ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՆԱՎԱՐՏ Է…
Արցախյան ազատամարտի մասնակից Համլետ Բաղդասարյանի խորաթափանց հայացքը, բարի ժպիտը, անսահման թախծոտ ու խոնարհ՝ իսկական հայի աչքերը, որոնք բազում զրկանքներ տեսնելուց հետո էլի հույս եւ հավատ են ճառագում, անջնջելի հետք են թողնում զրուցակցի հոգում։ Համլետ Բաղդասարյանի հետ հանդիպեցի իր բնակարանում, որտեղ ամեն իր հիշեցնում է որդիներին: Երկուսին էլ հայրը կորցրել է. Մանվելին՝ դժբախտ պատահարի ժամանակ, Արմանին` Արցախյան պատերազմում:
Միշտ հոգատար էր որդիների եւ դստեր նկատմամբ, ուշադիր. մանուկ հասակում նրանց հետ երկար զբոսնում էր Սունդուկյանի այգում, պատմում հայի ապրած դժվար օրերի, զրուցում մարդկային վեհ գաղափարների եւ արժեքների մասին… իսկ հագեցած օրն ավարտվում էր մանկական սրճարանում:
Հայրական խիստ եւ պահանջկոտ հայացք ուներ, աչքերի մի թեթեւակի խաղով տղաներին հասկացնում էր իրենց տեղը, անելիքը: Սակայն, երբ տասնվեցամյա որդին որոշեց անդամագրվել ազգային-ազատագրական շարժմանը, հայրը ոչ թե ընդդիմացավ, այլ ողջունեց նրա որոշումը, որովհետեւ ինքն էլ էր անդամագրվել պայքարին: Համլետ Բաղդասարյանը պատմում է, որ բարեկամները, ծանոթները նրան մեղադրում էին` ասելով, թե՝ «դու գնում ես, հասկացանք, որդո՞ւդ ինչու ես թույլատրում», պատասխանում էր. «Ազատությունը եւ անկախությունը զոհողություն եւ նվիրում են պահանջում»:
♦♦♦
Համլետ Բաղդասարյանի պայքարը սկսվել էր դեռ 1960-ականներին: Թեեւ խորհրդային իշխանությունները խստորեն արգելում էին Մեծ եղեռնի միլիոնավոր անմեղ նահատակների մասին հիշատակումներն ու պատմական հայրենիքի` Արեւմտյան Հայաստանի պահանջատիրության արծարծումը, Համլետ Բաղդասարյանը, անտեսելով համատարած վախը, մասնակցում էր Հովհաննես Շիրազի կազմակերպած ցույցերին, նրան նույնիսկ ձերբակալեցին, սակայն արդարության հասնելու նրա երազանքը երբեք էլ չէր մարելու, եւ 1988 թ. սկսված Ազգային շարժումը պատմական Հայաստանի ազատագրության նոր հույսեր էր բորբոքել… Համլետ Բաղդասարյանը Թատերական հրապարակում հանդիպում է որդուն` Արմանին, նա էլ էր մասնակցում ցույցերին, մինչդեռ տանն այդ մասին ոչ ոք չգիտեր: Մայրը` տիկին Ֆենյան, պատմում է, որ Արմանը ավարտական դասարանի աշակերտ էր, նոր դպրոց էր տեղափոխվել, բայց դասի չէր գնում, ինչի մասին ինքն իմացավ դպրոցի տնօրենությունից։
Արմանն այդպես էլ դպրոց չհաճախեց, միայն ավարտական վկայականը գնաց ստանալու, բայց վկայականում տեսնելով «Ադրբեջաներեն լեզու» առարկայի անվանումը, ընդդիմացավ, մի կողմ նետեց այն եւ պահանջեց, որ նոր վկայական պատրաստեն։ Նրա պահանջը բավարարեցին: Արմանը, ինչպես եւ հայրը, երազում էր Արեւմտյան Հայաստանը տեսնել ազատագրված, նրա երիտասարդ արյունը փոթորկում էին հայրենասիրական երգերը, որոնք ունկնդրում էր ամեն օր եւ ապա իր ապրումների մասին պատմում մորը: «Մամա, մեր ժողովրդի սիրտը կակաչի է նման՝ կարմիր է, բայց մի սեւ կետ կա, որ կհանենք, եթե ազատագրենք մեր պապենական հողերը: Արցախը ազդարարում է սկիզբը»,-հիշում է մայրը եւ խեղդում հուզմունքը:
