ԶԻՆՎՈՐԱԳՐՎԱԾ Է ՀԱՅՐԵՆԻՔԻՆ
Մայոր Վարուժան Ալեքսանյանը 21 տարի ծառայում է առաջնագծում
Զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Վ.Ալեքսանյանն իր գործը սիրով կատարող, գործին նվիրված, հանձնարարությունները ժամանակին և բարեխիղճ կատարող սպա է: Զորամասում նրա մասին գովեստով են խոսում թե՛ սպաները, թե՛ զինվորները:
Ծնվել է Արարատ քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտելը համընկավ հայոց բանակի կազմավորման հետ, և Վարուժանը դարձավ մեր նորաստեղծ բանակի առաջին զինվորներից: Մինչ զորակոչվելը պատանին արդեն ծանոթ էր սահմաններում կատարվող իրադարձություններին: Իրենից ավագների հետ եղել էր Երասխում: Ճիշտ է` թույլ չէին տվել մասնակցելու առաջին գծում ընթացող կռիվներին, սակայն ընկերների հետ հեռվում պատրաստ կանգնած հետևում էին մարտի ընթացքին: «Ես այդ ժամանակ հասկացա, թե որքան անհրաժեշտ են մասնագիտական պատրաստվածությունը, զինվորական գիտելիքները, որովհետև Երասխում կռվողները հիմնականում ֆիդայիներ էին` ոգին տեղը, սակայն պատահում էր` մի չնչին բանի չիմացության պատճառով մի կյանք էր ընդհատվում»,- վերհիշում է նա:
Զորակոչվելով հայոց բանակ (1992թ. ապրիլի 27-ին)` հենց զորամասի ուսումնական կենտրոնում ձեռք բերեց օպերատորի մասնագիտություն: Մինչ այժմ սիրով է հիշում իր ուսուցիչ, այն ժամանակ ավագ լեյտենանտ, այժմ գնդապետ Արտավազդ Յաղմուրյանին, որը կարճ ժամանակում կարողանում էր պատրաստել հմուտ մասնագետներ:
«Մինչ ծառայության ավարտը մասնակցեցի Կապանի, Շուռնուխի մարտերին: Իմ զինվոր ընկերներից զոհվեցին արտաշատցի Մակիչն ու կապանցի Բադալը: Ու ծառայության ավարտից (1993թ. դեկտեմբերի 28-ին) երեք ամիս անց` 1994-ի մարտին, երբ զորամասի այն ժամանակվա հրամանատար գնդապետ Հ.Ազոյանը ինձ հետ կանչեց ծառայության, ես նորից սկսեցի իմ ծառայությունը` արդեն որպես մասնագետ-սպա», – վերհիշում է Վարուժան Ալեքսանյանը:
Եղել է ինժեներասակրավորային վաշտի տեխնիկ, այնուհետև վերապատրաստման դասընթացներ անցնելով` ձեռք է բերել սակրավորի մասնագիտություն: 1996թ. տեղափոխվել է սահմանային մեկ այլ զորամաս և նշանակվել ինժեներական ծառայության պետ: Նշանակվել է տարբեր պաշտոնների` ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, ինժեներական ծառայության պետ` այդ ընթացքում վերապատրաստման դասընթացներ անցնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Մայոր Վարուժան Ալեքսանյանը միշտ պատվով է կատարել իր առջև դրված խնդիրները: Պարգևատրվել է «1992-94թթ. մարտական գործողությունների մասնակից», ինչպես նաև «Մարտական ծառայության» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով: 1998-ին սահմանային հատվածը ականազերծելու ժամանակ ականի պայթյունից ծնկից ներքև կտրվեց նրա աջ ոտքը: «Արդեն 14 տարի նա մարտական ծառայություն է կատարում հաշմված ոտքով և ոչ մի անգամ չի դժգոհել, չի թերացել իր գործում»,- ասում են զորամասի սպաները: «Հաշմանդամության կարգ չունեմ, անկեղծ ասած, չեմ էլ ուզում: Ուզում եմ ծառայել»- ասում է Վարուժանն ու թվարկում իրենց ծառայության կատարած աշխատանքները` ճակատային գծի տասնյակ կիլոմետրերի կարգավորում, ճաշարան սարի գագաթին, փակ դիտակետեր, հակատանկային զինամթերքների նկուղ-պահեստներ, դիվերսիոն հետախուզական խմբերի դեմ պայքարի համար շրջանաձև պաշտպանության կառույցներ, ականապատում և այլ աշխատանքներ: Դիրքեր տանող ճանապարհները մշտապես մաքրված են, բաց: «Աշխատում ենք գիշեր, թե ցերեկ. մինչև առաջադրանքները չկատարենք, չենք իջնի դիրքերից,- ասում է նա: – Չէ՞ որ մեր նախարարն այս տարվա ուղերձում ընդգծել է` մարտական հերթապահության լիարժեք ապահովումը կախված է ինժեներական ապահովումից, որն անհրաժեշտ է մարտի բոլոր տեսակների համար»:
Ի դեպ, թեպետ Վ.Ալեքսանյանի ոտքը հաշմված է, նա վարում է տեխնիկայի բոլոր տեսակները` ցանկացած պայմաններում:
Մայոր Վարուժան Ալեքսանյանը թվարկում է ինժեներական ծառայության լավագույն զինծառայողներին. ավագ լեյտենանտ Հովհաննես Սիմոնյան («Հմուտ սակրավոր է»), վաշտի հրամանատար կապիտան Արամ Գասպարյան, զինվորներից Արմենը,Հրանտը: «Գոհ եմ ուսումնական զորամասերում վերապատրաստված մասնագետների արհեստավարժության մակարդակից»,- նշում է ծառայության պետը:
Մայոր Վարուժան Ալեքսանյանին տեղացիները նաև կատակով «Սիսիանի փեսա» են ասում: Կինը` Նազելին, Սիսիանից է, մանկավարժ, թիվ 4 դպրոցում է դասավանդում: Ունեն երեք երեխա, ապրում են վարձով: Վարձավճարը ստանում է նախարարությունից: Մինչև 2002թ. հերթագրված է եղել բնակարանի համար, սակայն, երբ այլ զորամասում 11 տարի ծառայելուց հետո տեղափոխվել է այս զորամաս, հետաքրքրվել է ու պարզել, որ «փաստաթղթերը կորել են»: Այդպես մինչ օրս: (Այն դեպքում, երբ Արարատի իրենց հայրական 2 սենյականոց բնակարանում իր հետ գրանցված են նաև ծնողները, եղբայրը` կնոջ ու երկու երեխաների հետ, քույրը):
Երբ խոսում էինք բնակարանի համար հերթագրման, հաշմանդամության կարգ ստանալու մասին, նա մեղմ ժպիտով ասաց.
-Ես ուզում եմ ծառայել: Չեք պատկերացնում, երբ բարձրանում ես հայրենի սահմանները և այնտեղից նայում քո երկրին, ինչ ապրումներ ես ունենում, ինչ ներքին ուժ ես ստանում:
Արդեն 21 տարի առաջնագծում ծառայող, հայոց նոր կազմավորված բանակի առաջին զինվորներից մեկը, որը հասել է մինչև ծառայության պետի աստիճանի, կոչումով մայոր Վարուժան Կարապետի Ալեքսանյանը մեր բանակի նվիրյալներից է. հայրենիքի շահը վեր է դասում ամեն ինչից, նույնիսկ իր անձնական կյանքից:
Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր