Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ



Առաջարկություններ` ուղղված պայմանագրային սերժանտների պատրաստման համակարգի կատարելագործմանը

ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Առաջատար պետությունների (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Կանադա և այլն) փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բարձր մարտունակության պահպանման գործում առանձնահատուկ դեր ունի սերժանտական կազմը: Օրինակ` ԱՄՆ-ի բանակի պատմությունը հավաստիորեն վկայում է, որ սերժանտական կազմը անփոխարինելի է զորամասերի և ստորաբաժանումների մշտական մարտական պատրաստության պահպանման գործում: ՌԴ ԶՈՒ կազմում ներկայիս սերժանտն ընկալվում է որպես լիարժեք հրամանատար, որը շատ հարցեր լուծում է առանց վերադաս սպայական կազմի միջամտության:

ՀՀ ՊՆ ղեկավարությունը ևս կարևորում է ԶՈՒ լիարժեք սերժանտական հաստատության ստեղծումը: Գործում է պայմանագրային սերժանտական զինվորական ծառայության կանոնակարգը:

Ներդրված նոր համակարգով նախատեսվում է ունենալ այնպիսի սերժանտական կազմ, որը կդառնա զորամասում հրամանատարից հետո երկրորդ պատասխանատու անձը` կարողանալով ապահովել հրամանատարի հրամանների և կարգադրությունների արդյունավետ կատարումը: Ուստի, հույժ կարևոր է, որ պայմանագրային սերժանտը օժտված լինի շեշտված կազմակերպչական ունակություններով ու հմտություններով և անձնակազմի արդյունավետ կառավարման նպատակով վերահսկի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, անձնակազմում տեղի ունեցող սոցիալ-հոգեբանական զարգացումները:

ՀՀ ԶՈՒ 2009 թվականից գործում է «Պայմանագրային ավագ սերժանտների (հրաձիգ-դասակի հրամանատարի տեղակալների) դասընթացների չորսամսյա ծրագիրը»: Ծրագրի նպատակն է կուրսանտներին ուսուցանել բարձր մակարդակի զինվորական գիտելիքներ, որպես դասակի հրամանատարի ապագա տեղակալներ` նրանց հաղորդել համապատասխան փորձ իրենց իսկ ենթականերին համազորային մարտավարմանը անձնապես նախապատրաստելու, առաջադրված մարտական խնդիրները լուծելու և զինվորներին բարձր բարոյահոգեբանական ոգով դաստիարակելու գործում: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է ռազմաուսումնական պարապմունքների համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ապահովմամբ պլանավորել մարտական պատրաստման և ուսուցման գործընթաց` մշտապես ապահովելով սերժանտների մասնակցությունը պարապմունքներին:

Հարկ է նշել, որ կարևոր խնդիր է սերժանտների համակողմանի մասնագիտական որակավորումը, և պատահական չէ, որ պայմանագրային սերժանտների դասընթացների ծրագրով նախատեսված են մեծ թվով առարկաներ, որոնք են` հասարակական-պետական, մարտավարական, հետախուզական, ինժեներական, կապի գծով, կրակային եւ շարային պատրաստություններ, ինչպես նաեւ ռազմական տեղագրություն, միջազգային մարդասիրական իրավունք և այլն:

Սերժանտների պատրաստման համակարգի արդյունավետության նպատակով ամբողջ ուսուցման ընթացքում պետք է կատարվի պատշաճ վերահսկողություն, ինչը ենթադրում է պարապմունքներ անցկացնող մասնագետների պատրաստականության, առարկայական ծրագրի ու ընթացիկ պլանի կատարման, պարապմունքներում անձնակազմի լիարժեք ընդգրկվածության, պարապմունքների կազմակերպման, անցկացման, ուսուցանվող նյութերի յուրացման արդյունավետության աստիճանի մշտազննում: Առարկաների յուրացման ոչ լիարժեքությունը վերացնելու, հաջորդ պարապմունքներին նախապատրաստվելու, ինչպես նաև առանձին վարժաձևերի ու վարժությունների կատարումը բարելավելու համար դասացուցակում նախատեսվում է ինքնապատրաստման ժամ:

Պայմանագրային սերժանտների ուսուցումն իրականացվում է գլխավորապես դաշտային պայմաններում` վաշտի բոլոր տեսակի սպառազինության ու մարտական տեխնիկայի ուսումնասիրմամբ և կիրառմամբ:

Շարունակելի

Ա. ՏՈՆՈՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #21 (988) 30.05.2013 – 5.06.2013, Ռազմական


30/05/2013