♦♦♦
Համլետ Բաղդասարյանի դուստրը` Մերին, ընդգծում է, որ Արմանը առաջնորդի բնավորություն ուներ, անմիջական էր եւ ընկերասեր, անվախ ու պատրաստակամ։
«Երբ մտովի հետ եմ գնում, հասկանում եմ, որ նա մի վճռորոշ օրվա էր պատրաստվում. միշտ մարզվում էր, ուսումնասիրում ռազմական արվեստը, դեսանտապարաշյուտային դասընթացների էր հաճախում ու միշտ կրկնում էր. «Մեր պատմության մեջ ինչ-որ բան անավարտ է, եւ մենք պետք է ավարտին հասցնենք»:
…Բաղդասարյանները հերքեցին հայրերի եւ որդիների միջեւ գոյություն ունեցող գաղափարական անհամաձայնությունը, քանի որ նույն գործի, մեկ պայքարի ու գաղափարի կրողն էին ու ջատագովը:
♦♦♦
Ամուսնու որոշումը տիկին Ֆենյայի համար ինչ-որ տեղ սպասված էր, սակայն որդու որոշման հետ դժվար էր համակերպվել. մայրական սիրտը կանխազգում էր վտանգը եւ փորձում որդուն հետ պահել։ «Նա դեռ երեխա էր, թեպետ կայացած տղամարդու բնավորություն եւ պահվածք ուներ: Մի անգամ ասացի` Արմա՛ն, դու դեռ փոքր ես, մի՛ գնա, պատասխանեց, թե՝ Աստված քեզ երկու արու զավակ է պարգեւել, ուրիշները մեկն ունեն, բայց ուղարկում են մարտի դաշտ: Մի օր էլ դուռը փակեցի, ասաց` եթե արգելես, իններորդ հարկից կթռչեմ-կփախչեմ. կարող էր, քանի որ պարաշյուտային դպրոց էր հաճախել, Նովոռոսիյսկում նույնիսկ հաղթեց մրցումների ժամանակ»: Մոր խոսքը որդու համար միշտ ուղենշային է եղել, բայց այս անգամ նա վստահ էր, որ գնում է պաշտպանելու բոլոր մայրերին։
♦♦♦
Արմանն անդամագրվեց հոր ջոկատին:
Համլետ Բաղդասարյանը 88-ին` ցույցի ժամանակ, ծանոթացել էր Ռազմիկ Վասիլյանի հետ, մտերմացել։ Վասիլյանն ասել էր, որ ուզում է բանակ ստեղծել։ «Ասաց, որ պետք է աջակցեմ, նստացույցին մասնակից տղաներից ընտրեցինք ֆիդայիների, եւ ստեղծվեց ՀԱԲ-ը, Վասիլյանը դարձավ հրամանատար, ես էլ ջոկատի հրամանատար էի: Ջոկատը անվանակոչվեց «Արծիվ», ես էլ ստացա ՀԱԲ-ի Արծիվ մականունը»,- հիշում է Հայոց ազգային բանակի հիմնադիր անդամ Համլետ Բաղդասարյանը:
Արմանին էլ առաջնորդին հատուկ բնավորության համար կնքեցին Շերիֆ մականունով: Ջոկատի կազմում երեսուն մարտիկ կար, ամենափոքրը Արմանն էր, ամենամեծը` հայրը. քառասունութ տարեկան էր: Ջոկատը 1988թ. գնաց Լենինական՝ աղետի գոտի, որտեղ մասնակցեց փրկարարական եւ որոնողական աշխատանքներին: Աղետի գոտում ջոկատի անդամները համախմբվեցին, իսկ հինգ օր անց արդեն Գորիսում էին։ «Առաջին մարտը Կոռնիձորում տվեցինք, սահմանային պաշտպանական մարտեր էին: Այստեղ արձանագրեցինք մեր առաջին հաղթանակը: Տղաներից եւ ոչ մեկը պահ անգամ չընկճվեց, քանի որ գիտակցում էինք՝ պայքարը մեր հող ու ջրի համար է: Իմ ջոկատի տղաներից ոչ մեկը երբեք չի թաքնվել, իրեն չի խնայել»,- ասում է հրամանատարը եւ ոչ մի առիթով իր որդուն չի առանձնացնում, որովհետեւ մարտի դաշտում նրան վերաբերվել է ինչպես բոլորին: Ջոկատի տղաներն անգամ չգիտեին, որ նրանք հայր եւ որդի են. «Մի անգամ, երբ Արմանը երեքօրյա հերթապահությունից վերադարձավ եւ ինձ որպես հոր դիմեց, այդ ժամանակ միայն տղաներն իմացան: (Հայր եւ որդի Բաղդասարյանները մասնակցել են Երասխի, Խաչիկ գյուղի, Կայան ավանի, Նոյեմբերյանի շրջանի սահմանային մարտերին: Հաճախ Արմանը կռվել է այլ ջոկատների կազմում, իսկ հայրը չի ընդդիմացել, գիտեր` որդին այնտեղ է, որտեղ նրա կարիքը ավելի շատ է զգացվում):
