռնելը հիմարության վկայություն է: «Իշի գերեզմանը գիլի փորն ա»: Էշն ու գայլը թշնամիներ են, իսկ էշը նաև հիմար մարդու խորհրդանիշ է: Առածի իմաստն այն է, որ հիմար մարդու վախճանը իրենից հզոր թշնամու ձեռքով է վրա հասնում: Նկատենք` վախճանը, այսպես թե այնպես, անխուսափելի է, բայց հիմարի վախճանը թշնամու ձեռքով է լինում: Ինչո՞ւ: Հավանաբար այն պատճառով, որ հիմարը չի զգուշանում թշնամուց:
…ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ
Ադրբեջանցին, ինչպես և հայը, անկեղծությունն ու շիտակությունը համարում է բարեկամության, իսկ կեղծավորությունն ու նենգությունը` թշնամության նշան. «Ընկերը նայում է դեմքին, թշնամին` ոտքերին» ասացվածքը տարածված է նաև ադրբեջանցիների մեջ:
Ադրբեջանցու պատկերացմամբ, բարեկամանալը դժվար է, թշնամանալը` հեշտ. «Բարեկամներ փնտրիր, իսկ թշնամիներ ինքնըստինքյան կգտնվեն»: Թերևս, սա նշանակում է, որ թշնամանալու առիթներն էլ (շահերի բախում) ավելի հաճախ են պատահում, քան բարեկամանալու:
«Հազար բարեկամ ունես` քիչ է, մի թշնամի ունես` շատ է»: Այս ասացվածքը շատ նման է հայկական «Մի թշնամին հազար բարեկամից շատ է» ասացվածքին, բայց նրբերանգով տարբերվում է: Եթե հայկական ասացվածքում թշնամու քանակը համեմատվում է բարեկամների քանակի հետ (վնասը` օգուտի հետ), ապա ադրբեջանականում բարեկամի և թշնամու քանակների մասին դատողություններն առանձին են (օգուտն ու վնասը գնահատվում են առանձին): Ըստ այդմ, ասացվածքը երկու առանձին պնդում է պարունակում. ա) «հազար բարեկամը քիչ է», բ) «մի թշնամին էլ շատ է»: Առաջինը, թերևս, նշանակում է, որ մարդու կյանքում միշտ պատահում է իրավիճակ, երբ բարեկամների աջակցությունը չի բավարարում (հայկական ասացվածքն այս պնդումը չի անում): Երկրորդը նշանակում է, որ թշնամության վնասը չի չափվում թշնամիների քանակով, այլ, միգուցե, չարության աստիճանով, ուստի մեկ թշնամու պատճառած վնասն էլ շատ մեծ է: Ուրեմն` ադրբեջանցին նույնպես հակված չէ թշնամանալու:
Ադրբեջանցին հիշաչար է. «Նետը վերքից կհանես, իսկ թշնամությունը սրտում կմնա» (թերևս, կարելի է այսպիսի համեմատություն անել. Արցախյան պատերազմում կրած պարտությունը նետն է, իսկ Արցախի կորուստը` վերքը. ադրբեջանցին եթե նույնիսկ համակերպվի Արցախի կորստի հետ, հային չի ների և հայի հանդեպ թշնամությունը միշտ կպահի սրտում):
Ադրբեջանցին թշնամու ոչնչացման համեմատ մյուս դժվարությունները (որոնք կարող են առաջանալ թշնամու ոչնչացման հետևանքով) համարում է հաղթահարելի: Նա պատրաստ է հանուն գլխավոր նպատակի համբերել դրանց. «Թշնամին թող մեռնի, իսկ վրան լցնելու (թաղելու) բան կգտնենք»: Կարելի է ընդհանրացնել. ադրբեջանցու պատկերացմամբ, կարևորը գլխավոր նպատակի իրագործումն է, իսկ դրա հետևանքով առաջացած մյուս խնդիրները լուծելի են:
Ադրբեջանցին զգոն է և հակված չէ անհոգության մատնվելու, նույնիսկ եթե հակառակորդը թույլ է: Նա թշնամուց միշտ հարված է սպասում. «Եթե նույնիսկ թշնամին թույլ է, պատրաստ եղիր»,- զգուշացնում է ասացվածքը:
Ադրբեջանցին թշնամուն վճռական հարվածը հասցնում է նրա վստահությունը շահելուց հետո. «Թշնամուն գրկած են խեղդում» (այս ասացվածքը լսել ենք Մերուժան Ղուշչյանից):
…ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ
Թուրքը սադիզմի աստիճանի դաժան է թշնամու նկատմամբ. «Թշնամին թշնամուն չի ցանկանում ո՛չ մահ, ո՛չ առողջություն»,- արձանագրում է ասացվածքը: Առողջություն չցանկանալը վկայում է, որ խոսքը հիվանդ թշնամու մասին է: Ուրեմն` թուրքը ցանկանում է, որ թշնամու հիվանդությունը, այսինքն` չարչարանքը, անվերջ շարունակվի: Ահա մեկ այլ օրինակ. «Թշնամին պետք է ցցի վրա լինի»: Սա կարելի է հասկանալ երկու իմաստով. ա) թշնամին ցցի վրա մեռած պետք է լինի, բ) թշնամին ցցի վրա տանջվելիս պետք է լինի: Սրանցից որն էլ նկատի ունեցած լինի ասացվածքի հեղինակը, էականը մահապատժի ձևն է, որը համարվում է մարդկությանը հայտնի ամենադաժան ու նվաստացուցիչ տանջապատիժներից մեկը:
Թշնամու հանդեպ ահա այս վերաբերմունքն է հեգնում հետևյալ ասացվածքը. «Թշնամիները միմյանց համար գազել չեն երգում» (գազելը լիրիկական երգ-բանաստեղծություն է): Դաժանությունն ուր, լիրիկական երգն ուր. այս հակադրությունը, որն արտահայտված է հեգնական տոնով, թերևս, նաև ցինիզմի վկայություն է, որը հավանաբար հատուկ է թուրքին:
Թուրքը, ինչպես և հայը, չի հավատում, որ հին թշնամությունը կարող է վերածվել բարեկամության. «Խոզի կաշվից մորթի չես պատրաստի, հին թշնամուց` ընկեր»: Խոզի հետ համեմատությունը վկայում է, որ թուրքը թշնամուն վերաբերվում է զզվանքով ու արհամարհանքով (խոզը թուրքի համար պիղծ կենդանի է): Միգուցե դա է նրան «օգնում» թշնամու հետ դաժան վարվել: Ահա թշնամու ևս մի համեմատություն խոզի հետ. «Շան ատամներ ունի, խոզի կաշի», որը կարելի է հասկանալ երևի այսպես` շան նման կծում է և խոզի նման զզվելի է:
Թուրքը, ինչպես և հայն ու ադրբեջանցին, թշնամուն բնորոշ է համարում նենգությունը, ընկերոջը` շիտակությունը. «Ընկերը նայում է դեմքին, թշնամին` ոտքերին»: Եւ ուրեմն` թշնամուն պետք է ճանաչել ոչ թե արտաքինից, պահվածքից (որովհետև կեղծում է), այլ` գաղտնի մտադրություններից, քողարկված վերաբերմունքից. «Ընկերոջը ճանաչում ես դեմքից, թշնամուն` աչքերից»: Կարելի է ենթադրել, որ թուրքը այլոց հետ հարաբերություններում ոչ այնքան ուշադրություն է դարձնում իր լսածին (դիմացինի ասածին), որքան փորձում է կռահել նրա մտադրությունը: Այլ կերպ ասած` խորաթափանց է ու նրբամիտ:
Թուրքը չի թերագնահատում թշնամուն և նույնիսկ ավելի ապահով է համարում գերագնահատելը. «Եթե թշնամիդ մրջյուն է, նրան փիղ համարիր»,- խորհուրդ է տալիս ասացվածքը:
Թուրքը, ինչպես և հայը, ադրբեջանցին ու պարսիկը, գործածում է «Հազար ընկերը քիչ է, մեկ թշնամին` շատ» ասացվածքը: Թուրքը ևս ձգտում է թշնամի չունենալ: Բայց կա մի նրբերանգ. նա ուզում է, որ իր անմիջական հարևանը թշնամի չլինի, իսկ հեռու թշնամին նրան չի մտահոգում. «Թշնամին, որն ինձնից հեռու է, թող ապրի թեկուզ հազար տարի»: Այստեղ դրսևորվում է թուրքի պրագմատիզմը. եթե թշնամին հեռու է, այսինքն` վնասել չի կարող, ապա նրա դեմ պայքարելու համար ջանք թափել չարժե: Համեմատենք սա հայկական ասացվածքի հետ. «Ինձ չկծող օձը թող հազար տարի ապրի»: Եթե հայի համար էականը չար մարդու կամ թշնամու (օձի) վնասից անձամբ ապահովագրված լինելն է, ապա թուրքի համար` թշնամու հեռու լինելը, այսինքն` նրա` անմիջական վնաս հասցնելու անընդունակ լինելը: Ի տարբերություն հայի` թուրքը, թերևս, չի հավատա թշնամու «չկծելու» խոստմանը:
Թուրքը, ինչպես և պարսիկը, վշտանում է թշնամու ուրախանալուց. «Մի՛ լացացրու ընկերոջդ և մի՛ ծիծաղեցրու թշնամուդ»:
Թուրքն իր դաշնակիցներին վերաբերող տեղեկությունը խիստ գաղտնի է պահում, չի վստահում նաև ընկերոջը. «Գաղտնիքդ ընկերոջդ մի՛ պատմիր և ընկերոջդ մասին` թշնամուդ»:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