ՈՐ ՀՈՂԸ ՀԱՅՐԵՆԻՔ ԴԱՌՆԱ
Նազիկ Մելքումյանը բնակվում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղավնատուն գյուղում։ Նրա ավագ որդին՝ Հայկ Միրոնյանը, ավարտել է զինծառայությունը, այժմ սովորում է Երեւանի պետական համալսարանում, միջնեկ որդին՝ Աշոտը, եւ կրտսեր որդին՝ Նարեկը, ծառայում են գնդապետ Ա. Աբրահամյանի հրամանատարությամբ գործող զորամասում։ Տիկին Նազիկը խմբագրություն էր բերել Աշոտի եւ Նարեկի բանաստեղծությունները՝ «Հայ զինվորում» տպագրելու համար։ Մենք չէինք կարող բաց թողնել առիթը եւ չզրուցել հայրենիքին երեք զինվոր տված մոր հետ։ Իսկ երբ իմացանք, որ Նազիկ Մելքումյանը բնիկ երեւանցի է եւ ընտանիքով Արցախ է մեկնել 15 տարի առաջ՝ լրացնելու տեղի դպրոցների ուսուցիչների պակասը, մեր զրույցը դարձավ թերթի հրապարակման նյութ։
-Տիկին Նազիկ, գաղտնիք չէ, որ շատերն են ձգտում մայրաքաղաքում ապրել, եւ դա կարելի է հասկանալ, քանի որ ծայրամասային շրջաններում կենցաղային պայմաններն ավելի դժվար են, աշխատանք չկա, հանգստի, զվարճանքի վայրեր չկան, դպրոցներում ուսուցման մակարդակը ցածր է։ Ի՞նչն էր պատճառը, որ 1996-ին մայրաքաղաքից մեկնեցիք Արցախ եւ սկսեցիք բնակվել մի գյուղում, որտեղ ընդամենը երեք ընտանիք էր ապրում։
-Մինչ օրս շատերն են ինձ հարցնում՝ ինչո՞ւ թողեցիք մայրաքաղաքային կյանքը եւ եկաք Արցախ, աշխատանք չունեի՞ք, բնակարա՞նն էիք վաճառել, թե՞… Ես պիտի ասեմ, որ ե՛ւ ես, ե՛ւ ամուսինս աշխատանք ունեինք, ապրում էինք անհոգ, բարեկեցիկ կյանքով։ Ավագ որդիս արդեն դպրոց էր հաճախում։ Մի օր էլ պատահաբար իմացանք, որ Քաշաթաղի երեք գյուղերի (Աղավնատուն, Խաչգետիկ, Հարար) միակ դպրոցում ուսուցիչներ են պետք։ Եթե դպրոցն ուսուցիչներով չհամալրվեր, եթե չգործեր, դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքները ստիպված կլքեին շենը։ Չեմ ուզում բարձրագոչ բառեր ասել, բայց ես ու ամուսինս գիտակցեցինք, որ պետք ենք Արցախին, պետք ենք այն մարդկանց, ովքեր որոշել էին ապրել ու շենացնել ազատագրված տարածքները։ Մենք պարտք ունեինք այն քաջորդիների առաջ, ովքեր կյանք էին տվել ազատագրական պատերազմում, ովքեր կյանքի գնով էին ազատագրել այն հողերը, որոնց վրա հայկական գյուղեր էին կառուցվում։ Ես առանց ավելորդ համեստության կասեմ, որ մենք մեկնեցինք Արցախ, որ օգնեինք նորակառույց գյուղերին, ու դա արեցինք ոչ թե որպես սխրանք, այլ որպես հոգու պարտք։ Հողը հայրենիք է դառնում, երբ ապրում ես այդ հողի վրա։ Հողը ամրանում է, եթե հողի վրա տուն ես կառուցում, ծառ ես տնկում, եթե կապվում ես հողին։ Մեզ ամուր շեներ են պետք, որ անառիկ պահեն Արցախի սահմանը։ Մեծ շեն գյուղեր են պետք, որ ազատագրված տարածքները տուն դառնան, օջախ դառնան, հայրենիք դառնան։
-Ինչպիսի՞ն էին առաջին տպավորություններն Արցախից։ Քաղաքաբնակի համար դժվա՞ր էր հաստատվել գյուղում, ապրել գյուղացու կյանքով։
-Արցախը չքնաղ էր։ Աշխարհի ոչ մի վայրում այդպիսի չքնաղ անկյուն չեմ տեսել։ Մեզ առաջարկեցին ապրել Աղավնատուն գյուղում։ Գյուղը ձորում էր, տները բառացիորեն թաղված էին ծառ ու ծաղկի մեջ։ Շենը օղակող լեռները պատված էին փարթամ կանաչով, իսկ սարահարթին ծփում էին ցորենի արտերը։ Եվ Աղավնատունը, եւ մերձակա Հարար ու Խաչգետիկ գյուղերը բնակեցված էին մայրաքաղաքից եկած ընտանիքներով։ Մեր գյուղում, երբ նոր էինք գնացել, երեք ընտանիք էր բնակվում, այսօր յոթն են։ Շատ չի, բայց քիչ էլ չի։ Գյուղն ապրում է, երեխաներ են ծնվում, որոնք իրենց համարում են արցախցի, Աղավնատունը ծննդավայր են կոչում։ Գիտեք՝ հողը որքա՜ն է ուժեղանում, երբ ծննդավայր է դառնում։ Հարցնում եք՝ քաղաքաբնակի համար դժվա՞ր էր գյուղում ապրելը։ Չեմ կեղծի՝ դժվար էր։ Դպրոցը Խաչգետիկում էր։ Աղավնատուն գյուղից Խաչգետիկ հասնելու համար ամեն օր ես ու ամուսինս ահագին ճանապարհ ենք կտրում ոտքով (երկուսս էլ դասավանդում ենք)։ Սկզբում իրոք դժվար էր, բայց հետո այդ ճանապարհը դարձավ հարազատ, սիրելի՝ իր դրախտային բնությամբ, գեղեցկությամբ, անդորրով։ Մենք, որ միշտ մայրաքաղաքում էինք ապրել, սկսեցինք հող մշակել, անասուն պահել։
-Ասացիք՝ երբ Արցախ եկաք, դպրոցահասակ էր միայն Ձեր ավագ որդին, այսինքն՝ մյուս երկուսը ավելի փոքր էին։ Ձեր զավակները կարողացա՞ն կարգին կրթություն ստանալ, շարունակել ուսումը դպրոցից հետո։
-Վստահ եմ, որ մեր դպրոցի կրթության մակարդակը ոչնչով չի զիջում մայրաքաղաքի դպրոցներին։ Իմ երեք տղաներն էլ հանրակրթական դպրոցն ավարտեցին բարձր գնահատականներով եւ ընդունվեցին Երեւանի պետական համալսարան։ Անչափ գոհ եմ, որ իմ երեխաները մեծացան Արցախում։ Դաստիարակվեցին մի միջավայրում, որտեղ խտացած են մարդկային բոլոր առաքինությունները։ Մեր գյուղը ապրում է մի ընտանիքի նման։ Ոչ ոք դուռ չի փակում ու չի վախենում գողությունից։ Պատահել է շաբաթներով մնացել ենք Երեւանում՝ վստահ, որ հարեւանները կխնամեն մեր անասուններին, կանեն մեր բոլոր տնային գործերը։ Այստեղ մարդիկ սրտացավ են, սիրում են իրար, հարազատ են։ Այստեղ դու վստահ ես ապրում, պաշտպանված ես, ուժեղ ես։ Մայրաքաղաքային ռիթմից, կուտակելու մոլուցքից, գոյատեւելու ճիգերից հեռու՝ օրդ խաղաղ է, գեղեցիկ։ Երեխային անբարո բարքերից հեռու պահելու մտահոգություն չկա, որովհետեւ դրանք այնքան հեռու են մեզնից։ Երեխաներն ինքնաբերաբար են դաստիարակվում։ Իմ տղաները խառնվածքով շատ տարբեր են, բայց երեքն էլ օժտված են մարդկային ամենակարեւոր որակներով՝ աշխատասեր են, կարեկից ու ազնիվ։
-Ինչո՞վ են զբաղվում այժմ Ձեր տղաները, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն են նրանք Ձեր՝ մոր աչքերով։
-Ավագ որդիս՝ Հայկը, իսկական աժդահա է՝ երկումետրանոց հասակ ունի։ Բայց բնավորությամբ խաղաղ է, միեւնույն ժամանակ համարձակ է, սկզբունքային, ընդունակ ու նախաձեռնող։ Մեր տան բոլոր իրերը Հայկն է նորոգում։ Ընդունվեց Երեւանի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Ուսման կեսից գնաց բանակ, հետո վերադարձավ ու շարունակեց ուսումը։
