19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԻ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԶԻՆԱՏԱՐ ԽՄԲԵՐԸ
Նա նախկինում, իսկ այժմ ավելի հաստատապես, կողմնակից չէր Երկիր առաքվող խմբերին և իր անհաջողությունից հետո կրկին համոզում է «Շամ» Կենտ. կոմիտեի ընկերներին՝ չդիմել նման անօգտակար քայլի: Հակառակ փորձառու ռազմիկի կարծիքի՝ Թավրիզի ՀՅԴ «Վրեժ» կենտր. կոմիտեն որոշում է Սասուն ուղարկել զինատար ևս մի խումբ: Ավելի քան տարօրինակ և չկշռադատված կարող է թվալ այդ որոշումը: Որքանով էր նպատակահարմար զինախումբ ուղարկել Երկիր այն ամենից հետո, երբ անհաջողության էին մատնվել ու մեծ կորուստներ կրել ավելի մեծ թվակազմ ունեցող հայդուկային խմբերը: Թավրիզի (Վրեժ) կենտր. կոմիտեի պատճառաբանությամբ իրենց կողմից համանման որոշում կայացնելը պայմանավորված էր Վանի (Շամ) կենտրոնական կոմիտեի պահանջով:
ՀՅԴ Վանի (Շամ) կենտր. կոմիտեի պահանջով Սալմաստում կազմավորվում է զինատար նոր խումբ, որի խմբապետն է նշանակվում Փոխիկը (Օհան Օհանյան): Խմբապետ Փոխիկը ֆիդայիների ավագագույն սերնդից է, մասնակցել էր Դերիկի կռիվներին, իսկ Խանասորի արշավանքի ժամանակ գլխավորել էր արշավախմբի երկու հարյուրյակներից մեկը: Ի դեպ, Փոխիկին շաբաթներ առաջ Դումանը մերժել էր ընդգրկել իր զինախմբի կազմում՝ պատճառաբանելով «…թէ քեզպէսներ շատ կան Երկրին մէջ, դուք անպետք էք…»: Փոխիկի՝ «Ճապոն» անվանումը կրող հեծյալ զինախմբի կազմում ընդգրկվում են ընդամենը 15 հայդուկներ, որոնք Սալմաստում էին գտնվում դեռևս Խանասորի արշավանքի նախօրեին և արդեն հասցրել էին մասնակցել մարտական մի շարք մարտական գործողությունների: Փոխիկի գլխավորած «Ճապոն» հեծյալ զինախումբը հոկտեմբերի 13-ին դուրս է գալիս Սալմաստից և ուղևորվում Երկիր: Զինախումբը, բացի իրենց պատկանող զենքերից, Երկիր պիտի հասցներ 19 մոսին հրացան և 13969 փամփուշտ:
Ի՞նչպես կարող էին ընդամենը 15 հայդուկներ դիմակայել թուրքական կանոնավոր զորավաշտերի և քուրդ զինյալների հարձակումներին: Չնայած անելանելի կացությանը, հայդուկները վճռում են կռվել մինչև վերջին հնարավորությունը: Մինչև երեկո հայդուկները կարողանում են պաշտպանվել, բայց թուրք զինվորներին ու քրդերին ի վերջո հաջողվում է ներխուժել զինախմբի պաշտպանական դիրքերը: ՀՅԴ Վանի կենտր. կոմիտեի պահանջով Երկիր ուղևորված խմբապետ Փոխիկի գլխավորած զինախմբի հայդուկները, թեև մարտում դրսևորած հերոսականությանը, նահատակվում են՝ բախվելով թուրք կանոնավոր զորքերին ու քուրդ աշիրեթներին: Կռվում նահատակվում են զինախմբի բոլոր 15 անդամները, իսկ թշնամու կորուստներն էին 37 սպանված և 18 վիրավոր:
«ՈՐՍԿԱՆ» ՄԱՐՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ԹՈՐԳՈՄ ՄՐՐԻԿ