♦♦♦
Մարտերից մեկի ժամանակ ադրբեջանցիները խուճապահար փախչում են` թողնելով իրենց «վիլիսը»: Արմանը բերում-հասցնում է հավաքատեղի եւ արժանանում հոր նախատինքին: Բայց Արմանն իր բացատրությունը ուներ` մեքենան զենքից կարեւոր է: Եվ Արմանի «վիլիսը» դառնում է տղաների համար պատասխանատու պահերի անփոխարինելի «ընկեր», որը երբեք չի խափանվել, կտրել-անցել է ամենադժվարանցանելի ճանապարհները, տեղափոխել զենք-զինամթերք:
♦♦♦
ՀԱԲ-ի Արծիվը նախընտրում է պատերազմից քիչ խոսել, իր եւ որդու արածները չառանձնացնել, քանի որ պայքարի հիմքը միասնականությունն էր: Ասում է` պատերազմը պարտադրված դաժանություն է, թեպետ համոզված է, որ մարդկային որակներն անգամ այստեղ կարելի է պահպանել. «Հայը միշտ մարդասեր է եղել, ես ավելի համոզվեցի պատերազմի ժամանակ: Եթե ադրբեջանցիները մեզ վրա չէին կրակում, մենք էլ չէինք կրակում: Արմանի հետ սահմանում էինք, քսան մետր էր մեզ բաժանում թշնամուց, ասաց` պապ ջան, ադրբեջանցին դիմացս է, բայց ինչպես կրակեմ, եթե նա չի կրակում: Ես ասացի` ճիշտ ես, բայց խորհուրդ տվեցի զգույշ լինել, քանի որ դիմացինը թշնամիդ է: Թշնամու հանդեպ այդ վերաբերմունքը համատարած երեւույթ էր մեր բանակում»:
♦♦♦
1990թ. հունվար-փետրվարին ադրբեջանցիները Նախիջեւանի տարածքից (Սադարակ) Երասխավանի ուղղությամբ ձեռնարկեցին մի շարք սադրիչ գործողություններ: Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ հաջողությամբ կազմակերպվեցին պաշտպանական մարտերը, որոնց իրենց գործուն մասնակցությունն են ունեցել հայր եւ որդի Բաղդասարյանները: Այստեղ էլ նրանք ծանոթանում եւ բարեկամանում են Սպարապետի հետ. «Մի անգամ մարտական գործողությունների ժամանակ Վազգեն Սարգսյանը հայտնվում է ճահճուտում: Արմանը օգնում եւ դուրս է բերում նրան: Լուրը հասնում է ինձ, գալիս եւ տեսնում եմ՝ գրկախառնված կանգնել են, երկուսն էլ ցեխի մեջ թաթախված: Այնուհետեւ նկատում եմ, որ Արմանը զենք չունի, հարցնում եմ՝ ո՞ւր է, ասում է՝ մնացել է ճահճում: Ապտակեցի որդուս, նախատեցի` ասելով, որ պատերազմի մեջ ենք, մեզ զենք տվող չկա, զենքը պինդ պետք է պահենք: Ճիշտ է, մարդու կյանքը բարձրագույն արժեք է, բայց մտածեցի, որ զենքը չպիտի կորցներ, քանի որ վաղն էլ մեկ ուրիշ ընկերոջ կյանքը այդ հրացանով կփրկեր: Վազգեն Սարգսյանը ձեռքը դրեց ուսիս, հավանություն տվեց ասածիս, որովհետեւ գիտեր, թե ինչ է մեզ համար նույնիսկ մեկ հրացանը, բայց խնդրեց ներել: Այդ օրվանից շատ մտերմացանք»:
♦♦♦
1990թ. օգոստոսին Երասխում մղված պաշտպանական մարտերի ժամանակ Արմանը զոհվում է: Նա ընդամենը տասնութ տարեկան էր:
