Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԸ



Ինչպես արդեն հայտնի է, փամփուշտը կրակային մեխանիզմի կարևորագույն բաղկացուցիչն է: 7-8 մմ տրամաչափի հրացանների փամփուշտների տասնյակից զատ, որոնք իրենց տարածվածությամբ զիջում են միջանկյալ փամփուշտներին, կներկայացնենք նաեւ միջանկյալների, դրանց ստեղծման անհրաժեշտության, հետագա զարգացման պատմությունը, ինչպես նաեւ՝ ժամանակակից տեսակների բնութագրերը և արդեն ավանդույթ դարձած լավագույն տասնյակը:

Ամբողջ Առաջին համաշխարհային պատերազմը հետևակային զորքերն անցկացրին հրացաններով: Թեեւ դրանք շատ հզոր էին, բայցեւայնպես կորցրել էին իրենց արդիականությունը: Բացի դրանից` այդ հրացանները իրենց չափերով մեծ էին ու անհարմար: Մասնագետները իրավիճակը փոխելու ելքեր էին փնտրում: Շարքային զինվորին հարկավոր էր տալ ավելի թեթև, թեկուզեւ պակաս հզոր զենք: Խնդիրը լուծվեց ատրճանակ-գնդացիրների միջոցով, որոնք լայն տարածում գտան 1920-30-ականներին: Ատրճանակ-գնդացիրները չափերով փոքր էին, կրակում էին ատրճանակի փամփուշտներ, սակայն հեռահարությունը չէր անցնում 100-150 մետրից:

Դեռևս մինչև նոր պատերազմի նախաշեմին մասնագետներն արդեն հասկացել էին, որ սա լավագույն լուծումը չէ: Առաջին քայլն արվեց ամերիկյան Winchester Repeating Arms Company-ի կողմից. 1940թ. ստեղծվեց .32 winchester self-loading փամփուշտը` 8.2 մմ տրամաչափով և 31մմ պարկուճի բարձրությամբ: Փամփուշտը ստեղծված էր որսի համար: Մեկ տարի անց նույն ընկերությունը թողարկեց աշխարհում առաջին մարտական միջանկյալ փամփուշտը` .30 carbine անվամբ, փամփուշտը ստեղծված էր m1 թեթև կարաբինի համար: Երբեմն այն անվանում են նաև հզոր ատրճանակային փամփուշտ կամ նախամիջանկյալ:

Երկրորդ համաշխարհայինը անցավ նախորդ երկու զենքերի լավագույն համադրմամբ: Շատ երկրների բանակներում այս զենքերը միմյանց լրացնում էին անգամ փոքր ստորաբաժանումներում: Միջանկյալ փամփուշտների միտքը, սակայն, հանգիստ չէր տալիս մասնագետներին: Պետք էր ստեղծել այնպիսի փամփուշտ, որը լիներ ավելի արդյունավետ, քան ատրճանակինը և ավելի թեթև ու փոքր, քան հրացանինը: Ինչպես հաճախ, այդ խնդիրը առաջինը լուծեցին գերմանացիները, որոնք այդ ուղղությամբ աշխատում էին դեռ 1938թ.: Հրացանային 7.92×57 մմ փամփուշտի հիմքով նրանք ստեղծեցին 7.92×33 մմ ինքնաձիգի փամփուշտը, որը կրեց 7.92×33 kurz. անվանումը և օգտագործվեց StG44 ինքնաձիգի համար. աշխարհում առաջին նմանատիպ ինքնաձիգը, որը զինագործության մեջ նոր հիմք էր դնելու:

Այդ փամփուշտի` ճակատում հայտնվելու տարում` 1943թ., առանց երկար մտորելու նույն քայլը կրկնեց ԽՍՀՄ-ը. հիմք ընդունելով գերմանական փամփուշտը` այն տեղայնացրին խորհրդային 7,62-ի համար` ստանալով 7.92×39 մմ փամփուշտը, իսկ ինքնաձիգի նմանությամբ ստեղծեցին սեփականը` հետագայում հայտնի Կալաշնիկովը: Փաստորեն, Կալաշնիկովի ինքնաձիգը աշխարհում տարածում գտած առաջին ինքնաձիգն էր` աշխարհում տարածում գտած առաջին միջանկյալ փամփուշտով: ԽՍՀՄ-ին հետևեց ԱՄՆ-ը, սակայն ոչ ուղղակի կրկնօրինակմամբ, ինչպես նախորդները: 1950-ականների սկզբներին ԱՄՆ-ում ի հայտ եկան 5,56×45 մմ-ոց նոր միջանկյալ թեթև փամփուշտը և հատուկ դրա համար ստեղծված նոր M16 ինքնաձիգը: Այս ամենից հետո միջանկյալ փամփուշտներով ինքնաձիգները աշխարհում արագորեն դարձան հիմնական զենք: 1960-ականների կեսերին արդեն հիմնական բոլոր զենքերը միջանկյալ փամփուշտներով էին:

Այժմ միջանկյալ փամփուշտների աշխարհը շատ խայտաբղետ է: Դրանք ամենակիրառվող փամփուշտներն են մարտական պայմաններում. աշխարհի գրեթե բոլոր ինքնաձիգները, ձեռքի գնդացիրները և շատ այլ զենքեր կիրառում են միջանկյալ տարատեսակ փամփուշտներ:

