Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԳՈՆ ԵՂԵՔ…



Բերդաձորցի Առնոն կդառնար 60 տարեկան, ապրիլի 25-ին նրա հայրենի Հին Շեն գյուղում տոնականորեն նշվեց հերոսի ծննդյան օրը՝ իր երկնային ներկայությամբ: Մայր հայրենիքից բաժանված Արցախը երկար տարիներ գոյատևեց անձնուրաց ու հայրենասեր որդիների շնորհիվ: Նման հայորդիներից էր Առնո Միքայելի Մկրտչյանը, որ ծնվել էր Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն գյուղում, մանկավարժի ընտանիքում: Դեռևս ուսանողական տարիներին նա իր հայրենասեր ընկերների հետ Հայոց եռագույնն էր բարձրացրել Գորիսի շրջկոմի շենքի վրա եւ երկար ժամանակ հալածանքների ենթարկվել ՊԱԿ-ի կողմից: Բարձրագույն կրթություն ստանալուց և խորհրդային բանակում ծառայելուց հետո վերադարձել էր հայրենի գյուղ, աշխատել հարազատ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ: Իր սաներին, բացի բնագիտական գիտելիքներից, շատ ավելի հայրենասիրության ու ազատ մտածելու դասեր էր տվել:

1982 թվականին, ընտանիք կազմելուց հետո, Առնոն տեղափոխվում է Ստեփանակերտ, աշխատում պատանի տեխնիկների ակումբում, ապա մանկավարժական ինստիտուտում: 1988 թվականին, երբ սկսվում է Արցախյան շարժումը, նորից տեղափոխվում է հայրենի գյուղ՝ կազմակերպելու Բերդաձորի ինքնապաշտպանությունը: Նա քաջ գիտեր՝ հակառակորդը շուտով ձեռնարկելու է տարածքի հայաթափման գործընթացը:

Անդրանիկ Հարությունյանի հետ ենթաշրջանի գյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծում է Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդը (ԲԻԽ): Սկսվում է հայրենի եզերքը պաշտպանելու սրբազան գործընթացը: Մինչև 1991 թվականի մայիսի կեսերը հերոս հրամանատարն իր քաջերի հետ պահեց հայրենի եզերքը, սակայն նույն ժամանակ իբր խորհրդային խաղաղապահ բանակը, փոխանակ պաշտպան կանգնելու հայ բնակչությանը, ադրբեջանական օմօնի հետ Հյուսիսային Արցախում իրականացրեց «Օղակ» գործողությունը:

Մտնելով Մեծ Շեն՝ առաջինը Առնոյին պահանջեցին՝ սպառնալով կոտորել բնակչությանն ու նրա մարտական ընկերներին: Ու ձերբակալվում են Առնոն, ենթաշրջանի բոլոր տղամարդիկ: Սկզբում՝ Լաչին, ապա՝ Բաքու: Նա և 4 մարտական ընկերները Բաքվում դատապարտվում են գնդակահարության, սակայն նա և եղծահողցի Հրաչ Պետրոսյանը տանջամահ են արվում, իսկ 3 տղաները 1996 թվականին ազատվում են գերությունից և վերադառնում տուն: Ըստ նրանց տեղեկության՝ Առնոն վախճանվել է 1993 թվականի հոկտեմբերին, իրենց ձեռքերի վրա: Հաջողվեց նրա աճյունը տեղափոխել և ամփոփել հայրենի գյուղի գերեզմանոցում: 1998 թվականին պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով:

♦♦♦

Հերոսի ծննդյան 60-ամյակի տոնախմբությունը կազմակերպել էր եղբայրը՝ Արմոն, ներկա էին կինը՝ Ալվարդը, չորս դուստրերը, հարազատներ, մարտական ընկերներ, Շուշի շրջվարչակազմի ներկայացուցիչներ: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը, հյուրեր: Ներկաները խոնարհվեցին հերոսի, նրա եղբայր ու մարտական ընկեր Արտաշեսի և ծնողների շիրիմներին: Այնուհետև գյուղի ակումբում կայացավ հանդիսավոր մասը, որը բացեց համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը: Հին Շենի` Առնո Մկրտչյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Կարեն Բարսեղյանը խոսեց հերոսի մասին՝ ներկայացրեց կենսագրականը: Ասաց նաև, որ ենթաշրջանի պաշտպանության տարիներին Առնոն, բացի հրամանատար լինելուց, եղել է նաև զինագործ, զենքեր է հնարել: Շուշիի Խ. Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Նազիկ Նալբանդյանն ասաց, որ բախտ է ունեցել աշխատելու Առնոյի հետ, որի համար հայրենիքը վեր էր ամեն ինչից, որ նա Մեծն Նժդեհի գաղափարակիրն էր, ցավոք, չտեսավ իր երազած ազատ հայրենիքը: Հերոսի այրին՝ Ալվարդը, հուզմունքից չկարողացավ երկար խոսել, սակայն ասաց, որ հպարտ է այսօրվա համար:

-Առնոն, բացի հայրենասեր լինելուց, լավ հայր էր ու ամուսին,- ասաց տիկին Ալվարդը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին ամուսնու հիշատակը հարգելու համար:

Հոր մասին հպարտությամբ խոսեց նաև Աստղիկ դուստրը.

-Ես դուստրն եմ մի մարդու, ով չխնայեց իր կյանքը հանուն Արցախի:

Առնոյի եղբայրը՝ Արմո Մկրտչյանն ասաց.

-Ինձ համար դժվար է խոսել հերոսի մասին, որը իմ հարազատ եղբայրն է: Նրա հետ երկար ճանապարհ եմ անցել, նաև՝ որպես մարտական ընկեր ու զինակից: Նա ժամանակից դուրս էր և պատվով կրեց իր խաչը:

♦♦♦

Մաթեմատիկայի ուսուցիչ Նարեկ Բարսեղյանի ուղեկցությամբ՝ Արցախի հանրային հեռուստատեսության նկարահանող խմբի հետ այցելեցի Առնո Մկրտչյանի անվան հիմնական դպրոց, որտեղ այսօր սովորում է ընդամենը 11 աշակերտ, աշխատում 6 ուսուցիչ: Իհարկե, ցավալի է, որ հերոսի անվան դպրոցում աշակերտների թիվը 3 անգամ քիչ է, քան 1989-90 թվականներին: Այնուամենայնիվ, կարևորն այն է, որ այս 11 աշակերտների գլխին կախված չէ բնաջնջման վտանգը: Նորոգված դպրոցի միջանցքի պատին գյուղի բոլոր 19 նահատակ-ազատամարտիկների լուսանկարներն են՝ համառոտ կենսագրականներով: Հարազատ անուններ, որոնց հետ հսկել ենք գյուղի դիրքերում, 92-ի մարտ-ապրիլ ամիսներին Ավետարանոցում սպասել հրամանի, որ ազատագրենք Բերդաձորը, Շուշին: Երեկոյան կողմ հրաժեշտ ենք տալիս Հին Շենին, որտեղ 1989-90 թվականներին բազում փորձություններ տեսանք: Հիշում եմ՝ մայրամուտին դիրքեր էինք բարձրանում՝ կրկին ու կրկին լսելով Առնոյի հորդորներն ու հրամանը՝ զգոն եղեք, տղե՛րք…:

Զ. ԸՌՔՈՅԱՆ
ԲԻԽ-ի կամավոր

Խորագիր՝ #21 (988) 30.05.2013 – 5.06.2013, Ճակատագրեր


30/05/2013