ԵՎ ԲԱՑՎԵՑԻՆ ԳՈՑՎԱԾ ԴԱՐՊԱՍՆԵՐՆ ԱՐՑԱԽԻ
Ազգովի տոնեցինք պատմական ևս մի հաղթանակ՝ Բերձորի (Լաչին) ազատագրման օրը: Հայոց 2 հատվածների՝ Մայր Հայաստանի և Արցախ աշխարհի միջև երկար ժամանակ արգելք ու չարիք հանդիսացող Լաչինը 1988 թվականից դարձավ գոցված դարպաս: Իսկ մեր ժողովրդի երազանքը՝ Արցախ-Մայր հայրենիք ՄԻԱՑՈՒՄԸ միայն այդ գոցված դարպասների բացումն էր բերդաքաղաք Շուշիի ազատագրումից հետո: Վերջապես կայացավ միացումը. կյանքի ճանապարհով սկսվեց երթևեկը: Լաչինը դարձավ Բերձոր, շրջանը Քաշաթաղ՝ ներառյալ Կովսական, Քաշունիք, Բարկուշատ և այլ պատմական գավառներ: Այսօր շրջանում բնակվում է մոտ 10000 բնակիչ, այդ թվում՝ սիրիահայեր: Բերձոր քաղաքում գործում են 2 հանրակրթական, երաժշտական, արվեստի և սպորտի դպրոցներ, մանկապարտեզ, ժողգործիքների համույթ, գրադարան, երկրագիտական թանգարան՝ պատկերասրահով ու փառքի սրահով, շրջանային թերթ «Մերան», գիշերօթիկ հաստատություն, բուժմիավորում, այլ կառույցներ:
Մայիսի 18-ի առավոտյան արդեն բազմամարդ էր քաղաքի Խաղաղության հրապարակը, որտեղից մի ճանապարհը ձգվում է Երևան, մյուսը՝ Ստեփանակերտ, իսկ երկուսն էլ՝ հյուսիս՝ Քարվաճառ, և հարավ՝ Կովսական: Եվ բոլոր ճանապարհներով գալիս էին հյուրեր, Քաշաթաղի համայնքների բնակիչներ՝ մասնակցելու համազգային տոնին: Ստեփանակերտից արդեն ժամանել էին կառավարության ու Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ազատամարտի մասնակիցներ, զինվորականներ, լրագրողներ: Մեծ թվով հյուրեր ժամանեցին նաև Երևանից, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից: Հրապարակում են Բերձորի և տարբեր համայնքների բնակիչներ, դպրոցների աշակերտներ ու ուսուցիչներ, հյուրեր Սփյուռքից: Զինվորական նվագախմբի հնչեցրած տոնական երաժշտության հնչյունների տակ հարյուրավոր մանուկներ գունավոր ժապավեններ ու փուչիկներ են ծածանում: Աղ ու հացով դիմավորում ենք Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Պաշտպանության բանակի պատվոպահակախմբի հրամանատարը երկրի ղեկավարին զեկուցում է տոնախմբությանը պատրաստ լինելու մասին: Հրապարակի հարևանությամբ՝ բլրակի վրա, գտնվում է Արցախյան գոյամարտում նահատակված հերոսների հուշահամալիրը, որի խոնարհված 3 պատերի վրա շրջանում զոհված 300-ից ավելի ազատամարտիկների անուններն են քանդակված: Եվ սկսվում է վերելքը դեպի հուշահամալիր, որտեղ կատարվում է ծաղկեպսակների տեղադրում ու ծաղիկների խոնարհում նահատակների հիշատակին:
Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, շնորհավորելով Բերձորի ազատագրման 21-ամյակի առթիվ, իր խոսքում կարևորեց Բերձորի ազատագրումը՝ որպես կյանքի ճանապարհ, այնուհետև անդրադարձավ շրջանի այսօրվան, երկրի իշխանությունների օժանդակությանը Քաշաթաղի տնտեսության և մշակույթի զարգացման գործում: Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, խոսելով օրվա կարևորության մասին, ասաց.
-Այսօր այստեղ ենք ոչ միայն ոգեկոչելու ու հիշելու, թե ինչ սխրագործություն կատարեցին նահատակ ու ողջ մնացած հերոսները, այլեւ մեկ անգամ եւս փաստելու, որ հավերժ կամրջվեցին մեր Հայրենիքի, մեր ժողովրդի 2 հատվածները: Այստեղ ենք նաև որպես ուխտյալներ. յուրաքանչյուր հայ Քաշաթաղում Մասիս սար է, որ զորացնում է վերստին հայացած երկիրը: Այլևս մեր երկիրը ուրիշի չենք տա: Դրա համար անհրաժեշտ է, որ աշխատենք, սիրենք քաջերի արյունով շաղախված մեր հողը, լինենք միասնական:
Քաշաթաղի շրջանի զարգացման գործում ունեցած ավանդի համար ԼՂՀ նախագահի կողմից պարգևների և արժեքավոր նվերների արժանացան մի խումբ բնակիչներ: Բակո Սահակյանն իր ելույթում կարևորեց Քաշաթաղի դերը՝ նշելով, որ ԼՂՀ իշխանությունները ցուցաբերում են ամեն տեսակի աջակցություն Քաշաթաղի առաջընթացի համար:
Հանդիսավոր մասից հետո ԼՂՀ նախագահն ու նրա ուղեկիցները ծանոթացան հուշահամալիրում բացված գեղանկարների, լուսանկարների ու ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին, որը կազմակերպել էին Բերձորի արվեստի և սպորտի դպրոցը, Բերձորի պետական մանկապարտեզը և տողերիս հեղինակը (լուսանկարներ): Նախագահ Բակո Սահակյանը լուսանկարվեց Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի աշխատակիցների և սաների հետ: Այնուհետև Քաշաթաղի շրջանի Գողթանիկ համայնքի բնակիչ Սերգեյ Պողոսյանի բազմազավակ ընտանիքին (15 երեխա) նվիրեց ավտոմեքենա:
Միջոցառումն ավարտվեց Բերձորի երկրագիտական թանգարան այցելելով: Մայիսի 18-ը թանգարանների օրն է, ուստի և կազմակերպվել էր շրջանի Կերեն գյուղի մոտակա հնավայրից հայտնաբերված իրերի ցուցադրություն, որոնք 5000 տարվա վաղեմություն ունեն: Տեղի ունեցավ նաև տոնական ճաշկերույթ, ապա և համերգ Բերձորի Վեհափառի հրապարակում ու Հակարի գետի ափին:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Բերձոր