Միջանկյալ փամփուշտները դեռ երկար կմնան հիմնական գործածականը պատերազմների ժամանակ, սակայն դրանց զարգացման մեջ ներկայումս նկատվում է նոր միտում` ենթակիսում: Միջանկյալները դառնում են երկու առանձին տեսակների: Առաջին փորձերից հետո, երբ գերմանացիները, հետո ԽՍՀՄ-ն ընդամենը հրացանային փամփուշտների կրճատմամբ ստացան նոր փամփուշտներ, ամերիկացիները գնացին այլ ճանապարհով և ստացան ավելի թեթև ու կիրառելի փամփուշտ: Երկար ժամանակ կիրառվում էին այդ երկու տեսակների միջանկյալները: Մինչդեռ վերջին շրջանի պատերազմները հատկապես ցույց տվեցին, որ լայնորեն տարածված 7,62; 5,45 և 5,56 մմ փամփուշտներն այլևս չեն բավարարում ժամանակակից մարտի պահանջները: Դրանք հեռահար մարտերի համար այնքան էլ հզոր չեն, իսկ քաղաքային մերձակա մարտերի համար` անիմաստ զորեղ: Այդ պատճառով մասնագիտական շրջանակներում քննարկվեց կրկին հրացանային փամփուշտներին վերադառնալու հարցը. անգամ ստեղծվել են զենքերի բազում նոր նմուշներ, որոնք կիրառում են 7,62 մմ հրացանային մեծ փամփուշտներ: Մասնագետների մեկ այլ խումբ առաջարկել է նոր տեսակի փամփուշտներ, որոնք հրացանայիններին ամեն դեպքում զիջում են, բայց ամենատարածված միջանկյալներից հզոր են: Դրանք են` ֆիննական 6.5x47mm Lapua, ամերիկյան 6.8x43mm Remington SPC և 6.5x39mm Grendel փամփուշտները: Բոլոր այս փամփուշտները հավանաբար միջանկյալների ապագան են, որոնք իրենց բոլոր բնութագրերով գերազանցում են հին միջանկյալներին: Կա՛մ հիմնական ինքնաձիգները կվերադառնան նորից հզոր հրացանային փամփուշտներին, կա՛մ այս նոր տեսակի փամփուշտները կդառնան հիմնական: Մյուս կողմից, միջանկյալ փամփուշտները կատարելագործվում են` ստանալով ավելի փոքր չափեր նոր սերնդի ատրճանակ-գնդացիրների կամ մինիինքնաձիգների համար:

1980-ականներին Արևմուտքում լայն տարածում գտավ ինքնապաշտպանական նոր զենքի գաղափարը: Այն նախատեսում էր անգամ կարճ ինքնաձիգներից ավելի կարճ ու թեթև զենքերի ստեղծում, որոնք, սակայն, չէին սնվի ատրճանակային փամփուշտներով, քանի որ հեռահարության և դիպուկության պահանջները բավականին խիստ էին: Առաջինն այդ խնդիրը լուծեցին բելգիական FN ընկերության մասնագետները: 1986թ. ստեղծվեց 5.7x28mm փամփուշտը և դրա համար նախատեսված արտասովոր FN P90 ինքնաձիգը: 2001թ. Գերմանիայում ստեղծվեց 4.6x30mm փամփուշտը և դրա համար նախատեսված HK MP7 ինքնաձիգը: Սրանք մինչ օրս մրցակիցներ չունեցող նմուշներ են և նոր միջանկյալների հիմնադիրները:

Ստորև բերված աղյուսակներում ձեզ ներկայացվում են ներկայիս հայտնի ու անհայտ փամփուշտների սանդղակը` կազմված ըստ գնդակի սկզբնական էներգիայի և սկզբնական արագության: Վերջում այդ երկու գործակիցների համադրմամբ կներկայացնենք միջանկյալ փամփուշտների լավագույն տասնյակը:

Միջանկյալ փամփուշտների դասակարգումն ըստ էներգիայի քանակի նվազման.

Փամփուշտի մոդելը Փամփուշտի Ստացվող

էներգիան/ջոուլ/ միավորը

1) 6.5x47mm Lapua 3087 10 միավոր

2) 7.62x45mm vz. 52 2455 8 միավոր

3) 6.8×43 mm Remington SPC 2297 7 միավոր

4) 6.5x39mm Grendel 2248 7 միավոր

5) 7.62x39mm 2073 5 միավոր

6) .280 British 1980 5 միավոր

7) 7.92x33mm Kurz 1909 5 միավոր

8) 300 AAC Blackout

(7.62x35mm) 1840 4 միավոր

9) 5.8x42mm DBP87 1792 4 միավոր

10) 5.56x45mm NATO 1767 4 միավոր

11) 4.85x49mm 1610 3 միավոր

12) 5.45x39mm 1340 2 միավոր

13) .30 Carbine 1311 2 միավոր

Միջանկյալ փամփուշտների դասակարգումն ըստ գնդակի սկզբնական արագության նվազման.

Փամփուշտի մոդելը Գնդակի Ստացվող

սկզբնական միավորը

արագությունը.

մ/վրկ

5.8x42mm DBP87 950 10 միավոր

4.85x49mm 949 10 միավոր

5.56x45mm NATO 940 10 միավոր

6.5x47mm Lapua 939 10 միավոր

5.45x39mm 915 9 միավոր

6.5mm Grendel 880 9 միավոր

6.8 mm Remington SPC 785 7 միավոր

.280 British 770 7 միավոր

7.62x45mm vz. 52 760 7 միավոր

7.62x39mm 731 5 միավոր

7.92x33mm Kurz 685 4 միավոր

300 AAC Blackout

(7.62x35mm) 675 4 միավոր

.30 Carbine 606 3 միավոր

Ահա այս երկու գործոններով ստեղծվեց մի սանդղակ, որում տեղ են գտել աշխարհի լավագույն միջանկյալ փամփուշտները:

Շարունակելի

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #21 (988) 30.05.2013 – 5.06.2013, Ռազմական


30/05/2013