Երկար զրուցելուց հետո սենյակում լռություն է տիրում, եւ թվում է՝ այն խախտելը մեղք կլիներ. չէ՞ որ այնքան ընդգրկուն է եւ բազմածալք: Որդեկորույս ծնողի դեմքին տեսնում ես պատերազմի պատճառած անչափելի վիշտը: Այնուհանդերձ, Համլետ Բաղդասարյանի դուստրը` Մերին, նշում է, որ ո՛չ հայրը, ո՛չ էլ մայրը երբեք չեն հուսալքվել, չարացել, չեն անիծել իրենց բաժին հասած բախտը: Համլետ Բաղդասարյանը որդու զոհվելուց հետո ավելի վճռական էր դարձել, այժմ նաեւ որդու փոխարեն էր կռվելու` իրենց առաքելության խոր ըմբռնումով:
♦♦♦
1991-1993 թթ, որպես «Արծիվ» ջոկատի հրամանատար, Համլետ Բաղդասարյանը մասնակցում է Շուշիի, ապա Լաչինի ազատագրման մարտերին։ «Շուշիի ազատագրումից առաջ բոլորս հստակ գիտեինք մեր անելիքը: Մարտերը թեժ էին, օպերացիան՝ գերազանց կազմակերպված, հաղթանակը` անխուսափելի,-նշում է ՀԱԲ-ի Արծիվը եւ պատմում։- Շուշիի ազատագրման ժամանակ ծանոթացել եմ Պարգեւ եպիսկոպոս Մարտիրոսյանի հետ, նա իր հերոսական պահվածքով հիացրել է ինձ, այդտեղ ծանոթացա նաեւ Արցախի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հետ: Նա ինձ կրծքանշան նվիրեց` Արցախի խորհրդանիշներով եւ դրոշով, որը դարձավ իմ անբաժան ուղեկիցը»: Համլետ Բաղդասարյանը մասնակցել է նաեւ Արծվաշենի եւ Գետաշենի պաշտպանությանը: Վազգեն Սարգսյանը Համլետ Բաղդասարյանին է վստահել Լաչինի ազատագրված միջանցքով դեպի Արցախ անցկացնել առաջին ավտոշարասյունը, որը բեռնված էր Հայաստանի Հանրապետությունից ուղարկված մարդասիրական օգնությամբ. «Ես Արմանի բերած «վիլիսով» առաջնորդում էի ավտոշարասյունը, հետեւում, որ միջադեպեր չլինեն: Հաջողությամբ օգնությունը հասցրինք տեղ»:
♦♦♦
1993 թ. Մարտակերտի մարտական գործողությունների ժամանակ Համլետ Բաղդասարյանը վիրավորվել է, ստացել կոնտուզիա, որի հետեւանքները մինչ օրս էլ զգացնել են տալիս:
♦♦♦
Համլետ Բաղդասարյանի եւ տիկին Ֆենյայի համար այսօր լուսավոր կետը հեռավոր Գերմանիայում ապրող ավագ որդու երկու զավակներն են, դուստրը եւ նրա որդին` Արգիշտին. «Թոռս ծառայում է հայոց բանակում, դուստրս էլ փոխգնդապետ է: Սիրտս հպարտությամբ է լցվում, երբ նրանց հագին տեսնում եմ զինվորական համազգեստը, հպարտ եմ, որ այդպիսի հերոսական անցյալ ունեցող բանակում են ծառայում: Քաղաքական գործընթացներին չեմ հետեւում, դրանք ինձ համար կարեւոր չեն, քանի որ կա փաստ` ազատ եւ անկախ Արցախ: Կարեւորում եմ բանակը, քանի որ այն մեր անկախության եւ ազատության միակ երաշխիքն է»,-ասում է ֆիդային եւ վառում հերթական ծխախոտը, մոտենում պատին, որից կախված են Արմանի դանակը, Արթուր Մկրտչյանի տված կրծքանշանը, իր եւ որդու մեդալները` «Արիության» եւ «Մարտական գործողություններին մասնակցի», հետո էլ պատշգամբից ցած է նայում, որտեղ կանգնած է հերոսական ճանապարհ անցած «վիլիսը»: Այսօր այն անտեսված է, վաթսունութամյա Համլետ Բաղդասարյանը հնարավորություն չունի վերանորոգելու, բայց հրաժարվել էլ չի կարող մարտական ընկերոջից, ինչը կնշանակի հրաժարվել այն ամենից, ինչը թանկ է իր համար… ինքն իրենից։
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