Սասուն մեկնող հաջորդ մարտական խումբը Թորգոմի գլխավորած «Որսկան» անունը կրող մարտախումբն էր: Թեպետ Սասուն ուղևորվող մարտական ուժերը ջախջախվում էին, բախվելով ռուս սահմանապահ զորամասերին, թուրքական կանոնավոր զորքերին ու քրդական հրոսակախմբերին, այնուամենայնիվ ՀՅԴ Արևելյան Բյուրոն և Կարսի (Ջրաբերդ) կենտր. կոմիտեն, առաջնորդվելով Ընդհանուր Ժողովի որոշումներով, կազմավորում են հերթական մարտական խումբը (Որսկան) և, մեծ հավատ ընծայելով Թորգոմի փորձառությանն ու ռազմագիտական կարողությանը, մարտախմբի հրամանատարությունը հայ ազատագրական պայքարի բազմափորձ ու հանրահայտ ռազմիկի՝ Որսորդ Գևորգի զինակցությամբ, վստահում են նրան: Այդ նույն ժամանակահատվածում, երբ «Որսկան» հայդուկային խումբը կազմ ու պատրաստ սպասում էր Երկիր ուղևորվելու հրահանգին, ապստամբությունը Սասունում արդեն տապալվել էր:Ինչպես նախորդ, Երկաթի ու Վաղարշակի մարտախմբերի, այնպես էլ «Որսկանի» պարագայում ՀՅԴ Ջրաբերդի կենտր. կոմիտեի և մարտախմբերի կազմակեպիչների դիրքորոշումը դարձյալ անբացատրելի է: Որոշվում է անցնել սահմանն ու մեկնել Սասուն: Ուշագրավ է «Որսկան» մարտախմբի կազմը, որում ընդգրկված էին սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչներ, մտավորականներ՝ ուսանող, բժիշկ, քահանա, հարուստ ընտանիքների զավակներ և այլք: Հայդուկային խմբում ընդգրկված մարտիկների կազմում էր նաև նշանավոր Պադվալի Վաղոն, որն ընտրվում է որպես տասնապետի օգնական: «-Հերիք է, ախպե՛ր, ինչքան ուրիշներին զենք տամ և ուղարկեմ մեռնելու: Հիմի էլ սըրէն (հերթը) ընձի է հասէ»: Մարտախմբի անդամները հունիսի 30-ի երեկոյան հավաքվում են Օլթիի շրջանի գյուղերից մեկում և տեղավորվում նախապես որոշված երեք մարագներում:
Մարտախումբը հուլիսի 1-ին` գիշերով, անցնում է ռուս-թուրքական սահմանը և լուսաբացին բարձրանում հայկական գյուղերից մեկի՝ Զարդանիսի մերձակա աղբյուրը: Նկատի ունենալով խմբի անդամների հոգնածությունը՝ Թորգոմը կարգադրում է. «… աղբիւրից էլ բարձրանանք 100-150 քայլ եւ նստենք հանգստանալու, առանց զինաթափ լինելու…»: Այդ պահին «… չորս հատ մագլցող ռուս սահմանապահ զինւորներ պատահմամբ, թէ փայտ կտրելու նպատակով, գալիս են աղբիւրի մօտ ջուր խմելու եւ նկատում են քնած զինւորներին»: Ռուս զինվորներից մեկը, թռցնելով քնածներից մեկի պայուսակը, շտապում է ռուս սահմանապահների պահականոց և հայդուկների ներկայության մասին հայտնում է սահմանապահների հրամանատարին, որն էլ անմիջապես ոտքի է հանում պահականոցում տեղակայված 150 զինվորներին և շարժվում զինվորի մատնանշած ուղղությամբ:
Շարունակելի
ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ
պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
ԹՈՐԳՈՄԻ ՈՐՍԿԱՆ ԽՈՒՄԲԸ
Խորագիր՝ #21 (988) 30.05.2013 – 5.06.2013, Պատմության էջերից