ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ ԶՈՒ բարեփոխումների համատեքստում ռազմական կրթության զարգացումը գերակա խնդիր է: ՀՀ կառավարության 2012 թ. մարտի 7-ի նիստի N 9 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ Ռազմական կրթության հայեցակարգի համաձայն` «Ռազմական կրթության համակարգն ապահովում է զինված ուժերի կիրառման, պլանավորման, կազմակերպման և կառավարման վերաբերյալ առկա գիտելիքների փոխանցումը, համապատասխան հմտությունների և կարողությունների ձևավորումը»: Ստորև ներկայացվող հոդվածում արծարծվում են այդ նպատակի իրականացմանն առնչվող խնդիրներ:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ինչպես նշված է ՀՀ Ռազմական դոկտրինում, ՀՀ ռազմական անվտանգության ազգային երաշխիքը մարտունակ, արդիական սպառազինությամբ զինված, մարտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությամբ, երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ունակ, ռազմական անվտանգության սպառնալիքների կանխմանն ու չեզոքացմանը պատրաստ զինված ուժերն են:
Վստահորեն կարելի է նշել, որ քսանամյա հաղթական ուղի անցած Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրված են մարտավարական (օպերատիվ-մարտավարական) գործողությունների և շտաբային աշխատանքների ունակ, մասնագիտական հմտություններով օժտված կիրթ սպայական կազմով:
Խորհրդանշական և պարտավորեցնող են ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի «XXI դարի բանակը» գրքում տեղ գտած հետևյալ խոսքերը. «Առաջին դեմքն (մեր պարագայում՝ սպան) ինքը պետք է օժտված լինի արհեստավարժությամբ, կազմակերպչական ունակություններով, բարոյական անաղարտ հատկանիշներով և, որ շատ կարևոր է, գիտելիքներով…» (էջ 264):
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կազմավորված է ռազմական կրթության այնպիսի համակարգ, որը հանդիսանալով ՀՀ կրթական համակարգի բաղկացուցիչ մաս, իրենից ներկայացնում է ռազմական, կրթական, գիտական հաստատությունների, կրթության կառավարման մարմինների, կրթական չափորոշիչների ու ծրագրերի, ինչպես նաև կրթական համապատասխան միջավայրի և կիրառվող կրթական տեխնոլոգիաների ամբողջություն, որի նպատակն է ապահովել ինչպես զինված ուժերի կիրառման, պլանավորման, կազմակերպման ու կառավարման գիտելիքների փոխանցումը, այնպես էլ համապատասխան հմտությունների և կարողությունների ձևավորումը:
2005թ. Հայաստանի Հանրապետությունը, ընդգրկվելով բարձրագույն կրթության եվրոպական գոտու երկրների շարքը, պարտավորվել է հավատարիմ մնալ Բոլոնյան գործընթացի հիմնարար սկզբունքներին:
Բոլոնյան գործընթացի դրույթների ներդրումն ու կիրառումը ռազմական բուհերի ուսումնական գործընթացի կազմակերպման գործում հիմնականում նպատակաուղղված է.
– կրեդիտների կուտակմանը և փոխանցման Եվրոպական համակարգի վրա հիմնված կրեդիտավարկանիշային համակարգի ներդրմանը,
– մոդուլային սկզբունքով ունկնդրի (կուրսանտի) գիտելիքների անընդհատ գնահատմանն ու վերահսկման համակարգի կիրառմանը,
– առարկայական ուսումնական ծրագրեր կազմելու համապատասխան կանոնակարգի և կրթության որակի կառավարման ներքին համակարգի ստեղծմանը:
ՀՀ զինված ուժերի զարգացման պլանում զետեղված պաշտպանության ռազմավարության գործընթացի մարտահրավերներից է ՀՀ տարածքում սպայի պատրաստման և որակավորման բարձրացման ամբողջական գործընթացի ապահովումը: ՀՀ զինված ուժերի կազմավորման արդի փուլում ձևավորվել է ռազմամասնագիտական բուհերի այնպիսի համակարգ, որն ապահովում է կրտսեր սպայական կազմի պետական կրթական չափորոշիչով նախատեսված «բակալավրի» մասնագիտական որակավորումը:
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի Սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնի հիմքի վրա նախատեսվում է կազմակերպել հրամանատարաշտաբային դասընթացներ, որոնք սպայական կազմին հնարավորություն կտան ստանալու բարձրագույն ռազմական կրթություն և ռազմական կառավարման «մագիստրոսի» որակավորման աստիճան:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱԿԱՆ (ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ) ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Ռազմական կրթությունը համակարգված հիմնարար և հատուկ ռազմական գիտելիքների համախումբ է: Այն ունկնդրին (կուրսանտին) ուսուցանելու համար բարձրագույն ռազմական (ռազմամասնագիտական) հաստատություններից պահանջում է ունենալ ոչ միայն կառավարման կայացած համակարգ, մասնագիտապես և մեթոդապես բարձր պատրաստված պրոֆեսորադասախոսական կազմ, այլ նաև կրթական անհրաժեշտ մակարդակ ապահովող ուսումնամեթոդական և նյութատեխնիկական բազա:
Բարձրագույն ռազմական (ռազմամասնագիտական) հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպումն ու ղեկավարումը էականորեն չեն տարբերվում քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա գործընթացից, սակայն ունեն իրենց առանձնահատկությունները:
Կրթության որակի չափանիշների քննարկմամբ փորձենք ներկայացնել բարձրագույն ռազմական (ռազմամասնագիտական) կրթություն ապահովող հաստատությունների կրթական գործընթացների առանձնահատկությունները:
Կրթության որակը, որպես կանոն, պայմանավորում են հետեւյալ չափանիշները՝
1. համապատասխան կրթական ծրագրեր,
2. դասավանդում,
3. գիտամանկավարժական կադրեր,
4. ուսումնական-նյութատեխնիկական բազա,
5. դիմորդներ,
6. կառավարում,
7. նորարարական աշխատանքներ և արդյունավետ հետազոտություններ:
ԽԱՉԱՏՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
գնդապետ