Աշոտը՝ միջնեկ որդիս, բանակ գնաց Երեւանի պետհամալսարանի երրորդ կուրսից։ Այժմ ծառայում է գնդապետ Ա. Աբրահամյանի հրամանատարությամբ գործող զորամասում։ Աշոտը բռնկուն է, զգացմունքային, միեւնույն ժամանակ շատ բարեսիրտ, կամեցող։ Երեք տղաներս էլ մշտապես օգնել են մեզ բոլոր կենցաղային գործերում, բայց Աշոտս ավելի շատ սիրում է մեղվաբուծությամբ զբաղվել, ավելի մոտ է բնությանը։
Կրտսեր որդիս՝ Նարեկը, նույնպես ընդունվեց բուհ եւ երրորդ կուրսից մեկնեց բանակ։ Նարեկը կարդացած է, կիրթ, խելացի։ Նա գեղեցիկի սիրահար է, էսթետ է, մտավորական։
-Որի՞ ծառայությունն էր ավելի հեշտ՝ երկումետրանոց Հայկի՞, դյուրազգաց, բռնկուն Աշոտի՞, թե՞ մտավորական, էսթետ Նարեկի։
-Բանակը պիտի հնարավորություն ստեղծի, որ տարբեր խառնվածքի տեր բոլոր զինվորներն էլ կատարեն օրենքով սահմանված պահանջները, խաղաղ գոյակցեն եւ ծառայեն նվիրումով։ Իմ որդիները երբեք չեն դժգոհել ծառայությունից, երեքից էլ հրամանատարները գոհ են եղել։ Ես եղել եմ գնդապետ Ա. Աբրահամյանի հրամանատարությամբ գործող զորամասում եւ, անկեղծ ասած, հիացել եմ։ Զորամասի ամեն անկյունում իդեալական մաքրություն էր, ամեն ինչ նորոգ էր, խնամված, յուրաքանչյուր զորանոցը, ճաշարանը, դասասենյակները։ Ամեն քայլափոխի զգացվում էր զինվորական ռեժիմի, կարգապահության շունչը։ Որպես հայ կին, որպես մայր՝ ես հպարտ եմ, որ որդիներս ծառայում են այդպիսի զորամասում, որ երկիրս այդպիսի զինուժ ունի, որ որդիներս պատվով են կատարում զինվորական պարտքը հայրենիքի հանդեպ։
-Հնարավո՞ր է, որ մի օր վերադառնաք մայրաքաղաք։
-Չեմ կարող պնդել, թե երեք որդիներս էլ Երեւանում ուսումնառությունն ավարտելուց հետո կվերադառնան Աղավնատուն, բայց այն, որ գյուղում Միրոնյան ընտանիքը մի քանի օջախ կունենա, Միրոնյան գերդաստանի մի ճյուղը կշարունակվի Արցախում, հաստատ է։
-Աղավնատուն գյուղի բնակիչներին փոխանցեք մեր ջերմագին շնորհավորանքները Արցախի անկախության տոնի առթիվ, մաղթում ենք ուժ, հաստատակամություն եւ նոր հաղթանակներ։ Ու թող Արցախը միշտ զգա մայր հայրենիքի հզոր շնչառությունը իր թիկունքին։ Վերջում ընտրեք Ձեր որդիների գրած բանաստեղծություններից երկուսը եւ ներկայացրեք մեր ընթերցողին։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
ՄԱՅՐԻԿԻՍ
Ես գիտեմ, որ արթուն ես, մայրիկ,
Որ աղոթք են մրմնջում շուրթերդ,
Որ երկինք կարկառած ձեռքերդ
Օրհնանք են աղերսում Աստծուց։
Ես հիմա սահմանին եմ, մայրիկ,
Ես հիմա իմ հողն եմ պաշտպանում,
Ու թուրքի գնդակից դավոտ
Իմ հպարտ սիրտը չի վախենում։
Քո աղոթքը վահան է սրտիս,
Քո օրհնանքը զենք է ու զրահ,
Դու Աստծուց խնդրիր, մայրիկ,
Որ զենք բռնած իմ ձեռքը չդողա։
ՆԱՐԵԿ ՄԻՐՈՆՅԱՆ
ՄԻՇՏ ՔՈ ԿՈՂՔԻՆ
Ես կդառնամ արեւի շող,
Կգուրգուրեմ մազերդ նուրբ,
Ես կդառնամ վաղորդյան ցող,
Կզարդարեմ վարդերդ բորբ։
Ես կդառնամ ամռան անձրեւ,
Օրհնանքի պես կիջնեմ անքեն,
Ես կդառնամ ձյունի փաթիլ,
Կհամբուրեմ այտերդ մեղմ։
Ես կդառնամ թեթեւ քամի,
Կպարուրեմ քեզ ինձանով,
Ես կդառնամ աստղ երկնի՝
Երջանկության խոստումներով։
…Ու կլինեմ միշտ քո կողքին։
Ես կլինեմ միշտ քո կողքին։
ԱՇՈՏ ՄԻՐՈՆՅԱՆ
Խորագիր՝ Ճակատագրեր